Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇՆԵՐ

Դեկտեմբեր 10,2011 12:41

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնմեկերորդ

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇՆԵՐ

Էս ասածներս բնավ չեն նշանակում թե՝ ես մշտապես խուսափում էի Սեյրանի պես բացառիկ ու հազվագյուտ զրուցակցից. ընդհակառակը. ես ներքուստ շատ էլ հպարտ էի, որ Սեյրանն ինձ նախընտրում էր հարյուրավոր այլ զրուցակիցներից եւ հատկապես իմ առաջ էր բաց անում իր մեծ ու փակ սիրտը եւ հաճախ անձամբ ինձ էր ասում էն բաները՝ որ ուրիշներին ոչ մի դեպքում չէր ասի, մանավանդ՝ ժամանակակից դաշնակցության որոշ շեղումների ու բացթողումների  վերաբերյալ, որովհետեւ ես մի պահ նաեւ «Վարուժան» մշակութային ամսաթերթի պատասխանատուն էի եւ բացառապես Սեյրանին էի պատվիրում զոհված  ազատամարտիկների  մատիտանկար դիմանկարները, որոնք պարբերաբար տպագրվում էին ամսաթերթի վերջին էջին, եւ բացարձակ աբստրակցիոնիստ Սեյրան Խաթլամաջյանն էդ դիմանկարները միանգամայն ռեալիստորեն էր կատարում, եւ բացարձակ աբստրակցիոնիստ Սեյրան Խաթլամաջյանը դաշնակցությունն ու  դաշնակցության դասականներին անվերապահորեն էր ընդունում եւ նմանապես անվերապահորեն էր ընդունում իր հայրենակից նորնախիջեւանցիներին՝ Պատկանյանին, Նալբանդյանին, Սարյանին, եւ դաշնակցության հանդեպ իր պաշտամունքը մշտապես էր եղել, մանավանդ՝ նախքան զենքի վրա իր երդում տալը, եւ եթե ասում եմ, որ թանգարանի մատույցներում խուսափում էի Սեյրանին հանդիպելուց, բնավ չի նշանակում թե՝ ես կամ որեւէ ուրիշն ընդհանրապես էինք խուսափում Սեյրանից. ավելին. շատերն էին փափագում Սեյրանի զրուցակիցը լինել, մանավանդ Շարժման ու պատերազմի էդ անանձնական տարիներին,  եւ մարդիկ Սեյրանից ու Սեյրանի անվճար ու անանձնական  էդ հոտնկայս կամ սրճարանային դասախոսություններից խուսափում ու ճողոպրում էին միայն էն դեպքերում, երբ խիստ կենցաղային որեւէ հարցով էին զբաղված լինում՝ ինչպես որ ես էի ժամը երկուսի ու երեքի կողմերը թանգարանի մատույցներում իրենից խուսափում, որովհետեւ Սեյրանի թեմաները ոչ միայն  անանձնական էին, այլեւ՝ անվերջանալի, ինչպես նաեւ՝ ազգային, ավելի ճիշտ՝ համազգային, եւ որեւէ մեկը չէր կարող  պատկերացնել, որ Սեյրանն իր անձնական հոգսերից ու խնդիրներից խոսեր, իր փող չունենալուց կամ ուրիշի ունենալուց խոսեր, իր նկարներից կամ իր ընտանիքից խոսեր:

Սեյրանի խոսակցության հիմնական թեման Հայ առաքելական եկեղեցին էր, հաջորդը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, հաջորդը՝ Միքայել Նալբանդյանը,  հաջորդը՝ Պատկանյանը, եւ հետո նոր՝ Մարտիրոս Սարյանը, որը ոչ միայն Սեյրանի վարպետն ու հոգեւոր հայրն էր, այլեւ ժամանակին Սեյրանին փառահեղ արվեստանոցի տեր էր դարձրել, եւ ահա՝ Սեյրանն Աստծո ամեն առավոտ ժամացույցի գործարանի մոտի իր բնակարանից գալիս էր իր վարպետի անունը կրող փողոցի վրա գտնվող իր արվեստանոցը, Պատկանյանից կամ Նալբանդյանից մի չուսումնասիրած էջ էր բացելով ուսումնասիրում, այնուհետեւ իր հերթական եռագույն աբստրակցիան էր արագորեն հորովմորով անում,  որպեսզի  ճիշտ ժամանակին դուրս գար քաղաք եւ համերկրացիներին Հայ առաքելական եկեղեցու, Հայ հեղափոխական  դաշնակցության, ինչպես նաեւ Պատկանյանի ու Նալբանդյանի բուն էությունը բացատրելով  մեկնաբաներ:

Համերկրացիները հիմնականում չէին խուսափում Խաթլամաջյան Սեյրանի էդ անանձնական ու անվճար դասախոսություններից՝ մանավանդ շարժումաշատ ու անանձնական էդ տարիներին, եւ եթե ես ու ոմանք երբեմն-երբեմն  խուսափում էլ էինք, ապա միայն կենցաղային ու անձնական միանգամայն հարգելի պատճառներով՝ վառարան, վառարանի փայտ, աշխատանքի կորուստ, խնայողության  ու ամեն ինչի ինֆլյացիա, հացի  ու այլ կտրոններ, հովհարային անջատումներ ու միացումներ,  աշխատավարձի  կանոնավոր ուշացումներ եւ այլն. այսինքն, Հայաստանում ու Երեւանում իսկական պատերազմական իրավիճակ էր, եւ չնայած ընդունված չէր ասել թե՝ պատերազմ է, եւ չնայած ընդունված էր ասել թե՝ պատերազմը զուտ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ է, այդուհանդերձ, իննսունականների սկզբների Հայաստանն ու Երեւանը պատերազմի իսկական թիկունք էին, եւ բոլորս էլ իսկական թիկունքայիններ էինք, եւ չնայած իսկական թիկունքայիններ էինք, ներկայի պատերազմն ու պատերազմի ներկայությունը գրեթե չէինք զգում, ավելի ճիշտ՝ չէինք գիտակցում, եւ երեւի մեր էդ չգիտակցելն էր պատճառը, որ մանկան հետաքրքրությամբ ու հետաքրքրասիրությամբ էինք կլանում անցյալի հերոսական կռիվների ու անցյալ հերոսների վերաբերյալ Խաթլամաջյան Սեյրանի դասախոսությունները:

Սեյրանը, ճիշտ է, հոգեպես ավելի անցյալինն էր, բայց տեղի ունեցող դեպքերից ու իրադարձություններից ամենեւին էլ կտրված չէր. ավելին. ութսունութի հանրահավաքներից երբեւէ չբացակայեց եւ Պարույր Հայրիկյանի պաշտպանությանը նվիրված  հանրահավաքից անմիջապես հետո Լենինի հրապարակում ձերբակալվեց եւ մի քանի ժամ կալանավայրում գտնվեց եւ կալանավայրից դուրս հանվեց միայն գիշերվա երեքի կողմերը՝ հիմնականում Հախվերդյան Ռուբոյի ու Բաղդասարյան Գագոյի ջանքերով եւ Լեւոն Հախվերդյանի ու Սոս Սարգսյանի միջնորդությամբ, եւ Սեյրանի Պարույրասիրությունը տեւեց մինչեւ զենքի վրա երդում տալը, եւ զենքի վրա երդվելուց հետո Սեյրանն ինքն էր մյուսներիս հորդորում, որ մարդկանցից կուռքեր չսարքենք,  եւ կուռքեր ասելով՝ սկզբում Պարույրին նկատի ուներ, իսկ հետագայում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մինչդեռ շատերը, էդ թվում Լեւոնն ինքն էլ մի որոշ ժամանակ իրեն՝ Սեյրանին էին կուռք դարձրել, եւ «Ղարաբաղ» կոմիտեի հերթական հանրահավաքից անմիջապես հետո անձամբ Լեւոնը հարթակից իջնելով ժողովրդի  մեջ՝ փնտրում-գտնում էր Խաթլամաջյան Սեյրանին ու սիրալիր հարցնում էր՝ «ելույթս հավանեցի՞ր, Սեյրան», եւ Սեյրանն իհարկե ներքուստ շոյվելով՝ արտաքուստ դժգոհ պատասխանում ու ասում էր՝ «ընդամենը մեկ անգամ անկախություն բառն արտասանեցիր», եւ երբ հաջորդ հանրահավաքի ժամանակ Լեւոնը հատուկ Սեյրանի համար հարթակից առանձնահատուկ առոգանությամբ մի քանի անգամ արտասանում էր անկախություն բառը, Սեյրանն ինքնագոհ ու հպարտ նայում էր մեզ, ինքնագոհ ու ինքնաբավ ժպտում ու ոչինչ չէր ասում, մինչդեռ ինքնաբավ ու փառահեղ իր ժպիտն ամեն ինչ ասում էր:

Որոշ ժամանակ անց, երբ  Լեւոնն ու «Ղարաբաղ» կոմիտեն  արդեն իշխանություն էին, եւ երբ արդեն Երրորդ հանրապետության դրոշը, օրհներգն ու զինանշանն ընդունված ու հաստատված էին, մտավորական ու քաղաքական շրջանակներում սկսեցին խոսակցություններ պտտվել առ այն, որ դաշնակցությանն  ակնհայտորեն չհամակրող Երրորդ հանրապետության առաջին նախագահը հատուկ Սեյրանի խաթեր է ընդունել Առաջին հանրապետության դրոշը, օրհներգն ու մանավանդ զինանշանը, որովհետեւ գեղանկարիչ ու աբստրակցիոնիստ Խաթլամաջյան Սեյրանը զինանշանի մրցույթին Առաջին հանրապետության զինանշանի մեկին մեկ կրկնօրինակն էր ներկայացրել, եւ եռագույնի, օրհներգի ու մանավանդ զինանշանի հետ կապված իր որոշիչ ու վճռական դերակատարությանը Սեյրանն ինքն էլ էր անմնացորդ հավատում, եւ հավանաբար էդ էր պատճառը, որ մինչեւ երկրային կյանքի իր վերջին օրերը հավատավոր ու երդվյալ դաշնակցական  Սեյրան   Խաթլամաջյանը Լեւոն Տեր-Պետրոսյան անվանն ու ազգանվանն արձագանքում էր արտաքուստ թշնամանքով, բայցեւ՝ ներքին անսքող համակրանքով:

Կռապաշտության երդվյալ թշնամի Խաթլամաջյան Սեյրանը գեղանկարչության մեջ իր անփոփոխ ու հաստատուն կուռքերն ուներ՝ Մարտիրոս Սարյան, Վասիլի Կանդինսկի ու Արշիլ Գորկի, մինչդեռ գրականության բնագավառում Նալբանդյանից ու Պատկանյանից դեսը չէր անցնում, ավելի ճիշտ՝ չէր էլ փորձում անցնել, իսկ ավելի ճշգրիտ՝ չէր էլ ցանկանում անցնել. այդուհանդերձ, մինչեւ իսկ գրականության բնագավառում շատերս Սեյրանից  սովորելու ահագին բան ունեինք, որովհետեւ ինքը, ճիշտ է, գրականությունից ընդամենը Նալբանդյան ու Պատկանյան գիտեր, բայց էդ երկուսին գիտեր խորապես, ըստ էության, ծայրեծայր ու ի խորոց սրտի: Նույն խորությամբ նաեւ դաշնակցության պատմությունը գիտեր, եւ դաշնակցության ժամանակակից լիդերներն ու երեւելիներն առիթով ու անառիթ Սեյրանին դաշնակցության անցյալից էին խոսեցնում ու հարցուփորձ անում, որպեսզի Սեյրանից իրենց իսկ կուսակցության  պատմության վերաբերյալ հայտնի ու անհայտ մանրամասներ կորզեին եւ այստեղի ու սփյուռքյան իրենց կոնֆիդենցիալ ու այլ հանդիպումների ժամանակ Սեյրանի պատմածներն իրենց իսկ անունից պատմեին ու ասեին:

Մի խոսքով,  իրեն մտավորական ու հայրենասեր եւ մանավանդ դաշնակցական երեւակայող ցանկացած մեկի համար Սեյրանը ցանկալի ու երանելի զրուցակից էր մշտապես՝ բացառությամբ էն պահերի, երբ իրեն մտավորական ու հայրենասեր եւ մանավանդ դաշնակցական երեւակայող դույնը չափազանց անձնական եւ չափազանց կենցաղային հոգսերով ու խնդիրներով էր զբաղված լինում, եւ միայն էդ դեպքերում էին էդ մարդիկ Սեյրանից  խուսափում ու վազն անցնում՝ ճիշտ այնպես, ինչպես որ ինքս էի ամեն օր կեսօրին Սեյրանից խուսափում Թումանյանի թանգարանի մատույցներում:

Ինքը որեւէ մեկից չէր խուսափում, որովհետեւ ինքն անձնական ու կենցաղային խնդիրներով չէր զբաղվում, եւ եթե նույնիսկ զբաղվում էլ էր, որեւէ մեկը նրան էդ տեսակ խնդիրներով զբաղվելիս չէր տեսել, եւ չնայած  ընտանիքի ու կենցաղային հոգսերի տեր էր, Աստծո օժանդակությամբ էդ հոգսերը մշտապես շրջանցած ու հաղթահարած ուներ, եւ չնայած իր կենցաղային հոգսերն ու խնդիրները մանավանդ պատերազմի էդ տարիներին բազում էին, ինքն իր դասական ու ազգային բարձունքներից մշտապես արհամարհած ուներ իրեն ու բոլորիս բոլորեքյան շուրջկալած էդ, ուրեմն, անձնական ու կենցաղային հոգսերն ու խնդիրները:

Ինքը որեւէ մեկից չէր խուսափում ոչ միայն էն պատճառով, որ անխտիր բոլորին էր տենչում լուսավորել, այլեւ էն պատճառով, որ մարդկանց մեջ անձնական թշնամիներ չուներ՝ վերստին անձնական խնդիրների բացակայության պատճառով, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ սիրալիր էր զրուցակիցների հանդեպ. ճիշտ հակառակը. նրա զայրույթը բռնկվում էր ցանկացած պահի,  եւ նրա ատելության սլաքն ուղղվում էր ցանկացած մեկի դեմ, եթե  էդ մեկը հանդգնում էր Պատկանյանի,  Նալբանդյանի,  Սարյանի, դաշնակցության ու մանավանդ Հայ առաքելական եկեղեցու հասցեին որեւէ թթու խոսք ասել, եւ հիմա դաշնակցության անունն ազատորեն փոքրատառով եմ գրում, որովհետեւ իննսունչորս թվականին  աբստրակցիոնիստ ու հավատավոր դաշնակցական Սեյրան Խաթլամաջյանը  հրաժեշտ տվեց երկրային կյանքին, եւ հիմա շատերն են համարձակվում էդ կուսակցության անունը փոքրատառով գրել:

Կյանքի վերջին տարիներին Սեյրանի ատելության սլաքը, չգիտես ինչու, հիմնականում ուղղված էր խոյեցիների դեմ, եւ երբ մեկին ուզում էր վատաբանել, էդ մեկին խոյեցի էր անվանում, եւ երբ ազգային նկատառումներով էր ուզում որեւէ մեկին վատաբանել, էդ մեկին հայրենասեր էր անվանում:

Հայրենասերն ու հայրենասիրությունը Սեյրանի համար ազգասերի ու ազգասիրության հականիշներն էին, եւ իր համար ազգայիններն ու ազգասերները բացառապես դաշնակցականներն էին, իսկ հայրենասերները՝ մնացած մահկանացուներս, ավելի ճիշտ՝ մահկանացուներիս վատագույն մասը, եւ երբ Սեյրանին հարցնում էի, թե ո՞րն է հայրենասերների ու ազգասերների տարբերությունը, Սեյրանը պատասխանում ու ասում էր՝ «հայրենասերներն առավոտից իրիկուն հայրենասիրությունից են խոսում, իսկ ազգասերներն ու ազգայիններն առավոտից իրիկուն ազգի համար գործ են անում» եւ ինքնագոհ ժպտալով ավելացնում էր՝ «հայրենասերների հայրենիքը Սովետն է, իսկ ազգասերներինը՝ Հայաստանը» եւ մի քիչ էլ մտածում ու ավելացնում էր՝ «ավելի ճիշտ՝ միացյա՛լ Հայաստանը», եւ իննսունականների սկզբներին, երբ Սովետն արդեն փլուզվել էր, ծիծաղելով ասում էր՝ «հայրենասերներն անհայրենիք մնացին», եւ դրանից էլ հետո՝ երբ կոմունիստներից ոմանք դաշնակցության  շարքերն ընդունվեցին, Սեյրանը սրտի կսկիծով ասում էր՝ «Սովետից պրծանք, բայց հայրենասերներից պրծում չունենք», եւ երբ խոյեցիների մասին էր խոսք բացվում, Սեյրանն ասում էր՝ «խոյեցիները բոլորն ալ խաչագողեր են» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «չնչին բացառություններով» եւ մի քիչ էլ մտածում ու ժպտալով ինձ ասում էր՝ «բայց դու վատ մի զգա. իգդիրցիք դաշնակցական դառնալով՝ իրենց բոլոր մեղքերը քավեցին», բայց բավական էր դաշնակցության հասցեին որեւէ թթու խոսք ասեի, Սեյրանն անմիջապես կբռնկվեր՝ «տո շունի՛ն մեկը, խոյեցի՛ խաչագող, մենակ դու էիր պակաս, որ Դաշնակցությանն անուն կպցնեիր»:

Մնացած բոլոր դեպքերում Սեյրանն ինձ հանդուրժում էր. ավելին. համոզելով հորդորում էր դաշնակցության շարքերն ընդունվել, եւ երբ ասում էի, որ երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել ու ոչ էլ մտադիր եմ լինել, ինքն ամեն անգամ նույն ձեւով էր հակադրվում ու պարզաբանում. «Դաշնակցությունը կուսակցություն չէ. Դաշնակցությունը Ուխտ է»:

Պատերազմի դժվարին օրերից մի օր Թումանյանի թանգարան այցելած մի ունեւոր սփյուռքահայ ինձ թախանձագին խնդրեց, որ իրեն ծանոթացնեմ Խաթլամաջյան Սեյրանի հետ, որպեսզի Սեյրանից որեւէ նկար գնի: Ես ուրախությունս մի կերպ զսպելով՝ անմիջապես Տիրան սփյուռքահային ուղեկցեցի Սեյրանի արվեստանոց, եւ բարեբախտաբար Սեյրանն արվեստանոցում էր, եւ երբ Տիրանին ու Սեյրանին ծանոթացրի, եւ երբ Սեյրանը Պատկանյանից ու Նալբանդյանից սկսելով՝ սահուն անցում կատարեց դաշնակցությանը, պատկառելի ու մեծահարուստ Տիրան  սփյուռքահայն սկսեց անհանգիստ  շնչել, եւ երբ շնչառությունը վերագտնելով ու կանոնավորելով՝ անսպասելի հայտարարեց, որ դաշնակցությունը մեր ազգի գլխին  պատուհաս ու չարիք է, Սեյրանը, նույնպես անսպասելի, մոլբերտի վրայից ճանկեց իր վերացական, շողշողուն ու եռագույն կտավն ու մինչ կմտածեր՝ ի՞մ գլխին խփի, թե՝ սփյուռքահայ Տիրանի, ես ու Տիրանը ճարպկորեն խուսափելով անխուսափելի հարվածից՝  հաջողությամբ ճողոպրեցինք, եւ  չնայած Սեյրանն ու Տիրանն էդ շողշողուն նկարի կապակցությամբ արդեն երեք հարյուր դոլարով համաձայնության էին եկել, միանգամայն հասկանալի պատճառով  առքուվաճառքը չկայացավ, եւ չնայած բարեհաջող խուսափեցինք անխուսափելի հարվածից, Սեյրանի կշտամբանքից չհաջողացրի խուսափել, եւ մինչ Տիրանի հետ կճողոպրեինք, Սեյրանն ատելությամբ ինձ նայելով գոռաց՝ «էս ո՞ւմ ես բերել, շունի՛ն մեկը», եւ ճողոպրելիս, այնուամենայնիվ, Տիրան սփյուռքահայը հեռվանց՝ շեմքի մոտից Սեյրանին հարցրեց՝ «իսկ նկարը, պարոն Խաթլամաջյան», ու էդ պահին Սեյրանը, երեւի կյանքում առաջին անգամ, երեք մատի կոմբինացիա ցույց տալով աղաղակեց. «ա՛ռը քեզ նկար, շունի՛ն մեկը»:

Թանգարանի մատույցներում ես ընդմիշտ հրաժեշտ  տվի պարոն Տիրանին, եւ ամենատարօրինակն էն էր, որ ես ոչ թե սփյուռքահայ Տիրանի առաջ էի ինձ մեղավոր զգում, այլ՝ Սեյրանի, որովհետեւ  էդ տարվա երեք հարյուր դոլարը երեք հարյուր դոլարից զրկված Սեյրանի համար մի ամբողջ տարվա կենցաղային տարաբնույթ հոգսերի դարման ու սպեղանի էր: Այդուհանդերձ, մեղքս առանձնապես չէի գիտակցում, որովհետեւ էդ պահի դրությամբ թերեւս անմեղսունակ էի, ու էդ օրվանից հետո միայն հասկացա, որ սփյուռքահայն ու դաշնակցականն, այնուամենայնիվ, տարբեր բաներ են:

Ինչ վերաբերում է չվաճառված ու շողշողուն էդ կտավին, պիտի ասեմ, որ Տիրանին ու բոլորին վերացական թվացող էդ նկարն իրականում ներառում էր տարբեր չափերի եռագույն դրոշակներ. այսինքն, իրականում Սեյրանը ոչ թե պարզապես վերացական նկարներ էր նկարում, այլ միանգամայն եռագույն պատկերներ էր ստեղծում, ու էս ասածս վերաբերում է Խաթլամաջյան Սեյրանի գրեթե բոլոր աբստրակցիաներին, եւ Վիլյամ Սարոյանի ձեռամբ Հրանտ Մաթեւոսյանին ի պահ տրված կտավում էլ եռագույն ինչ-որ պատկեր կար, եւ եռագույնն իշխում էր Սեյրանի՝ հատկապես սովետական շրջանի վերացական աշխատանքներում. այսինքն, սովետական ցենզուրայի խստագույն պայմաններում էլ էր Խաթլամաջյան Սեյրանը բոլորից թաքուն ու էդքան անթաքույց  եռագույն դրոշակներ նկարում, եւ սովետական  ցենզուրան ու բոլորս տեսնելով չէինք հասկանում, որ Խաթլամաջյան Սեյրանի աբստրակցիաները մեր իսկ եռագույնի տարբերակներն ու վարիացիաներն են, եւ էդ պարզն ու  տեսանելին չէինք տեսնում ու չէինք հասկանում, որովհետեւ չէինք պատկերացնում, որ մարդ արարածն էդ տարիներին էնքան ազատ կարող էր լինել, որ Աստծո ամեն առավոտ նստեր ու եռագույն դրոշակներ արարեր, եւ Սեյրանի էդ եռագույնները չափազանց պարզ ու չափազանց կոնկրետ լինելով՝ բոլորին չափազանց բարդ ու չափազանց  վերացական էին թվում, եւ հիմա էս վերջին մտքիս շուրջ կենտրոնանալով ու կանգառ կատարելով՝ ուզում եմ ձեզ հետ կիսվելով ասել, որ շատ հաճախ հենց ամենապարզն ու ամենահասկանալին է մարդկանց բարդ ու անհասկանալի թվում, եւ չնայած էս միտքս մի անգամ էլ եմ ասել, հիմա ուզում եմ մանրամասնելով կրկնել, որ հատկապես ամենապարզ ստեղծագործություններն են մարդիկ բարդ ու անհասկանալի համարել ու համարում. էդպես ժամանակին Մատիսն ու Սարյանն են բարդ ու անհասկանալի համարվել, մեկ այլ դեպքում՝ Կանդինսկին ու Մալեւիչը, ընդ որում՝ վերջինիս  պարզագույն «Սեւ քառակուսին», մի  ուրիշ դեպքում՝ Փարաջանովի  ֆիլմերը, որոնք երբեւէ ստեղծված ամենապարզ ու ամենահասկանալի ֆիլմերն են՝ թեկուզեւ հենց մեր «Զանգեզուր» կոչվող կինոնկարի համեմատ, որտեղ մեր փառապանծ Գարեգին Նժդեհը ներկայացված է իբրեւ խեղկատակ, եւ զարմանալի էն է, որ հանդիսատեսներիս կողմից ոչ թե էդ խեղկատակությունն է աբսուրդ ու անհասկանալի համարվել եւ համարվում, այլ՝ Փարաջանովի պարզ ու միանգամայն հասկանալի ֆիլմերը, եւ Սեյրանի աբստրակցիաներին վերադառնալով՝ պիտի ասեմ, որ դրանք էլ են միանգամայն պարզ ու հասկանալի, եւ եթե սովետական լճացման տարիներին մենք ու մանավանդ գաղափարական պատասխանատուները գլխի չէինք ընկնում, որ սովետահայ աբստրակցիոնիստ Սեյրան Խաթլամաջյանն ազատորեն եռագույն դրոշակներ է նկարում ու մեզ հրամցնում, դրանում Սեյրանը ոչ մի մեղք չուներ, որովհետեւ ոչ թե ինքն էր էդ եռագույններն անտեսանելի ներկայացնում, այլ մենք ու մանավանդ գաղափարական պատասխանատուներն էինք եռագույնից անտեղյակ, եւ եթե որոշ դիտորդներ տեղյակ էլ էին, որ աշխարհում ու Հայաստանում երբեւէ եռագույն դրոշ է գոյություն ունեցել, ի վիճակի չէին էդ դրոշը Սեյրանի աբստրակցիաներում տեսնել, որովհետեւ մարդ արարածն ընդհանրապես եւ սովետական մարդ արարածն առանձնապես ի վիճակի էր տեսնել միայն էն՝ ինչն իրենից թաքցվում ու գաղտնի էր պահվում, մինչդեռ Խաթլամաջյան Սեյրանի էդ եռագույն պատկերները չափազանց պարզ ու երեւացող էին, ես կասեի՝ երեւելի, եւ մանավանդ սովետական շրջանի իր եռագույն դրոշներն ու դրոշակներն էին երեւելի, որովհետեւ արգելված պտուղն առավել երեւելի ու առավել քաղցր է, եւ չնայած մենք Սեյրանի էդ եռագույն  պտուղները չէինք տեսնում ու չէինք ճանաչում, դրանց քաղցրությունը լավ էլ զգում էինք, եւ Տիրան սփյուռքահային վերադառնալով՝ պիտի ասեմ, որ վերջինս էլ էր Սեյրանի նկարների էդ քաղցրությունն զգում, եւ եթե Սեյրանը խոսակցությունը գեղանկարչությունից դեպի Պատկանյան ու Նալբանդյան ու դաշնակցություն չշեղեր, էդ իրիկուն ամբողջ երեք հարյուր դոլարի տեր կդառնար, բայց Սեյրանի գերզգայուն ու գերազգային նյարդերը տեղի տվին, եւ, փաստորեն, երեք հարյուր դոլարից զրկվեց, եւ ես ու սփյուռքահայ Տիրանն էլ անհարմար վիճակի մեջ հայտնվեցինք, եւ երկուսս էլ անհարմար վիճակի մեջ գտնվելով՝ թանգարանի մատույցներում անխոս ու լռելյայն հրաժեշտ տվինք իրար, եւ չնայած սփյուռքահայ  Տիրանի հանդեպ ինձ չափազանց մեղավոր էի զգում, դրանից հետո Սեյրանի հետ հանդիպելուց էի առավել խուսափում, եւ երբ մի քանի շաբաթ Սեյրանից խուսափելով՝ վերջապես համարձակվեցի այցելել իր արվեստանոց, Սեյրանն անսպասելիորեն ինձ չափազանց ջերմ ընդունեց եւ սփյուռքահայ  Տիրանի մասին ընդհանրապես  չհիշեց ու չհիշեցրեց, եւ դա իմ բախտից էր, որովհետեւ մի քանի շաբաթ Սեյրանից խուսափելով ու Սեյրանին չհանդիպելով՝ հոգեբանորեն ինձ նախապատրաստել էի էդ չափազանց տհաճ միջադեպի առթիվ Սեյրանի կշտամբանքներին, եւ երբ մի քանի շաբաթ անց համարձակվելով ներկայացա Սեյրանի արվեստանոց, եւ երբ Սեյրանն ինձ շատ ջերմ ընդունելով՝ Տիրան սփյուռքահայի մասին ընդհանրապես ոչինչ չհարցրեց, ես ներքուստ չափազանց ուրախացա, որովհետեւ մի քանի շաբաթ ինձ Սեյրանի  կշտամբանքներին նախապատրաստելով՝  միանգամայն տրամադրվել էի Սեյրանի ամենակոպիտ պարսավանքներին:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել