Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետարանում ԽԱՊԿ մոնիտորինգն ընդունեցին թեժ կրքերով

Դեկտեմբեր 09,2011 16:48

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կայքերի մոնիտորինգի արդյունքներ է հրապարակել, որից պարզ դարձավ, որ նախարարություններից վերջին տեղում է մշակույթի նախարարության կայքը, մարզպետարաններից` Գեղարքունիքինը:

Նախարարության մամուլի պատասխանատու Գայանե Դուրգարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց այդ արդյունքները. «Դա իրենց խնդիրն է, իրենք մեզ չեն հարցրել՝ դուք պատրաստվո՞ւմ եք մի բան փոխել, թե՞ ոչ: Կայքը փոփոխման փուլում է եւ արդյունքների մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ պրեզենտացիան անեինք»:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Շահբազյանն առավել ծանր տարավ կոմիտեի մոնիտորինգի արդյունքները, ավելին` վստահեցրեց, որ կբողոքարկի այն. «Մեր կայքը Կայքերի բարելավման ծրագրի շրջանակներում է արվել, բոլոր նախարարությունների համար աշխատանքը, պահանջը ընդհանուր է, ո՞նց եղավ, որ մերը վերջին տեղում է, Կոտայքինը` առաջին: Ինֆորմացիան եթե ոչ ամեն օր, գոնե օրը մեջ 2-3 լուրով թարմացվում է: Ես իմ դժգոհությունն եմ արտահայտում, եւ չեմ կարծում, որ մեր կայքն ամենավատն է: Համամիտ չեմ իրենց որոշման հետ: Նույնիսկ տարածքային կառավարման նախարարությունում են համեմատություն արել, որ մեր մարզում 225 նորություն էր դրվել, իսկ աշխույժ կենսակերպ ունեցող այլ մարզում դրանից 3 անգամ ավելի պակաս: Ինքներդ բացեք տեսեք` որեւէ տարբերություն չկա մարզպետարանների կայքերի մեջ»:

Մենք փորձեցինք բացել, սակայն «թարսի պես» լավագույն կայք համարվող Կոտայքի մարզպետարանի կայքն ընդհանրապես չբացվեց: ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ իրենք պատասխանատու են այն ժամանակահատվածի համար, երբ նայել են կայքերը. «Եթե Կոտայքինը չի բացվում` ինձ համար էլ է անակնկալ: Բայց Գեղարքունիքում կարող է տեղեկատվությունը թարմ տան, բայց այնտեղ 177 չափանիշ կա: Մարզպետարանի աղջկա ասածը նեղացած մարդու արձագանք է, բնական է: Մենք պատրաստ ենք հիմնավորել ցանկացած ցուցանիշ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031