Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ անունով աստղ կա. Հպարտանում եւ տխրում է Աննան

Դեկտեմբեր 08,2011 21:59

 

«Աստղ ես ուզել, բերել եմ, հիմա ուզածդ ի՞նչ է»: Լսեց Աննան եւ զարմացավ, ոչինչ չասաց, չէր կարող: Հիմա հիշում է՝ այդ պահին միայն մտածեց՝ երկնքում իր անունով աստղ ունի:

Արտակն ու Աննան դասընկերներ էին: Դպրոցում կողք-կողքի նստած, դասից հետո թեւ-թեւ մտած` տուն էին գնում, Արտակը կատակում էր, Աննան էլ ծիծաղում: «Անբաժան էինք իրարից, մեզ մարդ ու կնիկ էին ասում, որ օրը, որ Արտակը դասի չէր գալիս, ես էի տխրում, որ օրը ես չէի գնում, հաջորդ օրը բոլորն ինձ երեսով էին տալիս՝ թե իմ պատճառով Արտակն ամբողջ օրը տխուր էր»,- պատմում է Աննան, ասում, որ մտածում էր՝ բնական է, շատ են կապվել իրար՝ «մի սեղանից էինք գիրք վերցրել, մեկ-մեկ էլ դասատուից թաքուն՝ հաց կերել»,- կատակում է Աննան: Հիշում է՝ Արտակի ընկերուհիների եւ «երկրպագուհիների» նամակներն ինքն էր կարդում եւ ստուգում, Արտակն էլ հաշիվներ էր պահանջում Աննայի երկրպագուներից եւ հետեւում, որ ոչ ոք աղջկա «խաթրին չկպնի»: Դպրոցական տարիներն անցան, բայց մտերմությունը Աննայի եւ Արտակի միջեւ մնաց նույնը:

«Նա իմ եղբորից ինձ հարազատ էր, զրուցում էինք ցանկացած թեմայից, անկեղծանում էի նրա հետ, նրանից ոչ մի գաղտնիք չունեի, համոզված էի՝ ինքն  էլ  ինձանից»,- ասում է Աննան: Պատմում է՝ առաջին կուրսում  էր սովորում, Արտակի հետ հերթական հանդիպման ժամանակ սկսեցին կատակել. «Ինձ ասաց, ընկեր չունես, տանն ես մնացել ու ծիծաղեց վրաս: Ինքն էլ ընկերուհի չուներ, մի քիչ մտածեց, հետո ավելացրեց՝ ոչինչ Ան ջան, մի 5 տարի հետո էլ եթե տանը էսպես մնաս, կգամ քեզ կուզեմ, իրար հետ, էստեղ ծիծաղեց ու ավելացրեց՝ դուրս կգանք,   որ տանը չմնաս էլի»: Աննան ասում է՝ Արտակն իր համար եղբորից էլ թանկ մարդ էր, բայց նրան որպես կողակից տեսնելու մասին երբեք չի մտածել: Հիմա հիշում է՝ դասընկերը շատ անգամներ է ինչ-որ բաներ ակնարկել, բայց դրանք հումորի տակ են թաքցված եղել եւ անտեսվել են Աննայի կողմից. «Մի անգամ էլ  ինձ ասաց. «Որ խաբելու օրը քեզ ասեմ` սիրում եմ քեզ, ի՞նչ կանես, մտածեցի` ավելի սրամիտ լինեմ եւ ասացի՝ ես էլ քեզ կխաբեմ՝ թե ես էլ քեզ եմ սիրում, չժպտաց, տարօրինակ թվաց ինձ»,- պատմում է Աննան, իսկ պատմելու ընթացքում տխրում, ասում է. «հիմա անցնեմ՝ պատմությանս տխուր մասին»: Աննան երկրորդ կուրսում էր սովորում, երբ հանդիպեց մի երիտասարդի եւ սիրահարվեց, սա էլ նրան: Գեղեցիկ սեր էր, հանդիպել էին պատահաբար` այգում, մի քանի բառ էին փոխանակվել, տղան հետաքրքրվել էր Աննայից, սա էլ առանց երկար մտածելու՝«իր տվյալները տվել»: «Շատ վստահելի էր, միանգամից բացվեցի նրա առջեւ ու մինչեւ հիմա էլ չեմ փոշմանում»,- ասում է Աննան: Պատմում է՝ որոշեց հանդիպել դասընկերների հետ, առաջինը հենց Արտակի. «Դասարանիս տղաները միշտ ասում էին՝ ընենց կուզենք ընկերոջդ տենանք, մարդու չես հավանում, ես էլ ասի՝ լավ առիթ է Վահրամի հետ կգնամ, կծանոթացնեմ նրանց հետ, համ էլ լավ ժամանակ կանցկացնենք»,- ասում է Աննան: Վահրամն էլ նրա ընկերն էր: Մտնում են սրճարան, ընկերներից միայն Արտակն էր եկել:«Մտա, ասացի՝ Արտակ սա էլ իմ ընկերն է, ծանոթացիր, փափագում էիր իմ ընկերոջը տեսնել: Սպասում էի մի սրամիտ պատասխանի, բայց միայն անունը տվեց եւ ձեռքով բարեւեց: Ապշեցի, նույնիսկ վատ զգացի, Վահրամի համար էլ անհարմար էր»,- պատմում է Աննան եւ հիշում՝ ինչպես էր փորձում մթնոլորտը փոխել, տարատիպ «տափակ» հարցեր տալով Արտակին, որոնց պատասխանները միշտ սառն էին եւ անտարբեր: Դրությունը մի քիչ փոխեց «ուշացած դասընկերներից» Լեւոնը:  «Արդեն զգացի՝ Արտակն անտարբեր չէր իմ նկատմամբ, ու հասկացա մինչեւ հիմա չեմ ցանկացել նկատել դա»,- անկեղծանում է Աննան: Ասում է այդ օրվա «փրկիչը»  Լեւոնն էր, ով անընդհատ կատակում էր, Աննայի եւ Վահրամի հոգու հետ խաղում, վերջում էլ՝ հումարային ժամի կիզակետին, Լեւոնն ասաց. «Օրինակ՝ ինչի՞ մեզանից մեկին չհավանեցիր, գնացիր չգիտեմ ու՞մ ընկերուհին դարձար, ի՞նչ էիր ուզում, որ մենք քեզ չէինք կարող տալ: Ես էլ արդեն անհարմար դրության մեջ էի, բայց ցանկանալով պահել Լեւոնի ստեղծած մթնոլորտը՝ առանց երկար մտածելու՝ ասացի՝ երկնքից աստղ»: Դասընկերների հետ հանդիպումը չստացվեց: Աննան ասում է՝ Վահրամն անմիջապես զգացել էր՝ Արտակը անտարբեր չէր իր նկատմամբ, ինքն էլ չէր կարողացել ժխտել, բայց հույս էր ունեցալ, որ ամեն ինչ կանցնի:  Հույսերը չարդարաձան, նույն գիշեր Արտակը զանգում է Աննային. «Ես քեզ սիրում եմ: Իմ «ալյոյին» անմիջապես շարունակում են այս խոսքերը: Բառ չեմ կարողանում ասել, զգում եմ՝ Արտակը հարբած է: Չէ՞ս լսում ինձ: Ասում է այն կողմից. սիրում եմ քեզ: Չգիտես՝ ինչու՞ ասացի. ուշացել ես ու վախից, թե անհանգստությունից անջատեցի հեռախոսը»: Աննան պատմում է՝ ամբողջ գիշեր չքնեց, ասում է՝վախ, խիղճ եւ կորուստի զգացում  ուներ. «Ընկեր էի կորցնում՝ մտերիմ, հարազատ, նրան հաստատ չէի սիրում, Վահրամին էի սիրում»: Առավոտյան Աննան հաղորդագրություն է ստանում Արտակից, տղան խնդրում է հանդիպում: Մի քանի օր հետո հանդիպում են՝ երեւանյան այգիներից մեկում, երեկոյան ժամի: Աննան ասում է՝ Արտակը տխուր էր, ինքը` առավել: «Ոչինչ չասաց, ձեռքին թուղթ կար, հանձնեց ինձ, վերցրեցի, նայեցի՝ ինչ-որ փաստաթուղթ էր, մեջն էլ գրված, որ ես աստղ ունեմ երկնքում` իմ անունով, կոորդինատներն էլ նշված»,- պատմում է Աննան: Նշում է` զարմացել էր, Արտակն էլ, թե՝  «Աստղ ես ուզել, բերել եմ, հիմա ուզածդ ի՞նչ է»:  Աննան պատմում է՝ ուրախացել էր եւ տխրել. «Նորից ասացի` ուշացել ես, բայց նորից նյարդայնացա այդ բառից, ասացի, որ ուրիշին եմ սիրում, ինքը իմ եղբայրն է, ուրիշ կերպ չեմ կարող նրան ընկալել: Նա էլ շրջվեց եւ առանց բառ արտասանելու՝ գնաց: Ուզում էի վազել հետեւից եւ հետ տալ նրա նվերը, ոտքերս առաջ չգնացին»: Այդ օրվանից անցել է մեկ տարի: Արտակին Աննան մեկ անգամ է տեսել՝ փողոցում՝ հեռվից, բայց չի կարողացել տարիներ առաջվա պես բարձր գոռալ նրա անունը եւ ձեռքով անել: Ասում է՝ վատ է զգում իրեն. Կորցրել է շատ թանկ ընկեր: Լավագույն ընկերոջից հուշ է մնացել աստղը.  ամեն օր նայում է երկնքին եւ հպարտանում՝ իր անունով աստղ կա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031