Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանել Մարդուն

Դեկտեմբեր 10,2011 12:20

Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, լավ առիթ է՝ խոսելու ոչ միայն Հայաստանում այդ ոլորտում ստեղծված իրավիճակի, այլեւ բուն իրավապաշտպանների եւ այդ խնդիրներով զբաղվող կառույցների մասին: Ինձ թվում է՝ մեր իրավապաշտպանների գլխավոր խնդիրը չափից դուրս քաղաքականացված լինելն է. մեծ մասամբ նրանք «ընդդիմադիր» են, չնայած կան նաեւ «իշխանամետներ», սակայն այդ մակդիրները իրավապաշտպանների (ինչպես նաեւ, ի դեպ, ԶԼՄ-ների) նկատմամբ կիրառելը նոնսենս է. նրանց շահառուն պետք է լինի Մարդը, ոչ թե այս կամ այն կուսակցականը:

Իրավապաշտպանները, որպես կանոն, իրենց հայտարարություններն անում են հասարակական հնչեղ խնդիրների շուրջ, քանի որ այդպիսով ավելի հեշտ է դիվիդենդներ շահել եւ մարդու իրավունքների քաջարի մարտիկի համբավ ձեռք բերել: Հեռավոր գյուղում ապրող շարքային մարդիկ, որոնց, ենթադրենք, գյուղապետը ստրկական վիճակում է պահում, նրանց սովորաբար քիչ է հետաքրքրում:

Իրավապաշտպանների մյուս խնդիրը արտասահմանյան դրամաշնորհներն են: Երբեմն դրանք տրվում եմ անհասկանալի նպատակներով (մոտավորապես՝ այսինչ շենքի առաջին եւ երրորդ հարկի բնակիչների երկխոսության կազմակերպումը), եւ սկսում ես կասկածել նման իրավապաշտպանների գործունեության արդյունավետությանը ընդհանրապես: Տպավորություն է ստեղծվում, որ դոնոր կազմակերպություններին հետաքրքրում է ոչ այնքան կատարած աշխատանքը, որքան այն, թե որքանով համոզիչ կլինեն գրված գրանտ ստանալու դիմումը եւ դրա հաշվետվությունը: Այն պայմաններում, երբ մարդիկ տառապում են բոլոր մակարդակների պաշտոնյաների կամայականություններից, փուչ բաների վերաբերյալ սեմինար-քննարկումներ կազմակերպելը, թվում է, լուծում է միայն կազմակերպիչների սոցիալական խնդիրները:

Սրա հետ կապված է նաեւ մեկ այլ խնդիր. իրավապաշտպանության ոլորտների սխալ բաշխումը: Չեմ կարծում, որ Հայաստանում թիվ մեկ խնդիրը սեռական եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունն է: Այս հարցերում մենք եթե հավասար չենք, ապա գոնե շատ քիչ ենք ետ մնում աշխարհի զարգացած պետություններից: Շատ ավելի կարեւոր խնդիր է, օրինակ, կանանց իրավունքների պաշտպանությունը՝ ընտանեկան բռնությունները կարծես թե դառնում են մեր գլխավոր չարիքներից մեկը: Մարդու իրավունքները Հայաստանում եւ բոլոր մնացած երկրներոմ խախտվում են ամեն քայլափոխի: Այդ խախտումների դեմ պայքարը արդյունավետ կլինի այնքանով, որքանով զերծ կմնա քաղաքական հռետորաբանությունից: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները տալիս են դրա լավագույն օրինակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031