Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքներ. ոչ միայն այսօր, այլ ամեն օր

Դեկտեմբեր 10,2011 12:49

Այսօր մենք տոնում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրումը. հռչակագիր, որով առաջին անգամ ամրագրվեցին բոլոր մարդկանց համընդհանուր իրավունքները: Գրեթե բոլոր երկրները, աշխարհի բոլոր ծայրերում, ընդունել են այս հռչակագիրը: Մարդու իրավունքները մեր բոլորի իրավունքներն են, որով մենք համախմբվում ենք որպես համաշխարհային հանրություն: Այս տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես մեր մոլորակի միլիոնավոր բնակիչներ, վարչակազմերի ճնշող լծից հոգնած՝ միավորվել են՝ պահանջելով ավելի մեծ իրավունքներ:

Այսօր մենք նշում ենք Մարդու իրավունքների միջազգային օրը: Իսկ մարդու իրավունքները պետք է հարգվեն ամեն օր եւ ոչ թե միայն դեկտեմբերի 10-ին: Ինչպես պետքարտուղար Քլինթոնը նշեց. «Մենք հավատացած ենք, որ ամեն մի պետություն պետք է առաջնորդվի այնպիսի համընդհանուր կանոններով ու օգնի ձեւավորել այնպիսի համընդհանուր կանոններ, որոնք թույլ կտան, որ մարդիկ վայելեն ազատ ապրելու եւ հասարակության լիարժեք անդամ լինելու իրենց իրավունքը»:

Ընտրություններն ապահովում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առանցքային դրույթներից մեկը, այն է. «ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իրավազորության հիմքը»: Ինչպես գիտենք, ընտրություններին նախորդող ամիսներին տեղի ունեցող նախընտրական զարգացումները խիստ կարեւոր են ընտրական գործընթացի համար: Մամուլի ազատությունը, հանրահավաքների ազատությունը, խոսքի ազատությունը թույլ են տալիս ընտրողներին լսել բազմազան քաղաքական դիրքորոշումներ ու իրապես ներգրավվել քաղաքական բանավեճում:

Լրատվամիջոցներն ու լրագրողներն իրավունքների պաշտպանության ու արժեքների խթանման հարցում շատ կարեւոր դերակատարում ունեն: Նախընտրական ժամանակահատվածում հանրային լրատվամիջոցների հասանելիությունը էական է ոչ միայն ընտրողներին իրազեկելու, այլ նաեւ մրցակցող քաղաքական կուսակցությունների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու հարցում: 2012 եւ 2013 թվականների կարեւոր համազգային ընտրությունների հարցում լրատվամիջոցների հասանելիությունը կլինի ազատ ու արդարացի ընտրությունների կարեւոր բարոմետրը:

Նույն կերպ, արդարացի եւ անկախ դատաիրավական համակարգը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության անկյունաքար ու մարդու իրավունքների կարեւոր երաշխավոր: Առանց անկախ դատական համակարգի նույնիսկ աշխարհի ամենակատարյալ օրենքները բավարար չեն: Դատարանները պետք է պատրաստակամ լինեն օրենքը կիրառելիս ապահովել չեզոքություն: Իսկ դատավորները կվայելեն հանրային վստահություն այն դեպքում, երբ նրանք զերծ են արտաքին ազդեցություններից:

Կենսունակ քաղաքացիական հասարակությունը ազատ եւ բաց քաղաքական համակարգի հիմքն է կազմում: Քաղաքացիներին անհրաժեշտ են հասարակական կազմակերպություններ, որոնք ջատագովը կլինեն նրանց իրավունքների ու արժանապատվության պաշտպանության: Միաժամանակ, քաղաքացիական հասարակությունը պետք է պետական կառույցների հետ աշխատելու հնարավորություններ փնտրի եւ ձգտի համագործակցության ու բովանդակալի երկխոսության: Միայն այսպիսի երկխոսության միջոցով հնարավոր կլինի ձեւավորել մարդու իրավունքների ընդհանուր օրակարգ Հայաստանի համար:

Թեպետ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը համընդհանուր իդեալ է հանդիսանում, սակայն այն ավելին է, քան այն, ինչ ճիշտ է անել: Այն ձեւավորում է հասարակություններ, որտեղ ծնունդ են առնում նոր գաղափարներ ու նորամուծություններ: Այն վստահություն է ներշնչում ներդրողներին, ավելացնում է տնտեսական աճը եւ խթան հանդիսանում, որ բոլոր քաղաքացիներն աշխատեն միասին: Այստեղ՝ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, պետական կառույցներում եւ պետական կառույցներից դուրս, ովքեր նվիրված են այդ իրավունքների պաշտպանության գործին, մարդկային արժանապատվության ապահովմանը եւ այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ բոլորը կարող են իրացնել իրենց ողջ ներուժը: Նրանց նվիրումն է, որ կկերտի Հայաստանի ապագան առաջիկա տասնամյակներում:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը նախանշում է մի աշխարհ, որտեղ ապահովվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները. մի աշխարհ, որտեղ երկրներն ընդունում, գնահատում եւ պաշտպանում են մարդկային արժանապատվությունը: Ու թեեւ դեռ ճանապարհ կա անցնելու, որպեսզի այդպիսի աշխարհը դառնա իրողություն, Միացյալ Նահանգները պատրաստ է լիիրավ գործընկեր լինել այդ ճանապարհին: Եվ ոչ միայն այսօր, այլ ամեն օր:

ՋՈՆ ՀԵՖԵՐՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031