Այս տարվա մարտի 19-ին «Օ Դը Սենը կօգնի Տավուշին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հայկական Տավուշն ու ֆրանսիական Օ Դը Սենը ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են կնքել, ըստ որի ֆրանսիացիները կօգնեն Տավուշում զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ բարելավել ինքնահոս ջրանցքները եւ պոմպակայանները, կառուցել ագրոբազաներ, զարգացնել անասնապահությունը եւ տնկարանային տնտեսությունները:
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի Լուսաձորի տարածքում Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի ֆինանսավորմամբ կառուցվող անասնապահական ֆերմայի շինարարության վերջին աշխատանքներն են կատարվում, շինությունը շահագործման կհանձնվի մինչև Ծննդյան տոներ ու ֆրանսիացի բարերարների օժանդակությամբ Դանիայից ներկրված 80 հղի կովերը կտեղափոխվեն ֆերմա:
Անցած տարի ֆրանսիացիների օգնությամբ ներկրված 50 կովերը բաժանվել են գյուղացիներին, իսկ 80-ը՝ դանիական ջերսեյ տեսակի, կմնան ֆերմայում: Ծնված հորթերը կտրվեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ովքեր կմիավորվեն 15-20 հոգուց կազմված կոլեկտիվ տնտեսություններում՝ ստեղծելով մինի ֆերմաներ: Կովերը կաթնատու ցեղի են և տարեկան 5000-7000 լիտր բարձր յուղայնությամբ կաթ են տալիս:
Մարզպետարանը մտադիր է այս ծրագրով Տավուշում տոհմային, ցեղային կովերի բազա ունենալ, մարզում անասնապահության զարգացմանը խթանել, ինչը կբերի սահմանամերձ մարզում նոր աշխատատեղերի ստեղծման: Մարզում հիմնվելու են նաեւ կաթի վերամշակման և պանրի արտադրամասեր: