Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:20-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց բարձրացող թունելում իրար են բախվել 4 ավտոմեքենա, այդ թվում՝ «Մերսեդես», «Օպել Վեկտրա», «Վազ 2106» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաներ: Այս պահին 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարները, ինչպես նաև ոստիկանության` Երևան քաղաքի վարչության, պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր մեքենայից դուրս բերեցին վիրավորին, որն էլ տեղափոխվեց հիվանդանոց:
Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար է եղել, այդ իսկ պատճառով դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մի քանի անձնակազմ: Արդեն դեպքի վայրում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:
Դեպքի վայրում վիճակը լարված է, քանի որ հավաքվել են տաքացած երիտասարդներ, այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետը, ով խոստացել է լրացուցիչ ուժեր ուղարկել դեպքի վայր, սակայն ահազանգից 10 րոպե անց դեռևս ոստիկանները չէին ժամանել: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ «Մերսեդես» ավտոմեքենայի ուղևորները՝ մի քանի երիտասարդ հարձակվել են իր վրա փորձելով խլել տեսախցիկը, բարեբախտաբար ոստիկանները կարողացել են նրանցից մի քանիսին բռնել, սակայն մինչ այդ նրանք քաշքշել են Գագիկ Շամշյանին, հարվածել դեմքին եւ սեռական հայհոյանքներ տվել:
Այս պահին Գագիկ Շամշյանը ոստիկանության Կենտրանականի բաժնում ցուցմունքներ է տալիս: Նրանից խլել են հեռախոսը, ժամացույցը, վնասել դեմքը, սակայն, ինչպես նշում է ֆոտոլրագրողը՝ «բարեբախտաբար, լուսանկարչական ապարատս չկարողացան խլել»:
Լուսանկարները՝ քիչ ավելի ուշ: