Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ որոշման մասին առաջինը ձեզ կհայտնեմ»

Դեկտեմբեր 09,2011 13:14

«Առավոտի» հետ զրույցում խոստացավ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը

– Մեր տեղեկություններով՝ Դուք պատրաստվում եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 25 ընտրատարածքից, ինչո՞ւ եք նման որոշում կայացրել:

– Ես ձեր թերթից եմ իմացել, որ առաջադրվելու եմ: Ասեմ, որ ինքս դեռեւս նման որոշում չեմ կայացրել, եթե որոշում կայացրած լինեի, ի լուր բոլորի կասեի այդ մասին: Ես ընդհանրապես այդ մասին դեռ չեմ էլ մտածել, չնայած մենք դեռեւս ժամանակ ունենք, եւ կյանքում ոչինչ բացառված չէ: Սակայն այս պահին չկա նման որոշում եւ նման մտադրություն: Ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ, եւ այդպիսի որոշումները կայացվում են համատեղ քննարկման արդյունքում, սակայն նորից եմ կրկնում՝ առայժմ չկան նման քննարկումներ, հետեւաբար չկա նաեւ որոշում: Եթե լինի, խոստանում եմ առաջինը ձեզ տեղյակ պահել:

– Որոշ լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ քննարկում են Կոտայքի մարզպետի եւ Սասուն Միքայելյանի միջեւ առկա հակամարտությունը: Ինչո՞ւ է այդ ամենը ստեղծվել, ի՞նչը չեք կիսել: Վերջերս էլ պարոն Միքայելյանը ոչ հարգալից բաներ էր ասել Ձեր հասցեին, ինչո՞ւ չեք պատասխանում դրանց, ասելի՞ք չկա:

– Ես ծանոթ եմ այդ հրապարակումներին եւ չեմ պատասխանում միայն մեկ պատճառով՝ իսկ ո՞վ է այդ մարդը, որին պատասխանեմ: Ամեն մեկն իր մտքերն արտահայտում է սեփական մտային կարողությունների սահմաններում, իսկ ձեր նշած անձը եթե իր գրագիտության եւ դաստիարակության աստիճանով գոնե տարրական մակարդակ ունենար, ապա այդպիսի արտահայտություններ չէր անի: Այդ անձնավորությունն ընդամենը պետք է հետադարձ հայացք ձգի իր կենսագրության ակունքներին, եւ իր համար ամեն ինչ կարող է առավել քան սթափեցնող լինել: Մի բան էլ՝ սա առաջին եւ վերջին անգամն է, ես այլեւս չեմ անդրադառնալու այդ թեմային: Ամեն մարդ իր խղճի առջեւ է պատասխանատու:

– Կոտայքի մարզը շատ բազմաբնույթ եւ բազմակուսակցական է, այս մարզից շատերն սպասելիքներ ունեն: Դուք ՀՀԿ անդամ եք, բայց Ձեր մարզում կարծեմ նաեւ «Բարգավաճն» է ուժեղ, ըստ Ձեզ՝ ի՞նչ պատկեր կա այսօր Կոտայքի մարզում, ընտրությունների շեմին կարո՞ղ են լինել սրացումներ:

– Այսօր բոլոր քաղաքական կուսակցություններն էլ ունեն իրենց վարկանիշը, պիտի հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր կարծում եմ, թե Հանրապետականը Կոտայքի մարզում բավարար ուժեղ չէ: ՀՀԿ-ն ունի իր բավական բարձր վարկանիշը մեր մարզում: Հանրապետական կուսակցությունը մարզում ունի ձեւավորված ընտրազանգված, հզոր թիմ, որը նախապատրաստելու է եւ կուսակցության համար ապահովելու է անհրաժեշտ ձայներ: Ինչպես դուք եք նշում, սրացումներ չեն լինելու, բոլորի հետ մեր փոխհարաբերությունները նորմալ հունով են ընթանում, բայց ամեն մեկս անելու ենք մեր գործը, եւ մեր աշխատանքի գնահատականը տալու է ժողովուրդը: Եկող տարվա մայիսի սկզբներին պարզ կլինի, թե ով ինչի էր ընդունակ եւ ինչ կարողացավ անել:

– Մարզում կարծեմ ակտիվ է նաեւ ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը, այս ակտիվությունը չի՞ խանգարելու իշխանական ուժերին իրենց ուզածն անել:

– Մեր մարզը գտնվում է մայրաքաղաքին շատ մոտ, եւ երեւի պատճառը դա է, որ մտածում են, թե ընդդիմությունը ակտիվ է: Ընդդիմության ակտիվություն ես չեմ նկատում, իսկ ակտիվություն ասվածը շատ հաճախ խիստ հարաբերական է: Ժամանակը կգա, ամեն ինչ կընկնի իր տեղը:

– Այսօր շատ է խոսվում արտագաղթի մասին, Ձեր մարզում պատկերն ինչպիսի՞ն է:

– Իհարկե, հանրապետությունում կան արտագնա աշխատանքի մեկնողներ:

Ես միայն մեկ օրինակ բերեմ. անցած հինգշաբթի իմ համայնքային այցելությունների օրն էր, եւ, օրինակ, մարզի մի քանի գյուղական համայնքներում բնակչության հետ հանդիպումների ժամանակ հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ այդ համայնքներից մարդիկ չեն բացակայել (մեկ-երկու բացառությամբ), արտագնա աշխատանքի չեն մեկնել: Իհարկե, այդ խնդիրն ավելի շատ քաղաքային համայնքներում է, բայց մեծ ծավալներ նկատելի չեն: Վերջապես մենք տարբեր ցուցանիշներով ենք վերլուծում այդ երեւույթը, ընտրություններ ենք անցկացնում, ընտրազանգված կա, եւ, օրինակ, անցած կիրակի մարզի Ֆանտան համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, պատկերացրեք՝ 700 ընտրական իրավունք ունեցողներից 500-ը մասնակցեց ընտրություններին: Սա լավ ցուցանիշ է:

– Հայտնի հրաժարականների հիթ-շքերթի ակտիվության շրջանում սպասվում էր, որ որոշ մարզպետներ եւս հրաժարականներ են ներկայացնելու, շոշափվում էր նաեւ Ձեր անունը:

– Այդ հարցը շահարկողների մտավոր ունակությունների հանդեպ իմ մեջ կասկածներ կան: Տեսեք՝ ես 2001-ին եմ նշանակվել մարզպետ, եւ դրանից հետո մեկ տարի համբերեցին ու հետո պարբերաբար քննարկվում է իմ պաշտոնանկության հարցը: Մի հարց ունեմ՝ մի՞թե չեն ձանձրանում: Նույնիսկ ինչ-որ մեկը գրել էր, թե աշխատանքից ազատվելու իմ դիմումը գտնվում է դարակումս: Այստեղ մի զավեշտալի հարց է առաջանում՝ գուցե ինքն է՞լ էր այդ պահին այդ նույն դարակում: Դրանք հերթական ստահոդ շահարկումների ժանրից են:

– Առաջիկայում Հրազդանի քաղաքապետի ընտրություններ են լինելու, ըստ Ձեզ՝ ի՞նչ արդյունքներ են ստացվելու, արդյոք չի՞ կրկնվի Իջեւանի քաղաքապետի ընտրությունների պատկերը, երբ ՀՀԿ-ական թեկնածուն պարտվեց:

– Վստահեցնում եմ՝ այդպիսի բան չի լինի, քանի որ Հրազդանի քաղաքապետն արդեն իսկ երեք անգամ արժանացել է իր համաքաղաքացիների վստահության քվեին, բավականին լավ է աշխատում, իր պաշտոնավարման տարիների ընթացքում քաղաքում բազմաթիվ հիմնախնդիրներ են լուծվել՝ լուսավորություն, ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում եւ, որ ամենակարեւորն է, քաղաքի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում եւ այլն: Հրազդանի բնակիչների մեծամասնությունն ընդունում է քաղաքապետին, եւ համոզված եմ, որ հերթական ընտրություններում եւս Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը կարժանանա հրազդանցիների վստահությանը: Նշեմ նաեւ, որ Հրազդանի քաղաքապետը Հայաստանի Հանրապետական կուսակցության Հրազդանի շրջանային կազմակերպության ղեկավարն է, եւ մեր կուսակցությունը եւս աջակցելու է:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031