Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի անչափահաս որդու՝ ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի հայցի քննությունը շարունակվում է: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայցվոր կողմի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց, որ որպես ապացույց ներկայացված ձայնագրությունը չի կարողացել լսել: Դատավորը բավարարեց միջնորդությունը, եւ ներկաները ներկայացված ձայնագրությունը լսեցին հենց դատարանի դահլիճում:
Ձայնագրության մեջ Էջմիածնի բնակիչ Սիրեն Եղիազարյանը պատմում էր «168 ժամի» թղթակցին, որ ինքն էլ է լսել Սուսաննա Նազարյանի որդու կողմից դպրոցի փաստաթղթային արխիվի հրդեհման մասին: Պատասխանող Մարինե Մարտիրոսյանը շեշտեց, որ պահպանվել է միայն Ս. Եղիազարյանի ձայնագրությունը, բայց կան նաեւ այլ վկաներ, որոնք դատարանում պատրաստ են փաստել նույնը:
Նշված ձայնագրությունը կարող եք լսել նաեւ այստեղ: Սիրեն Եղիազարյան
Կարդացեք նաև
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Գ. Գեւորգյանը դատարանից մեկ օր ժամանակ պահանջեց, որպեսզի հանգիստ պայմաններում նորից կարողանա լսել ձայնագրությունը: Դատավոր Ա. Մելքումյանը բավարարեց նաեւ պատասխանող կողմի միջնորդությունը՝ Սիրեն Եղիազարյանին որպես վկա դատարանում ցուցմունք տալու համար: Դատավորը հաջորդ դատական նիստի օր նշանակեց դեկտեմբերի 14-ը:
Հիշեցնենք, որ թերթի մի քանի հրապարակումներից հետո Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Ս. Նազարյանը հեռացվել էր աշխատանքից: Տեղեկացրել էինք, որ նախկին տնօրինուհին եւ նրա անչափահաս որդին գտնում են, որ հրապարակումն արատավորել է իրենց պատիվն ու արժանապատվությունը եւ զրպարտության համար թերթից 4 մլն դրամ էին պահանջում: Նախորդ նիստի ժամանակ դատարանը Սուսաննա Նազարյանի գործի վարույթը կասեցրել էր մինչեւ քրգործի նախաքննության ավարտը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ