ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի եւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի բանավեճը չէր ստացվում: Եթե Ռաֆիկ Պետրոսյանը խոսում էր քթի տակ, եւ դժվար էր նրան լսելը, ապա Հմայակ Հովհաննիսյանը խոսում էր բարձր եւ շարունակ կռիվ անում, թե ինչու իրեն հնարավորություն չեն տալիս բանավեճի եւ ի հավելումն իր չարդարացված դժգոհության, լրագրողների աչքի առաջ պատռեց մի ծրար, որն իր ասելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերն էր վաղը կայանալիք Մարդու իրավունքների պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը. «Ես հիմա պատռում եմ էդ հրավերը, որովհետեւ մեզանում չկա, լսեք, դուք նայում եք բանավեճեր, նայում եք հեռուստատեսությամբ դեբատներ, այ, Ռուսաստանի ընտրությունների մասին խոսք գնաց, թույլ տվեք դեբատ տեղի ունենա, էս երկրում դեբատների ինստիտուտ չկա, սա ֆաշիստական երկիր ա»:
Ռաֆիկ Պետրոսյանը տեղից. «Չեղավ, չեղավ»:
Հմայակ Հովհաննիսյանը դժգոհեց, թե ինչու ՀՀԿ-ն Իջեւանի ընտրություններից անմիջապես հետո սկսեց ԲՀԿ-ականների գրպաններում թմրանյութ գտնել: Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե այնպես չի, որ հատուկ են փնտրում. «Թմրանյութը բոլորի գրպաններում էլ փնտրում են, ով որ այն օգտագործում է կամ պահում է: Միլիցիան գիտի մոտավորապես, թե ում գրպանում կարող է դա լինել, որովհետեւ հետեւում է, թե տվյալ թաղամասում ո՞ւմ գրպանում փնտրեն: Եվ էս անգամ այնպես ստացվեց, որ բռնվածների մեծ մասը եղել են ԲՀԿ-ից: Հնարավոր է, որ մի ամիս հետո նոր ինտենսիվ ստուգումներ լինեն եւ հայտնաբերվեն Հանրապետական կուսակցության անդամների գրպանում նաեւ, պատահականություն է, որ այս անգամ եղել են «Բարգավաճ», հաջորդ անգամ կարող են լինել եւ «Օրինաց երկիր» եւ այլն: Դա ընդհանուր հանցավորության կանխարգելման հարց է, որը կապ չունի կուսակցականության հետ»: Իսկ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին արված համագործակցության իր առաջարկով, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, փորձ արեց սեպ խրել Հանրապետականի եւ ԲՀԿ-ի միջեւ, «որը չի կարող հաջողել, որովհետեւ ունենք հուշագիր»:
Կարդացեք նաև