Լրահոս
Օրվա լրահոսը

2011 թ. դարձյալ չարձանագրեց դրական տեղաշարժ կոռուպցիայի սանձահարման գործում

Դեկտեմբեր 09,2011 12:06

Հատված Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունից՝ նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան. 

«ՀՀ իշխանությունները 2011 թ. ընթացքում շարունակեցին ընդունել հակակոռուպցիոն ուղղվածությaն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես, Գնումների մասին նոր օրենքը կամ Հանրային ծառայության մասին օրենքը: Ի կատարումն  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների 2009-2012 թթ. Ծրագրի, ինչպես նաև ՀՀ միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների` ընդունվեցին մի շարք այլ օրենքներ և որոշումներ: Իրականացվեցին նաև կոռուպցիոն բնույթի բացահայտումներ. ՀՀ վերահսկիչ պալատն, օրինակ, նման բացահայտումներ կատարեց մի շարք ոլորտներում: Իրենց հերթին, իրավապահ մարմինները 2011 թ. շարունակեցին կանոնավոր կերպով բացահայտել կոռուպցիոն հանցագործություններ և ձերբակալել այդ հանցագործությունները կատարած պաշտոնատար, ընդ որում,  նույնիսկ բարձրաստիճան անձանց: Ընդդիմադիր տարբեր կուսակցությունների առաջնորդներն իրենց հրապարակային ելույթներում շարունակեցին մատնացույց անել երկրում տիրող կոռուպցիայի ահռելի մասշտաբները:

Չնայած այս ամենին` տեղական և միջազգային փորձագետների, ինչպես նաև շարքային քաղաքացիների ընկալումները մնում են անփոփոխ: Իսկ համաձայն այդ ընկալումների` կոռուպցիան Հայաստանում շարունակում է մնալ համատարած և կրել համակարգային բնույթ: Դա են վկայում նաև միջազգային հայտնի կազմակերպությունների կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, մասնավորապես,  Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի  արժեքները և դասակարգման աղյուսակը:  Տարեցտարի Հայաստանն ավելի ու ավելի է նահանջում դեպի աղյուսակի ստորին հորիզոնականները (նախորդ տարի այս տարվա համեմատ ևս 6 տեղով)` իրենից առաջ թողնելով երկրների, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ անհամեմատ ավելի վատ դիրքերում էին գտնվում, քան Հայաստանը: Մտահոգիչ են նաև Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հայաստանյան մասնաճյուղի  կողմից կոռուպցիայի ընկալման վերաբերյալ 2010 թ. անցկացված հարցումների` այս տարի հրապարակված արդյունքները: Մասնավորապես, 2010 թ. հարցվածների 65 տոկոսը գտնում էր, որ կոռուպցիան հանդիսանում է մեր կյանքի իրողություն: Ընդ որում, այդ թիվը տարեցտարի աճել է.  2008 թ. նույնատիպ հարցման ժամանակ արձանագրվել է 51տոկոս, իսկ 2009 թ.` 59 տոկոս:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը («ԹԻՀԿ» ՀԿ) վերջին տարիների իր բոլոր հայտարարություններում, հրապարակային ելույթներում մատնանշել է և՛ կոռուպցիայի կործանարար հետևանքները հայոց պետականության համար, և՛ դրա արմատները, և՛ դրա դեմ արդյունավետ պայքարի նախապայմանները:  Եվ քանի որ, ցավոք, 2011 թ. դարձյալ չարձանագրեց դրական տեղաշարժ կոռուպցիայի սանձահարման գործում, մեզ մնում է միայն արձանագրել առկա ճահճացման իրավիճակը, որն էլ ավելի անհասանելի է դարձնելու բարեկեցիկ, հարուստ և ժողովրդավարական երկիր ունենալու մեր ժողովրդի երազանքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել