Ֆուտբոլի Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Երեւանի «Ուլիս» ակումբը երեկ հրավիրած մամուլի ասուլիսով ամփոփեց մրցաշրջանը:
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե 2012 թվականին Չեմպիոնների լիգայում թիմի առջեւ ի՞նչ առաջադրանք կա դրված, ակումբի տնօրեն Սլավա Սարգսյանն ասաց. «Բնականաբար, դրանք համեստ են. այնտեղ մի քանի արգելք հաղթահարել գրեթե հնարավոր չէ: Տղաները պիտի առաջին հերթին լավ ֆուտբոլ խաղան, կարողանան իրենց ցուցադրել: Դե, իհարկե, փորձեն նաեւ մեկ-երկու փուլ անցնել»:
Թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը նշեց, որ իրենց առջեւ դրված երեք գլխավոր խնդիրներից հնարավոր է եղել կատարել մեկը` հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճելը: Եվ դա ապագայում բացերը լրացնելու հիմք է ստեղծել: Համեմատաբար կարճ կենսագրություն ունեցող թիմը նման հաջողության հասնել կարողացել է բոլոր օղակներում համատեղ ու միասնական նպատակ հետապնդող աշխատանքի շնորհիվ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ