Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրեցին էլ է արժանի պրոֆեսիոնալ մերկապարուհու»

Դեկտեմբեր 09,2011 13:29

Ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը նորից պատրաստվում է խորհրդարան մտնել

Օրերս հայտնի գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Արման Սահակյանը Գյումրիում հայտնեց, որ ինքը պատրաստվում է ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվել հենց այս քաղաքից: Նա թիվ 34 ընտրատարածքում մրցակցելու է ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, եւ նրան սատարելու է ՀՀԿ-ն: Երեկ «Առավոտ»-ը ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանից հետաքրքրվեց, թե նորից առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը եւ չունի՞ արդյոք մտավախություն Արման Սահակյանի պահով. չէ՞ որ վերջինս ոչ միայն փողատեր է, այլեւ, ըստ որոշ տեղեկությունների, նրան սատարելու են մարզային ու քաղաքային իշխանությունները: «Դա յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է, ով ցանկություն ունի՝ թող առաջադրվի, թեեւ այս պահի դրությամբ ժամանակը չէ, կգա ժամանակը, եւ կտեսնենք՝ ով ինչպես է կողմնորոշվում, ես միայն իմ պահով կարող եմ հստակ ասել, ես կողմնորոշված եմ, անելիք ունեմ, առաջադրվելու եմ, քանի որ չառաջադրվելու առիթ կամ պատճառ չունեմ, ես ժողովրդին չեմ հիասթափեցրել, կարող եմ ժողովրդի աչքերի մեջ շիտակ նայել: Իսկ ձեր ասած թեկնածուն ինձ մտավախության տեղիք չի տալիս, որովհետեւ էս պարագայում՝ ԱԺ ընտրություններում, ամենակարեւորը ժողովուրդն է ու ժողովրդի դաբրոն է, որի առումով ես խնդիր չունեմ»,- ասաց պատգամավորը: Իսկ Արման Սահակյանին սատարելով՝ արդյոք ՀՀԿ-ն չի՞ իրականացնում ԲՀԿ-ին պատժելու, հետին պլան մղելու իրենց սցենարը՝ մեր հարցին պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, պայքար է, ամեն մարդ պետք է պայքարի իր թեկնածուի, իր կուսակցության համար, ես ներկայացնում եմ ԲՀԿ-ն ու ամեն ինչ անելու եմ այս կուսակցության դիրքերն ամրապնդելու ու առաջ գնալու համար: Բնականաբար, իրենք էլ իրենց կուսակցության համար պիտի աշխատեն, միգուցե ուրիշ կուսակցություններ էլ թեկնածուներ առաջադրեն, ես էստեղ հակամարտության խնդիր չեմ տեսնում, մրցակցություն է, թող լինի առողջ մրցակցություն ու արդար պայքար: Ես նորից եմ կրկնում՝ անհանգստանալու բան չունեմ, ընդհակառակը՝ իմ մոտ մեծ հանգստություն կա, իսկ թե ինչո՞ւ, էդ թող առայժմ հարցական մնա, ընտրությունների ժամանակ փակագծերը կբացեմ»: Քանի որ Մ. Գրիգորյանն ինքնավստահ էր ու համոզված, որ ժողովրդի «դաբրոն» արդեն վաստակել է, մենք նրան հարցրինք՝ նրան կհաջողվի՞ ձայներ ստանալ այն մարդկանցից, որոնք անընդմեջ բողոքում են Գյումրի-Երեւան գիծը սպասարկող «Տրանս ակնթարթ» ընկերության աշխատանքներից: Նշենք, որ այս գիծը սպասարկում է պատգամավորի ընտանիքը, եւ հատկապես ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի օրերին այդ երթուղագիծը կաթվածահար է լինում:

«Էդ թեման քննարկվել, շահարկվել, քաղաքականացվել է, ես միանգամից պետք է հերքեմ՝ դա կապված չէ ընդդիմության միտինգների հետ: Կան որոշակի օրեր, երբ երթուղին սովորաբար խնդիրներ է ունենում սպասարկելու: Ուրբաթ, շաբաթ օրերին երթուղին խնդիր ունի սպասարկելու Երեւանի կողմից, կիրակի, երկուշաբթի էլ՝ Գյումրիի կողմից: Երբ միտինգի օրերը համընկնում են շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերի հետ, բնականաբար մենք լուրջ խնդիր ենք ունենում, որովհետեւ ուղեւորահոսքը չափից ավելի շատանում է: «Տրանս ակնթարթն» էլ հնարավորություն չունի սպասարկելու՝ ընդամենը 14 մեքենա ունենք»,- ասում է պատգամավորը՝ վստահեցնելով, որ «վերեւներից» հրահանգ չկա: Ըստ նրա՝ խնդիրն իր նշած օրերին միշտ էլ առկա է, ժողովրդի համար դա սովորական բան է, պարզապես լրագրողները միտինգի օրերին են հնչեղություն տալիս. «Ո՞ր գործարարին է հաճելի այդ վիճակը, եթե հաշվարկենք, թե էդ օրերին կազմակերպությունը ինչ լուրջ վնասներ է կրում, եթե օրենքը թույլ տար սպասարկել ավելի մեծ թվով մեքենաներ, 14 մեքենա չէինք աշխատեցնի, կաշխատեցնեինք 40-50-ը, ավելի շատ շահույթ կստանայինք»: «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե որքանո՞վ է արդյունավետ աշխատել մի խորհրդարանում, ուր հայհոյանքներ են հնչում:

«Դե, բնականաբար, ոչ մեկին էլ հաճելի չէ նման իրավիճակը, բայց չմոռանանք, որ նմանատիպ բաներ եղել են ամբողջ աշխարհում, ուրիշ ԱԺ-ներում, բացի հայհոյանքներից, ծեծկռտուք է եղել, էսօր, փառք Աստծո, մենք դրան չենք հասել, լեզվական բնույթի է, այնուամենայնիվ՝ հաճելի չէ, բայց ինչ արած՝ ստացվել է»,- ասաց նա: Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ հայհոյանքների տեղատարափի ժամանակ ինքը ներկա չի եղել: Մ. Գրիգորյանին նաեւ հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում Գյումրիի քաղաքային իշխանությունների հնչեցրած այն քննադատություններին, ըստ որոնց՝ ԱԺ պատգամավորի գերդաստանը Գյումրին փչացնում է՝ գիշերային «քլաբներ» հիմնելով: Նշենք, որ Գյումրիի 3 գիշերային ակումբներից մեկը՝ Lucky-ին, գերեզմանոց տանող ճանապարհին հիմնել է պատգամավորի հորեղբոր որդին՝ «ՀայՌուսգազարդի» Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Ռուստամ Գրիգորյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ նա Ուկրաինայից «ստրիպտիզ» պարող աղջիկներ է բերում: «Դրան բացարձակապես լուրջ չեմ վերաբերվում ու խորհուրդ կտայի բոլորին քաղաքական հարթության մեջ ունեցած մեր հակասությունները չկապել անձնականի կամ բիզնեսի հետ: Հետո ես բացարձակապես կապ չունեմ քլաբների հետ, իմ հորեղբոր որդին է դա ստեղծել, գործարար մարդիկ են, ովքեր իրենց քրտինքով աշխատում, ստեղծում են՝ ոչ ուրիշի հաշվին կամ ուրիշին թալանելու, քլաբ հիմնելն էլ բիզնեսի արգելված տեսակ չէ, այն օրենքով է բացվել, պահպանվում է ոստիկանության պահակախմբի կողմից»,- ասաց պարոն Գրիգորյանը: «Երեկոյան ժամը 8-ից հետո Գյումրիում ոչ մի հաստատություն, կառույց չի աշխատում, ոչ մի նմանատիպ ժամանցի վայր չկա, որպեսզի մարդիկ կարողանան ժամանակ անցկացնել, ես բացարձակ վատ բան չեմ տեսնում, մարդկանց չեմ քննադատում: «Մանկական աշխարհ» կամ շքեղ հյուրանոցներ կառուցելով (նկատի ունի Գյումրիի քաղաքապետի օբյեկտները,- Ն. Ա.)՝ մեր ժողովուրդը իր ժամանցը ո՞նց է անցկացնելու, եթե մենք դեմ լինենք երեխաների կամ տարեցների աշխարհին, եթե մեզ մոտ նմանատիպ բաներ չլինեն, էդ պահանջը ունեցող մարդը կհասնի Երեւան, լավ չի՞ Գյումրիում լինի, Գյումրիում աշխատատեղեր բացվեն, Գյումրիում հարկային վճարներ կատարվեն, պլյուս դրան էլ՝ գյումրեցին չգնա-հասնի Երեւան, էդ հաճույքներից օգտվի՝ հետ գա»,- ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ գիշերային ակումբները մեծ մասամբ աշխատում են Գյումրիում գտնվող ռուսզինծառայողների հաշվին, որոնց պահանջով էլ պրոֆեսիոնալ մերկապարուհիներ են հրավիրում Ուկրաինայից: Ի դեպ, ԱԺ պատգամավորը դեռեւս չգիտի՝ կառաջադրի իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, թե ոչ: Ավելի ճիշտ, ըստ նրա, այս անգամ այդ հարցը կորոշի ԲՀԿ-ն: Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում նա պայքարում էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, ինչի համար էլ քաղաքապետը մինչ օրս նրան չի ներում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031