Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հրաժարվել ինտրիգային գործելաոճից»

Դեկտեմբեր 10,2011 13:03

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը համոզված է, որ այսօր քաղաքական դաշտը ինտրիգների մեջ է:

– Առայժմ ոչ մի քաղաքական ուժ կոնկրետ չի հայտարարում այս կամ այն ձեւաչափով ընտրություններին մասնակցելու մասին, իսկ Դաշնակցությունը արդեն ունի՞ որոշում, թե ինչպես է գնալու ընտրությունների:

– Դժբախտաբար, Հայաստանում քաղաքական մշակույթը դեռեւս այն մակարդակի վրա չէ, որ քաղաքական ուժերը սկսեն աշխատել ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ դրանից շատ առաջ, քանի որ ի վերջո, եթե քաղաքական ուժը ունի նպատակ, ծրագիր, ժողովրդի համար աշխատելու ձգտում, պետք է աշխատի ընտրություններից շատ առաջ եւ ոչ միայն նախընտրական փուլում: Դժբախտաբար, քաղաքական ուժերի մեծ մասը միայն այդ շրջանում է սկսում աշխատել: Սա շատ վտանգավոր է հենց երկրի զարգացման համար: Ավելին, կան քաղաքական ուժեր, որոնց անունները հայտնվում են միայն նախընտրական շրջանում, հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվում են կուսակցություններ, որոնք մինչ ընտրություններ չկային: Գուցե հենց սա է պատճառը, որ մեր ժողովուրդը մի տեսակ չի վստահում քաղաքական ուժերին, նույնիսկ ավելին ասեմ, որը շատ տարօրինակ է. երբեմն անձերի վստահում են, դեմքերի վստահում են, բայց քաղաքական ուժերին՝ ոչ: Ես պետք է Դաշնակցության գործունեությանը նայեմ առանձին դաշտի մեջ, քանի որ մենք մեր բոլոր այն ծրագրերը, նպատակները, որոնք քննարկել եւ ընդունել ենք մեր տարբեր ժողովների ընթացքում՝ լինեն ընդհանուր, թե գերագույն, մշտապես ենք պահում ուշադրության կենտրոնում: Հենց սրանով Դաշնակցությունը շատ է տարբերվում մնացած քաղաքական ուժերից, եւ, ինչու չէ, պետք է ասեմ, որ շատ ավելի ակտիվանում ենք նախընտրական շրջանում, ինչը բնական է: Այո, մենք պատրաստվում ենք ընտրությունների, շատ ենք կարեւորում Ազգային ժողովի ընտրությունները, եւ առայժմ մեր որոշումը ընտրությունների առանձին գնալն է, բայց սա չի նշանակում, որ մենք մյուս քաղաքական ուժերի հետ չենք ունենա հանդիպումներ, քննարկումներ:

– Ձեր պատգամավորական գործունեության ընթացքում մի շարք օրինագծերի հեղինակ դարձաք, որոնք ավելի շատ առնչվում են սոցիալական, կրթական հարցերի, սակայն գաղտնիք չէ, որ այս կամ այն օրենքը գրեթե ազդեցություն չի ունենում մարդկանց բարեկեցության վրա:

– Ես առանձին հեղինակել եմ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, բայց պիտի ասեմ, որ դա նույնպես մեր համակողմանի աշխատանքի արդյունքն է, մեր բոլոր մտահղացումները քննարկում ենք խմբակցությունում, եւ դրանք դառնում են օրինագծեր տարբեր պատգամավորների կողմից: Ինքս միշտ կարեւորել եմ մարզերի համաչափ զարգացումը. դա իրոք լուրջ խնդիր է: Եթե իշխանությունները վերջին տարիներին են փորձում սրան ուշադրություն դարձնել, Դաշնակցության համար դա տարիներ շարունակ եղել է մշտական խնդիր: «Կրթության մասին» օրենքում իմ առաջարկած փոփոխությունը հնարավորություն տվեց, որ սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջանների շրջանավարտները ստանան անվճար կրթության իրավունք՝ պայմանով, որ ուսումն ավարտելուց հետո վերադառնան իրենց բնակավայրեր եւ աշխատեն այնտեղ: Սա ընդունվեց եւ արդեն ՀՀ նախագահի հրամանագրով գործողության մեջ է մտել: Կարծում եմ՝ սա մի փոքրիկ խթան էր այդ բնակավայրում ապրող այն ընտանիքների համար, ովքեր իրենց երեխաներին կրթության տալու համար բավարար միջոցներ չունեն: Այժմ շրջանառության մեջ է նույն բնակավայրերի աշխատողների աշխատավարձերի մասին օրինագիծը: Այս խնդիրները Դաշնակցության համար խիստ կարեւոր են, քանի որ սահմանամերձ գյուղերը ի վերջո մեր երկրի սահմանապահներն են, եւ ընդհանրապես պետք է ձգտել գյուղի եւ քաղաքի տարբերությունները հասցնել նվազագույնի, նաեւ այդպես կկանխվի արտագաղթը:

– Ցուցակային կռիվները Ձեզ մոտ ե՞ւս արդեն սկսվել են, հասկանալի է, որ մարդիկ ձգտում են իրենց կուսակցությունների ցուցակներում հայտնվել եւ հայտնվել անցողիկ տեղերում: Ձեզ մոտ այդ հարցերը ինչպե՞ս են կարգավորվում՝ մեկ մարդու հրահանգո՞վ:

– Բարեբախտաբար, Դաշնակցությունը նաեւ դրանով է տարբերվում: Մեզ մոտ շատ խաղաղ մթնոլորտ է, ամեն մարդ զբաղված է իր աշխատանքով, քանի որ ամեն մարդ համոզված է՝ եթե ինքն արժանի է, եթե ունի արժանիքներ, ապա անպայման կնկատվի եւ կգնահատվի, ինչպես եղել է միշտ: Հարցը քննարկվում է եւ ԳՄ-ում, եւ Բյուրոյում, այնպես որ՝ բոլորի կարծիքը հաշվի է առնվում: Վերջին հաշվով ճիշտ որոշում է կայացվում: Ասեմ, որ ինտրիգը շատ է հայաստանյան քաղաքական դաշտում հենց այս օրերին՝ նախընտրական շրջանում: Բոլոր ներկուսակցական հարաբերություններն այս օրերին ավելի են ակտիվանում եւ սրվում, մարդիկ ձգտում են լուսանցքում չմնալ: Մեր քաղաքական ուժերը պետք է այս ինտրիգային գործելակերպից դուրս գան, ժողովրդի հետ շփվեն, ի վերջո՝ պետք չէ մոռանալ, որ ԱԺ պատգամավորը ժողովրդի ընտրյալն է, եւ նաեւ՝ համամասնական ցուցակը ժողովուրդն է ընտրում:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031