«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների ժամանակ որդեգրած կեցվածքին, ասաց, թե «շատ նորմալ են վերաբերում» դաշնակցական պատգամավորների քվեարկությանը. «Իրենք մասնակցել են քվեարկություններին եւ քվեարկել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին: Շատ նորմալ եմ վերաբերում. դա իրենց քաղաքական համոզմունքն է, իրենց քաղաքական որոշումն է, եւ ես ավելացնելու որեւէ բան չունեմ, որովհետեւ դա սուվերեն իրավունք է»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք խմբակցությունը կմիանա՞ ՀՅԴ-ի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ստորագրահավաքին, ասաց, թե «Ժառանգությունը» «կողմ» է քվեարկել այդ նախաձեռնությանը, որովհետեւ դա նաեւ «Ժառանգության» սկզբունքային դիրքորոշումն է՝ անկախ այն բանից, թե ով է դա ներկայացնում: Ա. Մարտիրոսյանը նաեւ հավելեց, թե ՀՅԴ խմբակցությունը այդ հարցով ՍԴ դիմելու համար ստորագրահավաքի վերաբերյալ «Ժառանգությանը» դեռ չի դիմել, բայց դիմելու դեպքում իրենք միանշանակ ստորագրելու են՝ «առավել եւս, որ մենք հայտարարել ենք, որ ցանկացած հարց ավելի լավ է քննարկվի, քան՝ չքննարկվի: Եթե խորհրդարանում որեւէ գործընկեր խնդիր ունի ՍԴ դիմելու՝ մենք անպայման այդ գործընկերոջը աջակցելու ենք»: