Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա մի չնկարված նկարի պատմություն»

Դեկտեմբեր 08,2011 22:52

 

  «Սիրում եմ բոլոր գույները, բայց ավելի շատ սևն ու սպիտակը: Այդ երկու գույնի մեջ կարելի է տեսնել բոլոր գույները»:

   Մասնագիտությամբ տրանսպորտային փոխադրող, կազմակերպիչ ու կառավարող Վարդան Գալստյանի համար լուսանկարչությունը ավելին է, քան հոբբին: Չնայած` նա լուսանկարչական կրթություն չի ստացել, սակայն դեռ մանկուց լուսանկարչության հանդեպ առաջացած հետաքրքրությունը տարիների ընթացքում որոշակի հմտություններ են ձևավորել նրա մոտ: Այսօր Mæstro մակագրությամբ նրա լուսանկարները շատերին են հիացմունք ու զարմանք պատճառում: Ընդ որում` նրա լուսանկարներում գերիշխում են բնության տեսարանները. «Բնության մեջ կարելի է տեսնել ամենագեղեցիկը: Մարդը նույնպես բնության մի մասնիկն է, բայց հիմա  շատ քչերն են  բնությանը մոտ: Բնության մեջ պետք է տեսնել հենց բնությունը: Պետք է լինես բնության մեջ, կանգնած լինես հողին ու զգաս, որպեսզի կարողանաս վերարտադրել»,- ասում է Վարդանը և ավելացնում, որ մարդկանց դիմանկարներ չի անում, որովհետև կարծում է, որ մարդն ունի մի ներքին ուժ, որը լուսանկարում չի կարող արտահայտվել: Լուսանկարչության հմայքը Վարդանի համար կայանում է երևույթները զգալու, ընկալելու և սեփական դիտանկյունից ներկայացնելու մեջ: «Ոչ թե պետք է ուղղակի նկարել մայրամուտը, այլ զգալ այդ երևույթը և հոգի դնել այդ նկարի մեջ»: Իսկ այն նկարը, որի մեջ դրված է Վարդանի ողջ հոգին ու զգացմունքները, հենց նրա հոգում է:

«Ես շատ մեծ ցանկություն ունեի Մասիսը նկարելու ու մի անգամ հատուկ գնացի հորեղբորս տուն պատշգամբից նկարելու: Մոտ 2 ժամ պատշգամբում անցկացրեցի. տեսարանը  շատ գեղեցիկ էր ու ես ուղղակի մտածում էի Մասիսի և ազգային արժեքների մասին: Հետո նկատեցի, որ արդեն ուշ է ու այդպես էլ չնկարեցի, չնայած այդ պատկերը մնաց իմ հիշողության մեջ: Այդ նկարը ոչ ոք չի կարող տեսնել ու գնահատել, որովհետև այն միայն իմն է ու անգնահատելի է»,-պատմում է Վարդանը և ավելացնում, որ ամենակարևորը անկեղծությունն է:

Ըստ երիտասարդ Mæstro-ի, երտասարդությունը, և ընդհանրապես  կյանքը մի նկար է, որն ունի բոլոր գույները ու ցանկացած գույն գեղեցիկ է իր հակադիր գույնի կողքին. «Եթե երիտասարդությունը չունենա բոլոր գույները, չի լինի երիտասարդություն: Դա այն տարիքն է, երբ կյանքը մի քանի անգամ արագ է ընթանում և գույները արագ են փոխվում: Յուրաքանչյուր մարդու կյանքում երիտասադության ժամանակ պետք է լինեն բոլոր գույները, որպեսզի ընտրի իր համար ամենակարևոր գույնն ու միշտ օգտագործի»:

Լուսանկարչությունից բացի` Երևանի պետական ագրարային համալսարանի 4-րդ կուրսի ուսանողը հետաքրքրվում է նաև նկարչությամբ: Նկարում է հատկապես աբստրակտ նկարներ, որոնց մեջ կարևորում է միտքը: Զգացմունքներն ու տրամադրությունները սիրում է արտահայտել նաև երաժշտությամբ: Մի քանի ամիս հաճախել է կիթառի դասընթացների, սակայն զգացել է, որ դա այնքան էլ հոգեհարազատ չէ: Այնուամենայնիվ Վարդանը նշում է, որ լուսանկարչությունն իր համար միշտ նախասիրություն կմնա. «Չեմ ուզում, որ դա մասնագիտություն դառնա ինձ համար, քանի որ չեմ ցանկանում պարտադրված նկարել: Դա պետք է ինքնաբուխ լինի»:

   Հերմինե Աղաջանյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031