Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները դժգոհ են տրանսպորտի աշխատանքից

Դեկտեմբեր 09,2011 11:52

Սյունիքի մարզկենտրոն Կապանի երթուղային տաքսիների ու ավտոբուսների սպասարկումից հաճախակի են բողոքներ լինում: Կապանցիները դժգոհում են խցկված, «իրար գլխի բարձրացած» ու անմարդկային պայմաններում ուղեւորափոխադրումներից: «Առավոտին» դիմած կապանցի մանկավարժների բողոքը քաղաքի թիվ «15» երթուղու պատասխանատուներից է: Մանկավարժները պնդում են, որ ամեն առավոտ աշխատանքի են գնում խցկված, ոտքի վրա կանգնած: Նրանք ասացին, որ մտադիր են քաղաքապետարան դիմել` այս հարցը կարգավորելու նպատակով: Առավոտյան ժամը 8-ին միայն մի՝ թիվ «15» երթուղին է գործում Մելիք Ստեփանյան փողոցից դեպի Բաղաբերդ թաղամաս ու Կապանի ծայրամասային թաղամասից` Վաչագանից արդեն կիսով չափ լիքն է իջնում ու մշտական ուղեւոր մանկավարժների, դպրոց գնացող երեխաների ու նրանց ուղեկցող ծնողների համար նստելատեղեր չեն լինում: «Մոտ 8 մանակավարժ ամեն օր օգտվում է այդ երթուղուց, մի՞թե կարելի է ամեն անգամ մեզ այդ իրավիճակում դնել, շնչելու, անգամ շարժվելու հնարավորություն չենք ունենում: Թիվ 3, 9, 13 եւ հատուկ կրթահամալիրում աշխատող մանակավարժներս ենք օգտվում այդ երթուղուց, բացի այդ տվյալ դպրոցում սովորող երեխաներ էլ կան, ովքեր ամեն օր իրենց ծնողների ուղեկցությամբ դասի են գնում, մոտ 10 հոգի էլ իրենք են: 12 տեղանոց երթուղայինի միայն 18 ուղեվորները մենք ենք, բայց մեզանից բացի Վաչագանից եկող բնակիչներ էլ կան, դե պատկերացրեք, թե ինչպես ենք 20 եւ ավելի ուղեվորներ յուրաքանչյուր առավոտ օգտվում 12 հոգու համար նախատեսված երթուղայինից: Իրար ոտքերը կոխկրտելով, շորերը կեղտոտելով, կիսականգնած ու ծռված գնում ենք ուսումնական հաստատություններ: Թող պատասխանատուները մտածեն եւ մեկ երթ ավելացեն առավոտյան այդ ժամի համար, այսպես շարունակել չի կարելի», – դժգոհում է երթուղայինից մշտապես օգտվող մանկավարժներից մեկը:

Այս բողոքները փոխանցեցինք Կապանի քաղաքապետարան, որտեղից պատասխանեցին, որ անպայման հետամուտ կլինեն խնդրին, մասնագետները ուսումնասիրություններ կանցկացնեն եւ եթե բողոքները հիմնավորված լինեն, անհրաժեշտություն լինի երթերի քանակն ավելացնելու ապա պատրաստ են: Քաղաքապետարանից խոստացան, որ դիտակումներ կարվեն ոչ միայն թիվ «15», այլ նաեւ մյուս երթուղիներում, քանի որ մյուս երթուղիներից եւս պարբերաբար դժգոհություններ են հնչում: Օրինակ թիվ «6» երթուղու մեքենաներում օրվա պիկ ժամերին՝ ուսանողների դասի գնալու եւ դասից վերադառնալու հատվածներում կանգնելու տեղ անգամ չի լինում:

Ըստ քաղաքապետարանի թիվ «6»-ի ավտոբուսները օրական 28 երթ են անում, թիվ «15»-ինը՝ 24, իսկ թիվ «2»-ը՝ 20 երթ:

Կապանցիները առաջարկում են նաեւ թիվ «2»-ի աշխատանքի ժամերն ավելացնել: Վերջին երթը Մելիք Ստեփանյան փողոցից 17:00-ին է, իսկ հակառակ կողմից 17:30, սակայն բնակիչների աշխատանքն ավարտվում է 18:00-ին եւ ստիպված են լինում աշխատանքային օրվա վերջում ոտքով հոգնած տուն բարձրանալ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031