Ունենալ հավասար դիրքեր՝ չի նշանակում գրավել տղամարդկանց տեղը
Շատերը կարծում են, որ քաղաքականությունը միայն տղամարդկանց գործն է եւ կանայք չեն կարող գլուխ բերել, լուծել հասարակական-քաղաքական խնդիրներ: Սակայն, հակառակ այդ սխալ տեսակետի՝ հասարակական կյանքում կանայք արդեն մեծ տեղ են գրավում, զգալի մասը ստանձնել ու շարունակում է ստանձնել նոր ազդեցիկ դերեր՝ տարբեր ոլորտներում: Ցավոք, մեր համարձակ կանանցից միայն քչերին է հաջողվում հասնել բարձր պաշտոնների՝ իրենց դիրքերը պահպանել երկար ժամանակ, քանի որ դրան կարող են խոչընդոտել ազգային սովորույթները, հայերի կարծրատիպային մտածելակերպը:
Վիճակագրությունից կարելի է տեղեկանալ, որ համաշխարհային մակարդակով խորհրդարանականների 15,2 տոկոսը, եվրոպական երկրներից չորսում, ինչպիսիք են` Ֆինլանդիան, Իռլանդիան, Լատվիան եւ Սան Մարինոն՝ նախագահները, գործատուների 10,3 տոկոսը եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների 9,2 տոկոսը կանայք են:
Խորհրդարանական կանանց ամենամեծ մասը Շվեդիայում է՝ 45 տոկոս, իսկ նվազագույնը Հունաստանում՝ 9 տոկոս: Այսօր կանանց հանդեպ պատասխանատվությունն իսկապես խնդիր է դարձել եւ կազմում է ամբողջ աշխարհի կառավարության օրակարգի անբաժան մասը: «Տղամարդիկ հաճախ տնային գործերը եւ երեխայի խնամքը վստահում են կանանց, սակայն նրանց փորձում են հեռու պահել քաղաքական հարցեր լուծելուց՝ համարելով, որ իրենց ներկայությունը վնաս կհասցնի երկրի ճակատագրին»,- ասել է կին քաղաքացիներից մեկը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կինը կարող է լավ քաղաքական գործիչ դառնալ՝ մեկ այլ քաղաքացի պատասխանել է. «Միանշանակ՝ այո, որովհետեւ որոշումներ կայացնելիս՝ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, չեն առաջնորդվում սեփական «ես»-ով, ինչը կարող է հոյակապ արդյունքներ բերել հասարակական-քաղաքական հարցերի լուծման գործում»:
Գրեթե բոլոր տղամարդկանց պատկերացումները գեղեցիկ սեռի նկատմամբ նույնն են: Նրանց աչքերում կանայք որպես թույլ սեռ են, անօգնական, միշտ իրենցից կախում ունեցող արարածներ, տնային տնտեսուհիներ, ներդաշնակության եւ գեղեցկության խորհրդանիշ:
Չնայած օրենսդրորեն ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, սակայն գործնականում նրանց հնարավորությունները սահմանափակ են: Մեր հանրապետությունում գոյություն ունեն կնոջ իրավունքների մասին ներպետական օրենսդրական ակտեր եւ Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրեր: Օրինակ՝ ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին 2010 թվի փետրվարի 17-ին տրված զեկույցի, ՀՀ կառավարությանն է ներկայացվել հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մշակված 2010-2014թթ. Հայաստանում գենդերային հավասարության վերաբերյալ հայեցակարգ, որը հաստատվել է, սակայն չի վերամշակվել: Իսկ 2010թ. մարտի 30-ին ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով:
Սակայն այս ամենով հանդերձ՝ մեր երկրում կանայք շարունակում են ապրել անհավասար պայմաններում, շարունակվում է կանանց իրավունքների ոտնահարումը եւ անտեսված լինելը՝ բոլոր ոլորտներում:
Երկու սեռերի անհավասարության խնդիրը, մինչ օրենքով կարգավորելը, պետք է լուծել այլ կերպ՝ փոխելով մեր հասարակության պատկերացումները կնոջ սոցիալական դերի եւ կարգավիճակի մասին: Որոշ հայտնի կանանց կարծիքով, մեր երկիրը ժողովրդավար պետություն կարող է լինել այն դեպքում, երբ հասարակության երկու սեռերն էլ հավասարապես ներգրավված լինեն հասարակական-քաղաքական գործընթացներում: Ունենալով հավասար սոցիալական դիրքեր՝ ամենեւին էլ չի նշանակում, որ կանայք պետք է գրավեն տղամարդկանց տեղը՝ ստորացնելով վերջիններիս: Սակայն պետք է մեկընդմիշտ հիշել, որ նույնիսկ այն դեպքում, երբ կինը երկրի նախագահ է՝ չպետք է կորցնի իր կանացիությունը, քանի որ այսպես սեռային հավասարակշռությունը կարող է խաթարվել եւ երկիրը, որպես պետություն, բնական ճանապարհով այլեւս չի կարող զարգանալ:
ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ