Ռուսաստանում անցած խորհրդարանական ընտրությունները ոչնչով ավելի վատը չէին, քան նախորդ ընտրությունները կամ նույն միջոցառումները ԱՊՀ այլ երկրներում՝ նաեւ Հայաստանում: Սակայն աղմուկը այս վերջին (անշուշտ, դարձյալ կեղծված) ընտրություններից հետո հարյուրապատիկ ավելի շատ է երեք հիմնական պատճառներով. նախ՝ սոցիալական վիճակը բարդացել է, երկրորդ՝ 4-5 տարի առաջ այդ աստիճանի զարգացած չէր ինտերնետը, եւ որպես հետեւանք՝ չկար այլընտրանք վերեւից ճնշվող հեռուստատեսությանը, երրորդ՝ այն ժամանակ այդքան սրված չէին Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները: Պայթյունավտա՞նգ են արդյոք այս երկու հանգամանքները Ռուսաստանի համար: Առայժմ՝ ոչ: Բայց հետագայի համար հաշվի չառնել դրանք հնարավոր չէ: Ընդ որում, մենք դա պիտի հաշվի առնենք թե մեր առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ թե բուն ռուսաստանյան իրադարձությունների համատեքստում:
Ռուսաստանի փաստացի ղեկավար Վլադիմիր Պուտինը խորհրդային անվտանգության սպա է. բնականաբար, եթե նա տեսնում է, որ իր երկրում ինչ-ինչ՝ իր իշխանության համար տհաճ պրոցեսներ են տեղի ունենում, ապա նրա առաջին իսկ միտքն այն է, որ այդ պրոցեսները կազմակերպվում են դրսից: Այսինքն՝ նրա մտքով անգամ չի անցնում, որ Ռուսաստանի ժողովուրդն իսկապես դժգոհ է իր կառավարումից եւ անցած ընտրություններից. նա վստահ է, որ մարդկանց փողոց են դուրս բերում ամերիկացիները ու անձամբ Հիլարի Քլինթոնը, նրանց Ռուսաստանում ծառայող գրանտակերները, նույն իրենք՝ Հուդաները: Սա զուտ քարոզչություն չէ. սա Պուտինի եւ նրա շրջապատի համոզմունքն է:
Կարելի՞ է ասել, թե դա 100 տոկոսանոց պատրանք է: Իհարկե՝ ոչ: Օբամայի վարչակազմը, ինչպես նաեւ ավանդաբար՝ դեմոկրատները ավելի նախանձախնդիր են ժողովրդավարության, խոսքի ազատության, արդար ընտրությունների հարցում: Բացի այդ, այսօր առկա է հակահրթիռային համակարգերի շուրջ ռուս-ամերիկյան բավականին սուր բանավեճը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ամերիկյան կամ որեւէ այլ երկրի ազդեցության գործակալները երբեք չեն ակտիվանա, եթե այդ ակտիվացման համար պարարտ հող չլինի: Իսկ այդ հողն, անշուշտ, առաջացել է այն համակարգի պատճառով, որը մեզանում ընդունված է անվանել «քրեաօլիգարխիկ», բայց Ռուսաստանում դրա դրսեւորումները, հասկանալի պատճառներով, շատ ավելի «մասշտաբային» են: Հասարակությունն էլ շատ ավելի լավ, քան առաջ, կարողանում է ինքնակազմակերպվել համացանցի միջոցով: Ամերիկացիները, ինչպես նաեւ եվրոպական կառույցները, դատարկ տեղը բողոքի ակցիաներ չեն ստեղծում, նրանք կարող են միայն խրախուսել այն, ինչն արդեն իսկ գոյություն ունի: Ես որեւէ նախանշան չեմ տեսնում, որ վերոհիշյալ համակարգը կվերանա: Հենց այդ պատճառով էլ մոտակա 10 տարում ցնցումներն այդ երկրում, ցավոք, անխուսափելի են: Իսկ դա մեզ ոչ մի կողմից ձեռք չի տալիս:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ