Վաղը կայանալիք երթով կոնգրեսը փակում է երկարատեւ ու տանջալից իր «հանրահավաքային մարաթոնը», որի հետեւանքով արտահերթ ընտրությունների խրոխտ պահանջին փոխարինած հերթականի սպասումները տեղափոխվում են 2012 թվականի գարուն։
Անշուշտ, հաջորդ տարվա փետրվարից ՀԱԿ-ը կվերսկսի եւ մինչեւ խորհրդարանական ընտրությունների օրը կշարունակի իր հանրահավաքային «գրոհն ու փոթորիկը», սակայն մինչ այդ քաղաքական դաշտում տեղի կունենան բազմազան փոփոխություններ, որոնց սկիզբը դրվել է արդեն ներկա աշնան ընթացքում։
2008-ից մինչեւ 2010-ը իր քաղաքական պայքարի ուղին համեմատաբար անցնցում հաղթահարելուց հետո ընդդիմադիր դաշտում «միակի ու անփոխարինելիի» դերում հանդես եկող ՀԱԿ-ը վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նահանջ է արձանագրել։
Քաղաքական երկխոսությամբ նշանավորված՝ 2011 թվականին արմատականությունից դեպի կառուցողականություն անցման իր ձախողված փորձի հետեւանքով ՀԱԿ-ից հեռացան նրա առավել հետեւողական կողմնակիցներից շատերը։ Դրան գումարվել են նախընտրական զարգացումները, որոնք արագացումներ են պահանջում անգամ արդեն այդ հոգնած «մարաթոնյան վազորդից»։
Սակայն դա դեռ ամենը չէ, քանզի անընդհատ նույն կարգախոսներ առաջադրելու եւ նույնիմաստ քայլեր ձեռնարկելու հետեւանքով նախորդ նախագահական ընտրապայքարից հետո ստեղծված կուսակցությունների այս միավորումը կանխատեսելի է դարձել քաղաքական կյանքի մյուս սուբյեկտների, մանավանդ լայն հասարակայնության համար։ Մինչդեռ ցանկացած նոր ընտրապայքարում հաջողության հասնելու վճռական պայմաններից մեկը նորարարական մոտեցումներն են ու դրանք ներկայացնող նոր դեմքերը։
Նման պայմաններում առաջ է գալիս մի պարզ ու տրամաբանական հարց. ըմբռնո՞ւմ է ընդդիմադիր դաշտում իր մենատիրական հավակնությունները պահպանած ծանրաշարժ ՀԱԿ-ը 2011 թվականի աշնանից ստեղծվող նոր իրավիճակը, երբ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը առավելագույն արագություն է հավաքում 2012 թվականի մայիսին հաջողության հասնելու համար։
Դատելով աշնան ամիսներին որդեգրած հակասական կեցվածքից, համենայն դեպս մինչ օրս նման գիտակցություն ու դրանից բխող կազմակերպվածություն ՀԱԿ-ը չի դրսեւորում։ Հակառակ դրան, քաղաքական գործընթացներում նկատվող նախընտրական արագացումների հետեւանքով նորանոր ուժեր են մտնում ասպարեզ եւ փորձում տեղ գրավել «արեւի տակ»։ Իսկ այդ տեղը, հասկանալի է, գտնվում է հենց ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրողների նախապատվության դաշտում։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»