Տիգրան Զարգարյանը՝ Հայաստանի ազգային գրադարանի խնդիրների ու ծրագրերի մասին
Տիգրան Զարգարյանի՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն նշանակվելուց հետո հաստատությունը կրկին անցել է բնականոն հունի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց պարոն Զարգարյանը, լրջորեն պատրաստվում են 2012-ին. Հայկական տպագրության 500-ամյակն է նշվելու, Երեւանն էլ հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Աշխատանքներն ավելի առաջ կգնային, եթե գրադարանը տարածքները ազատագրելու համար դատական գործընթացների առանցքում չհայտնվեր:
«Թամանյանական մասնաշենքում դժբախտաբար առաջին հարկը պետգույքի կառավարման վարչությունը տվել էր տարբեր կազմակերպությունների՝ կարաոկե-բար, «Հալեպ» խանութ, բոդիբիլդինգի ֆեդերացիա, նաեւ կենտրոնական մասն էր տրված: Հիմա բոլորին դուրս հանելու համար դատական գործընթաց է սկսվել: Կարաոկեն արդեն բանալիները մեզ է վերադարձրել, «Հալեպը» մինչեւ տարվա վերջ դուրս կգա: Ինչ վերաբերում է Բոդիբիլդինգի ֆեդերացիային, դիմել ենք պետգույքի կառավարման վարչությանը, որպեսզի գրեն՝ դուրս գան»,-հայտնեց գրադարանի տնօրենը: Մեր այն տեղեկությանը, թե ժամանակին նաեւ հրաձգարան էին ուզում հիմնել ազգային գրադարանի տարածքում, պարոն Զարգարյանը ցավով հավելեց. «Ամեն ինչ էլ ցանկացել են»: Նա նաեւ շեշտեց, որ հարցը հանրապետության նախագահի, մշակույթի նախարարի ուշադրության կենտրոնում է: «Այս պահին ամեն ինչ խաղաղ է, բայց եթե ինչ-ինչ խնդիրներ ունենանք, անպայման կդիմենք մամուլին»,- ասաց Տիգրան Զարգարյանը, որն այժմ կենտրոնացած է մասնավորապես Թամանյանական մասնաշենքը հիմնանորոգելու եւ գրադարանային նպատակներով տնօրինելու վրա:
Ասում է՝ հիմնանորոգման արդեն եղած նախագիծը ուզում են վերանայել. «Օրինակ՝ հաշմանդամների համար ոչինչ նախատեսված չի եղել, կամ տարիքով մարդը ինչպե՞ս է ոտքով 4 հարկ բարձրանալու»:
Ըստ մեր զրուցակցի, որի ձեւակերպմամբ, Թամանյանական մասնաշենքը պայծառ շենք է, առաջիկայում տեղը տեղին կահավորվելու է, ստեղծվելու է գրքի թանգարան, գրախանութ-սրճարան, համակարգչային տեխնիկա է տեղադրվելու ընթերցողների համար, լինելու են ազատ մուտքի կետեր: «Մեր գրադարանը համակարգիչներից թույլ է, IT գրագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների առումով այստեղ Քարի դար է, աշխատակիցների որոշ մասը պատկառելի տարիք ունի եւ դժվարանում է աշխատել… 21-րդ դարն առանց համակարգչի, թվային շտեմարանների, նոնսենս է: Տպագիր գիրքը էլի թող մնա, շատ սիրում ու հարգում ենք, բայց երիտասարդները նախընտրում են թվային կրիչներով աշխատել»,-փաստում է գրադարանի տնօրենը: Նա նաեւ վստահեցնում է, որ այլ աշխատանքներին զուգահեռ՝ տպագիր գրքերը էլեկտրոնայինի վերածելու գործով են զբաղված. «Օրինակ, Հայ բարեգործական ընդհանուր միությունը Եգիպտոսի «Արեւ» թերթը նկարահանված տվել է մեզ, ազգային գրադարանի մատենագետները նստած նկարագրում են եւ շուտով համացանցում կդնենք: Ցեղասպանության 100-ամյակի համար դա շատ լավ շտեմարան կլինի, որտեղ ականատեսների հիշողություններն են: Ընդհանրապես մեր գրադարանի հայագիտական բլոկը եզակի հավաքածուներ ունի»: Հայաստանի ազգային գրադարանը պարբերական մամուլի մեկ օրինակի եւ արդեն եղածների վնասված էջերը վերականգնելու խնդիր ունի:
Տիգրան Զարգարյանը համամիտ չէ այն կարծիքին, թե այսօր մարդիկ ավելի քիչ են կարդում. «Շատ լավ էլ կարդում են, ովքեր միշտ կարդում էին, հիմա էլ են շարունակում կարդալ, պարզապես միջավայրն է փոխվել: Առաջ միայն գիրքն էր, հիմա գրքին փոխարինել են էլեկտրոնային կրիչները, երիտասարդները այդ միջավայրում են ուզում ապրել, աշխատել»: Նա չի հավատում, թե կգա մի օր, երբ էլեկտրոնային ամեն ինչը կփոխարինի գրքին. «Դա երբեք չի լինի: Գիտական բնագավառում, համաձայն եմ, որովհետեւ գիտությունը արագ է առաջ գնում, ամսագրերը արագ հրատարակվում են, արդյունքները պետք է արագ հասանելի լինեն գիտնականներին, այդտեղ էլեկտրոնային կրիչները միարժեքորեն լիդեր են: Նույնը չեմ կարող ասել գեղարվեստական եւ մանկական գրականության դեպքում: Թուղթը կշարունակի մնալ, որովհետեւ կան շքեղ հրատարակություններ»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ազգային գրադարանում արդեն տարիներ շարունակ կազմակերպվող հնոտ եւ տաղտկալի միջոցառումներին: Պարոն Զարգարյանն ասաց, որ առաջիկայում աստիճանաբար ամեն ինչ կփոխվի, իր ձեւակերպմամբ՝ պիոներական ժամանակների ոճով միջոցառումները կդադարեցվեն, մանավանդ՝ դրանից շատերին ինքը չի էլ գնում: Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը խոսեց նաեւ այն մասին, որ գրադարանավարները վերապատրաստման խնդիր ունեն, շատերի գիտելիքները եւ ստացած կրթությունը չեն համապատասխանում արդի պահանջներին. «Մարդիկ հին ձեւով են կրթություն ստացել, չեն վերապատրաստվել, ունենք բազմալեզու գրառումների, հեղինակավոր խորագրեր ստեղծելու խնդիր, որպեսզի համացանցում դրանք փնտրելի եւ տեսանելի լինեն: Գրադարանավարները նաեւ պետք է ծրագրավորման եւ վեբ-դիզայնի տիրապետեն, մինչդեռ ոչ մի պայծառ երիտասարդ չի գա ու 40-50 հազար դրամով գրադարանավար աշխատի»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ