Արսեն պապը հիշում է, թե ինչպես էր տոնում «Արարատի» հաղթանակները «Հրազդան» մարզադաշտում: Այսօր նա մտավախություն ունի, որ իր թոռները կզրկվեն «Հրազդանում» խաղեր դիտելու հնարավորությունից: Պատճառներից մեկն էլ մարզադաշտի մոտակայքում առևտրի կենտրոն կառուցելու ծրագիրն է, որը հակասում է մի շարք անվտանգության կանոններին: «Հայկական առաջին ճակատն» այսօր` դեկտեմբերի 8-ին, կազմակերպել էր բողոքի երթ, որով պահանջում էր թույլ չտալ «Հրազդանի» մոտ նման շինության կառուցմանը: Երթը մեկնարկեց Վ.Մամիկոնյանի արձանի մոտից, որին ներկայացավ նաև Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահն ասաց, որ քաղաքապետը նման որոշում չի տվել և նշեց, որ նման շինության կառուցվելու դեպքում «Հրազդանում» հնարավոր չի լինի միջազգային խաղեր անցկացնել: Այնուհետև մասնակիցներին խորհուրդ տվեց չշարունակել բողոքի երթը, վերադառնալ իրենց տները և առայժմ սպասել, հետագայում` անհրաժեշտության դեպքում, հենց ինքը կառաջնորդի բողոքի ակցիան: Այնուհանդերձ բողոքի երթը շարունակվեց: Մասնակիցներից Միքայելը Հասրաթյանը համոզված է, որ իրենց բողոքի ձայնը տեղ կհասնի: Կարինեն էլ ավելացնում է. «Միայն իմ մարմնի վրայով կկառուցեն»: Բողոքի մասնակիցները բաց նամակներ հանձնեցին Երևանի քաղաքապետարանին և Կառավարությանը, որում ներկայացրել էին իրենց պահանջները: Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Հայկական առաջին ճակատի» հիմնադիր անդամներից Էդգար Պետրոսյանը գոհ է բանակցությունների արդյունքներից, սակայն իրենց բողոքն անտեսելու դեպքում պատրաստ են շարունակել ներկայացնել իրենց պահանջը. «Այնուամենայնիվ, եթե սկսվի կառուցումը, ապա մենք այդ դեպքում դուրս կգանք պայքարի հաջորդ փուլերին»:
Լիլիթ Սարգսյան