Իսկ առայժմ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մտադիր է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ՍԴ դիմելու համար ԱԺ-ում ընդամենը 27 ստորագրություն հավաքել:
Երեկ ՀՀ խորհրդարանը, ի դեմս մեծամասնության, մերժեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված որոշման նախագիծը, համաձայն որի՝ ԱԺ-ն ՀՀ նախագահին առաջարկում էր քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կամ դիմել Սահմանադրական դատարան: Հիմնավորումը, հիշեցնենք, այն էր, որ կառավարությունը ձախողել է 2008-2012 թվականներին խորհրդարանում հաստատված իր ծրագիրը, չի ապահովել այնտեղ ամրագրված թիրախային ցուցանիշները եւ այլն:
Նախօրեին այս հարցն արդեն քննարկվել էր եւ որոշում էր կայացվել քվեարկությունը մյուս օրինագծերի հետ միասին քվեարկության դնել երեկվա առաջին նիստի մեկնարկին: Նախաձեռնությունը դրվեց քվեարկության, թեեւ դրան նախորդած քվեարկությունների ժամանակ էլ ակնհայտ էր, որ նիստերի դահլիճում՝ դատելով պատգամավորների թվից, քվորում չկար: Այդուհանդերձ, մեկը մյուսի փոխարեն կոճակ սեղմելու միջոցով այս նախաձեռնությանը «դեմ» քվեարկեց 48 պատգամավոր, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ պատգամավորները, 4-ը «ձեռնպահ» էին, ու «կողմ» քվեարկեց միայն 13 պատգամավոր՝ խորհրդարանի նիստերի դահլիճում այդ պահին ներկա ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու «Ժառանգության» երկու ներկայացուցիչները՝ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Նախագծին «դեմ» քվեարկողներից մեկն էլ, ի դեպ, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն էր, որը դեռ նախօրեին, ի պատասխան ՀՅԴ-ի կողմից այդ հարցով ՍԴ դիմելու համար 27 ստորագրություն հավաքելու հորդորին՝ հայտարարել էր, թե «կարելի է այդ 27 ստորագրությունը հավաքել, եւ թող այդ բարձր ատյանը՝ Սահմանադրական դատարանն ասի, որ խմբակցությունը սխալվում է»: Իսկ խմբակցությունը վստահեցնում էր՝ «մենք գործ ունենք կառավարության կողմից սահմանադրական պահանջները չկատարելու կամ անտեսելու հետ: Կառավարությունը պարտավոր էր իրականացնել այդ ծրագիրը, եթե ոչ՝ ուրեմն պետք է վայր դնի իր լիազորությունները»:
Կարդացեք նաև
«Առավոտը» Բոստանջյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ ինքը որոշման նախագծին «դեմ» քվեարկեց: Պատգամավորը հիշեցրեց նախօրեին արած իր հայտարարությունը, թե՝ «սովորաբար կոալիցիոն սկզբունքներից ելնելով՝ որոշ դեպքերում քվեարկում ենք այնպես, ինչպես պետք է քվեարկենք»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ էլ՝ արդեն քվեարկությունից հետո, պնդեց, որ կառավարությունը խախտում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Խմբակցությունը դեռ հույս ունի, որ կկարողանա ՍԴ դիմելու համար պատգամավորների անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել: Եթե դա էլ չհաջողվի՝ կդիմի Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։
Մենք դիմեցինք ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին. արդյոք նա պատրա՞ստ է ընթացք տալ ՀՅԴ խմբակցության պատգամավորների նախաձեռնությանը եւ արդյոք դա Պաշտպանի լիազորությունների շրջանակո՞ւմ է: «Մենք պատրաստ ենք ուսումնասիրել ցանկացած ուժի, անհատի, քաղաքացու, խմբակցության դիմումը: Ուղղակի խնդիրն այն է, թե արդյոք այդ դիմումը մեր լիազորությունների շրջանակո՞ւմ է, եւ ի՞նչ խախտման մասին է խոսքը, ո՞ւմ իրավունքն է կոնկրետ դեպքում խախտվել եւ ո՞ր իրավունքը»,- ասաց ՄԻ պաշտպանը: Մենք փոխանցեցինք նախաձեռնությունն ԱԺ-ում ներկայացրած ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հիշեցումը պատգամավորներին առ այն, որ Սահմանադրությունը չի նախատեսում կառավարության ծրագիրը չկատարելու եւ փոփոխության ենթարկելու տարբերակ, ուստի՝ ենթադրաբար, հարցադրումը ՍԴ-ի գործառույթներին առնչվում է այնքանով, որքանով ՀՀ կառավարության գործողությունները կամ անգործությունը չեն բխում Սահմանադրության համապատասխան հոդվածից, ինչն էլ ՀՅԴ-ն առաջարկում է վիճարկել ՍԴ-ում:
«Բայց ՄԻ պաշտպանին կարող են դիմել բացառապես Սահմանադրության երկրորդ գլխի հոդվածներով («Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները»- Ն. Մ.), այսինքն՝ մարդու իրավունքների խախտման դեպքում, եւ պետք է կոնկրետ իրավունքի խախտում լինի կամ դրա մասին կասկած, հիմնավորում, որպեսզի մենք ուսումնասիրելով՝ ճանաչենք այդ խախտումն ու պահանջենք դրա վերականգնում եւ այլն: Ես սրանով չեմ ուզում ասել, որ մեզ չդիմեն: Ենթադրում եմ, որ խմբակցությունն իր մատնանշած խնդրում նման խախտում գուցե արձանագրել է: Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք քննարկել մեզ ուղղված որեւէ դիմում»,- հավելեց Կարեն Անդրեասյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ