Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհերի հարազատների նամակը վարչապետին

Դեկտեմբեր 09,2011 18:57

ՀՀ վարչապետ պ-ն Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Պարոն վարչապետ,

Թերթերից տեղեկացանք, որ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով 2012թ. բյուջեի նախագծով գումար հատկացնել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։ կառավարությունը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններում պետական մարմինների գործողությունների ոչ իրավաչափությունը ապացուցված փաստ չէ։
Այն, որ այս իշխանություններն ամեն ինչ անելու են սպանությունները կոծկելու համար՝ մենք վաղուց գիտենք։ Երեքուկես տարի ձգելով բացահայտման գործընթացը՝ դուք մի նպատակ եք հետապնդել՝ փակել Մարտի 1-ի էջը։ Բայց մեզ զայրացրել է այն, որ դուք անգամ հրաժարվում եք ձեր իսկ պաշտոնական փաստաթղթերից ու հայտարարություններից։ ԱԺ նորընծա նախագահ, Սամվել Նիկոյանի գլխավորած Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իշխանության այդ գործողություններին տվել է «ոչ իրավաչափ» գնահատական։ Հիմա արդեն հրաժարվե՞լ եք այդ գնահատականից, որ տվել էիք հենց ինքներդ։

Մարտի 1-ին մեր որդիները կյանքից զրկվել են հենց պետական մարմինների կողմից արձակված ապօրինի հրամանների արդյունքում։ Ավելին՝ երեք հոգի սպանվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումից, որը արգելված զինատեսակ է։ Իշխանության գործողությունների ոչ իրավաչափությունն արձանագրված է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմերբերգի զեկույցում, որտեղ նա նշում է, որ՝ «2008թ. մարտի 1-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, իսկ 10 մահվան դեպքերի հետաքննությունը՝ ոչ արդյունավետ»։ Այսքանից հետո ասել, թե «ոչ իրավաչափությունը ապացուցված փաստ չէ»՝ նշանակում է ծաղրել ոչ միայն զոհերի ընտանիքներին, այլ ծաղրի առարկա դարձնել ձեր իսկ կառավարությանը, արհամարհել ձեր ստանձնած պարտավորությունները եւրոպական կառույցների առջեւ։
Մենք գտնում ենք, որ ձեր մերժման պատճառը վրեժխնդրությունն է։ Պատճառաբանեք ձեր մերժումը և քողարկվեք այլ կերպ՝ զոհերի ընտանիքներին չվիրավորելու ու ավելի չբորբոքերու համար։ Հարգեք վերջապես ձեր երկրի քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։
Զոհերի ծնողների անունից՝
«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ՝
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031