«Գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր–ինչ ավելի դանդաղ է արտադրվում (հենց այս պատճառով էլ կանայք ավելի երկարատեւ նախերգանքի կարիք են զգում, քան նրանց զուգընկերները): Երբ օքսիտոցինի պարունակությունը հասնում է որոշակի մակարդակի, տեղի է ունենում էնդորֆինի հզոր արտանետում»,- Aravot.am-ի հետ զրույցում սեքսի օգտակար հատկությունները թվելիս ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Մասնագետի փոխանցմամբ՝ բարձրացնել տրամադրությունը, ազատվել, անքնությունից, սթրեսների հետեւանքներից եւ մոռանալ հոգեկան խռովքների մասին՝ օգնում է օքսիտոցին հորմոնը, որը նույնիսկ ավելի լավ է բարձրացնում հոգու «տոնուսը», քան էնդորֆինները: Իսկ համատեղ ազդեցության դեպքում այս հորմոնները 10 անգամ ավելի արդյունավետ են ներգործում, քան ուժեղ հոգեմետները: Իսկ անքնության հետ կապված խնդիրների պարագայում, ըստ Վ. Շահրամանյանի՝ խրախուսելի է քնաբեր հաբերի չափաբաժինը փոխարինել առողջ սեքսով: Հաստատված է, որ ակտիվ գգվանքներից հետո քունը տանում է, կամ էլ զուգընկերը քնում է՝ չհասցնելով գրկից բաց թողնել: Սա էլ հենց օրգանիզմի վրա օքսիտոցինի եւ էնդորֆինների համատեղ ներգործության հետեւանքն է: Ի դեպ՝ «օքսիտոցինը կարող է նաեւ կանոնավորել սիրտ–անոթային համակարգի աշխատանքը, կայունացնել արյան ճնշումը»,– ավելացրեց բժիշկը՝ շեշտելով, որ ապացուցված է, ինտենսիվ սեքս-ռեժիմը նպաստում է ինֆարկտով հիվանդանալու ռիսկի, ինչպես նաեւ մահացության նվազմանը այն մարդկանց շրջանում, ովքեր շաբաթը 2-3 անգամ օրգազմ են ապրում (այն մարդկանց համեմատությամբ, ովքեր ինտիմի մասին հիշում են ամիսը մեկ անգամ): Կանոնավոր սեքսը (շաբաթը մի քանի անգամ) ամբողջ ակտիվ կյանքի ընթացքում կարող է երկարացնել նույն այդ կյանքը 7-10 տարով: «Որակյալ սեքսից հետո ցավազրկող դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտությունից ազատվելուն օգնում են միանգամից մի քանի հորմոններ՝ էնդորֆինները, էստրոգենը եւ տեստոստերոնը: Իմունային համակարգի աշխատանքի լավացմանը նպաստում է տեստոստերոնը,. այն ակտիվորեն օգնում է օրգանիզմից «քշել» զանազան վիրուսներ եւ բակտերիաներ: Նույն այդ նպատակին հասնելուն է ծառայում մերձեցման պահին արյան շրջանառության ակտիվացումը: Սեքսապաթոլոգները պարզել են, որ սեքսուալ ակտիվ մարդկանց արյունը պարունակում է 30% ավելի շատ հակամարմիններ, որոնք օգնում են հաղթահարել վնասակար միկրոօրգանիզմներին, այդ թվում՝ նաեւ գրիպի ու մրսածության հարուցիչներին»,- եզրափակեցՎրեժ Շահրամանյանը: