Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարձր լարումով հողի հարցը ՄԻՊ-ին է՞լ չի հուզում

Դեկտեմբեր 09,2011 13:36

6 ամիս է՝ Մարդու իրավունքների գրասենյակից տիկնոջ դիմումին ոչ հա են ասում, ոչ չէ

Մելանյա Հայրապետյանն արդեն 6 ամիս է՝ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ, որպեսզի իր խախտված իրավունքները վերականգնի, սակայն ՄԻՊ գրասենյակից նրա բողոք-դիմումին ոչ մի արձագանք չկա: ՄԻՊ-ից կնոջը հայտնել են միայն, որ դիմումն ընդունել են ու դրանով կզբաղվեն: Տիկին Մելանյան իր ընտանիքով երկար տարիներ ապրում է «Հայէլցանցերին» պատկանող վտանգավոր գոտում: Մի լուրջ պատահար, եւ նրա տունն ու ընտանիքը կարող են հաշված րոպեների ընթացքում մոխրանալ: Հայրապետյանների բնակելի տնից՝ ընդամենը 7,5 մետր հեռավորության վրա, տեղադրված է «Հայէլցանցերի» բարձր լարման հենասյուն, որը էներգետիկ վտանգավոր օբյեկտ է՝ 35 կիլովոլտ լարումով: Ըստ սահմանված կարգի՝ բնակելի տնից նման օբյեկտի հեռավորությունը պետք է լինի ամենաքիչը 15 մետր:

Ուշագրավն այն է, որ տիկին Մելանյան հողատարածք ձեռք բերելուց հետո է իմացել, որ վտանգավոր գոտում է գտնվում: Երբ Մ. Հայրապետյանը դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»՝ սյունը տեղափոխելու, ընկերությունից հայտնել են, որ այդ ծախսերը պետք է բնակիչը հոգա: Մելանյա Հայրապետյանի հաշվարկներով՝ այդ ծախսերը մոտ 10 միլիոն դրամի կարգի են, եւ բնակիչն իր միջոցներով պարզապես չի կարող իրագործել:

Նկատենք, որ մինչեւ հողի վաճառքը «Հայէլցանցերը» անհրաժեշտ տեխնիկական եզրակացություն չի տվել, ու բնակիչը ինչ-որ չափով էլ այդ ընկերության մեղքով է հայտնվել անելանելի վիճակում: Տիկնոջ խոսքերով՝ անգամ ամեն քամու եւ անձրեւի ժամանակ կարող է վտանգը լինել, եթե իր ընտանիքի անդամներից մեկը էլեկտրասյանը մոտ գտնվի. «Կարող է լինել հրդեհ, հոսանքահարում եւ այլն»:

Տիկին Մելանյան դիմել է տարածքային կառավարման նախարարին, որը Պտղնի գյուղի գյուղապետին հանձնարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ համագործակցելով՝ քննարկել բարձր լարման հենասյան մասին հարցը եւ իրեն տեղեկատվություն ներկայացնել: Դրանից 2 տարի է անցել, սակայն ոչ քննարկման, ոչ էլ քաղաքացու հարցի լուծման վերաբերյալ ոչինչ հայտնի չէ:

Նշենք, որ կինը այս հողատարածքը գնել է օրինական կարգով, համապատասխան վճարումներն արել եւ պայմանագիրը կնքել է, բայց հիմա ընկել է քաշքշուկների մեջ: Ոչ մի տեղից կնոջ հարցին լուծում չեն տալիս: Իսկ Պտղնիի համայնքի ղեկավարը տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ դրա հիման վրա նաեւ՝ շինարարության թույլտվություն՝ առանց տեղանքը զննելու եւ ճշտելու, թե՝ այդ տարածքով բարձր լարման օդային գծեր են անցնում: Փաստորեն համայնքապետը, առանց ՀԷՑ-ի հետ համաձայնեցնելու, կառավարության թիվ 313 որոշման պահանջների խախտումով հողհատկացում է արել ու բնակչին գցել կրակը:

ԱՆՈՒՇ  ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031