www.akinator.com կայքը՝ ՀՀ պաշտոնյաների ու նրանց կանանց մասին յուրահատուկ պատկերացում ունի
Աշխարհի 10 լեզուներով akinator.com կայքը գուշակում է ցանկացած մարդու, որի հնարավոր է պահել մտքում՝ լինի մարդ, կենդանի, հարազատ-բարեկամ, թե քաղաքական գործիչ: Մենք փորձեցինք «մտքում պահել» մի քանի քաղաքական գործիչների՝ պարզելու, թե ինտերնետային տեղեկատվական բազայում ինչ ինֆորմացիա կա ՀՀ նախկին ու ներկա նախագահների, պատգամավորների, գործարարների մասին:
Երբ մտքում պահում ես Հովիկ Աբրահամյանին ու ընդամենը նշում, որ նա քաղաքական գործիչ է, պաշտոնյա, կայքը կողմնորոշվելու համար միանգամից հարցնում է՝ նրան կենդանու մականունո՞վ են դիմում:
Գագիկ Ծառուկյանը ներկայացված է որպես շա՜տ հարուստ մարդ՝ խոշոր, մկանոտ կազմվածքով, բոյով ու թափով:
Կարդացեք նաև
Կայքի համար պակաս մկանոտ չէ նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ընդ որում, կողմնորոշվելու համար, թե խոսքը որ մարզպետի մասին է, կայքը հարցնում է՝ կրակել գիտի՞: Եթե պատասխանում ես՝ այո, միանգամից բերում է Լիսկային:
Կայքի գուշակի տեղեկատվությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը գեր է, իսկ երբ նշում ես շիկահեր ու նիհար՝ բերում է Ռիտա Սարգսյանի լուսանկարը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացվում է որպես գյուղից եկած, բայց ռուսերեն իմացող կին նախարար:
Պարզ չէ, թե կայքը Անահիտ Բախշյանին ում հետ է շփոթել, բայց, չգիտես ինչու, նա ներկայացված է որպես ուսուցչուհի, որը չունի մասնագիտություն եւ միշտ կրում է փողկապ:
Ուշագրավ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին կայքում կամ ինտերնետում համարում են «գրեթե ճաղատ», հավանաբար գուշակն ինչ-որ տեղից պարզել է, որ մեր վարչապետի մազերը սկսել են թափվել:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն մյուս նախագահների, համարվում է ծխախոտամոլ, որը սովորություն ունի եւ սիրում է գոռալ ուրիշների վրա, դե իսկ Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես լեգենդ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ