Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետական ընդունելություններ

Դեկտեմբեր 09,2011 13:43

Հայաստանի ոչ բոլոր մարզպետներն են քաղաքացիների ընդունում, ընդունողներն էլ շարունակում են պետության հաշվին «լավամարդ» երեւալ:

«Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի». ՀՀ սահմանադրություն, հոդված 88.1: Սա նշանակում է, որ եթե (ընդգծում եմ՝ ԵԹԵ) մարզպետը լավ է աշխատում, ապա Հայաստանի միանման պայմաններում ապրող գյուղերը՝ սահմանամերձ, բարձրլեռնային հեռավոր, քիչ բնակչությամբ եւ այլն, պետք է նույն կամ գրեթե նույն վիճակում լինեին: Այսօր, սակայն, թե գյուղերը, թե քաղաքները՝ մայրաքաղաքը ներառյալ, նման են մի բանով. բնակչությունը հեռանում է կամ հեռանալու միջոցներ է ստեղծում, գյուղերը դատարկվում են: Սա նշանակում է, որ ՀՀ գործադիր իշխանությունը՝ մարզպետները ներառյալ, լավ չեն աշխատում:

Երեւանում մեկ կառավարության, մեկ նախագահի, մեկ Ազգային ժողովի նստավայրի մոտ կարելի է տեսնել գյուղերից, ամբողջ գյուղերով եկած բողոքավորներ. «Աստղաձորցին ի՞նչ անի. հերթական գյուղը՝ ընդդեմ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների», «Առավոտ», 11 հունիսի 2010՝ https://www.aravot.am/old/am/articles/regions/80470/view, «Ինչ է թաքցնում Երվանդ Զախարյանի ժպիտը», «Առավոտ», 25 հունիսի 2010, https://www.aravot.am/old/am/articles/regions/79891/view եւ այլն: Այս նյութերում էլ նկատել էինք. եթե գյուղերը գյուղապետի գլխավորությամբ իրենց խնդիրներով պետք է հասնեն Երեւան՝ էլ ինչո՞ւ է պետությունը միլիոնավոր դրամներ ծախսում եւ մարզպետարաններ պահում:

Սա նշանակում է, որ մարզպետները վատ են աշխատում: Մարդիկ նրանց անգամ բողոք ու խնդիր չեն ներկայացնում՝ միանգամից Երեւան: Բայց մարզպետները մարդկանց ընդունելություն են կազմակերպում, ՀՀ քաղաքացիների ընդունում, լսում նրանց խնդիրները: Դեռ երկու տարի առաջ ենք գրել, որ այս քաղաքացիների մեծ մասը փող է ուզում ու մարզպետը պետության գրպանից տված փողով լավամարդ է դառնում, քանի որ անգամ մայրաքաղաքի բնակիչը տեղյակ չէ բյուջեի ողջ նրբություններին, ուր մնաց՝ հեռավոր գյուղի կարիքավոր պապիկը. «Առավոտ», 28 օգոստոսի 2009. «10-ից 9-ը խախտեց օրենքը. ՀՀ մարզպետները դեմ են ֆինանսական թափանցիկությանը եւ պետության հաշվին «լավամարդ» են դառնում» https://www.

aravot.am/old/am/articles/regions:

Մարզպետների ընդունելությունների պատկերը ոչ նրանց համար է մխիթարական, ոչ էլ Հայաստանի: Ըստ վերջին ամիսների վիճակագրության:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 21-ին, նոյեմբերի 11-ին եւ 18-ին: Չորս ընդունելությանը մասնակցելու համար հերթագրվել է 45 քաղաքացի, ներկայացել է 43-ը: Այս 43-ից 39-ը ստացել է դրամական օգնություն: Բացի փողից, որոշ քաղաքացիների մարզպետարանը օգնում է ձմռան վառելիքով կամ այլ ձեւով, որը նույնպես դրամական՝ նյութական օգնության տրամաբանության մեջ է:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը շատ ավելի քիչ է զբաղվել մարդկանց ընդունելով. մեկ սեպտեմբերի 14-ին, մեկ նոյեմբերի 9-ին: Երկու ընդունելություն, 51 հերթագրված, 34 ներկայացած եւ 5 ֆինանսական բնույթի, 9 կենցաղային բնույթի, առողջապահական հարցով 8 դիմում: Առողջապահական եւ կենցաղային խնդրանքները նույն վառելիքի կամ վիրահատության համար փողի մասին են լինում, այնպես որ, Արարատում էլ դիմողների մեծ մասը փողի հույսով է թակում մարզպետի դուռը:

Գեղարքունիքի մարզպետն էլ վերջին երեք ամսում ութ ընդունելություն է կազմակերպել. սեպտեմբերի 14, հոկտեմբերի 4, 18, 26, նոյեմբերի 15, 22, 29, դեկտեմբերի 6: Մարզպետի մոտ եղել է մոտ ավելի քան 100 քաղաքացի, կեսից ավելին՝ 70 քաղաքացի փող է ուզել եւ ստացել:

2011 թվականի հուլիսի 28-ից Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որ հայտարարել է, թե «ոչ մի անձնական հարց անուշադրության չի մատնվի», դեռ մեկ անգամ՝ հոկտեմբերի 20-ին է 20 քաղաքացու ընդունել ու էլի քիչ չեն եղել փող ուզողները, սոցիալական խնդիրներով մարդիկ:

Հերթական անգամ քրեական գործի հարուցման բերած աղմուկի հերոս դարձած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նման պատմություններից ազատ ժամանակ վերջին երեք-չորս ամսում չորս ընդունելություն է կազմակերպել. օգոստոսի 31, սեպտեմբերի 27, նոյեմբերի 3, նոյեմբերի 8:

Սուրիկ Խաչատրյանի մոտ լինելու համար հերթագրվել է 162 քաղաքացի, ներկայացել՝ 106-ը, մոտ 60-ը դրամական օգնություն է խնդրել ու ստացել:

1999 թվականի փետրվարի 26-ից պաշտոնավարող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մեկ անգամ   հոկտեմբերի 20-ի է մարդ ընդունել, մեկ անգամ՝  նոյեմբերի 11-ին, մեկ էլ՝  դեկտեմբերի 5-ին: 46 քաղաքացուց  23-ը ֆինանսական աջակցություն է ուզել:

Վայոձ ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի ընդունելությանը արժանացած 27 քաղաքացուց 9-ը դրամական օգնության կարիք է ունեցել:

2010 թվականի մայիսից Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը քաղաքացիների ընդունելություն չի կատարել:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ քաղաքացիների չի ընդունում: Նա մասնագիտական տոնի առթիվ տոնական միջավայրում ընդունել է մանկավարժների, կառավարության որոշումից հետո հանդիպել Ոսկեհատ գյուղի համայնքի Մաշտոցի թիվ 31 բազմաբնակարան վթարային շենքի բնակիչներին, ում հարցը արդեն լուծված էր, համայնքապետերի, ֆերմերային տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկել «Հայագրոֆորումին» մասնակցելու հարցը, զրուցել Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի ու Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Արմավիրի սահմանային ջոկատի նորանշանակ հրամանատար, գնդապետ  Ալեքսանդր Զլոբինի հետ: Բայց քաղաքացիների ընդունելություն չի արել:

Հիմա՝ մի փոքր թվաբանություն: Եթե, իրոք, Հայաստանում ապրում է մոտ 3,2 միլիոն մարդ (իրականում շատ ավելի քիչ), եթե այս մարդկանց կեսը ապրում է Երեւանում (իրականում շատ ավելի շատ), ապա ստացվում է, որ մարզերում ապրող 1,6 միլիոնից միայն 400-410-ն է դիմել մարզպետներին: Ամեն մարդը մեկ ընտանիք, մեկ ընտանիքը միջինը՝ 4-5 հոգի եւ ընդունենք, որ մարզպետներին դիմել է մոտ 2000 մարդ: Կամ՝ մարզերում ապրողների մոտ 0,1 տոկոսը: Քիչ հավանական է, որ մարզերում իր կյանքից դժգոհ ընդամենը 2000 մարդ կա, մնացածը վայելում են կյանքը: Դատարկվող գյուղերն ու ողջ գյուղով Երեւանում բողոքելը ասվածի վկայությունն են: Մարզպետների ընդունելությունների դինամիկան վկայում է երկու իրողություն. մեկը՝ ցավալի, մյուսը՝ շատ ցավալի: Մարդիկ հույսները կտրել են իշխանություններից: Սա ցավալին է: Մարզպետներին դիմողները պակասում են, քիչ են, որովհետեւ մարդիկ հեռանում են Հայաստանից: Սա է շատ ցավալին:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ. Գ. Բոլոր թվերն ու ամսաթվերը վերցված են պաշտոնական աղբյուրներից: Եթե ստացվեց պատկեր, թե մարզպետները վատ են աշխատում, չունեն քաղաքացիների ընդունելության հաստատված կարգեր, ապա մարզպետները թող իրենց աշխատակազմերին կարգի հրավիրեն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031