ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անուղղակի ձեւով՝ Facebook սոցկայքի իր էջում պատասխանել է Սյունիքում ուրանի հնարավոր հանքահանման դեմ բողոքողներին: Պատասխանում մասնավորապես նշված է, որ դեռ երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ են տարվում` ուրանի հանքաքարի հայտնաբերման նպատակով: Աշխատանքներն էլ «համապատասխանում են երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ հորատման, երկրաֆիզիկական եւ երկրաբանական դաշտային աշխատանքները իրականացվում են ժամանակակից սարքավորումներով եւ մեթոդներով, որոնք կիրառվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ զարգացած երկրներում:
Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներին, ապա դրանք ավարտվել են եւ ըստ կատարված երկրաբանական եւ լաբորատոր աշխատանքների տվյալների` նշված տարածքում ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել եւ չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ: Այսինքն «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է»:
Պատասխանում ասված է. «Հաշվի առնելով ռադիոակտիվ հումքի արդյունահանման ժամանակ բնապահպանական եւ բնակչության անվտանգությանը ներկայացվող առանձնահատուկ պահանջները` ՀՀ Ընդերքի մասին նոր օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված է ռադիոակտիվ հումքի արդյունահանման առանձնահատկությունները սահմանել առանձին օրենքով»:
Կապանի «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը թերեւս դժգոհ է այդ արձագանքից եւ գտնում է, որ պատասխանը հասարակության մտահոգությունների հետ որեւէ առնչություն չունի: «Մենք ստացել ենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխանը, բայց մենք պատասխան էինք սպասում պարոն վարչապետից, քանի որ նամակը եւ նամակին կից ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները ներկայացրել էինք վարչապետին: Ստորագրահավաքին մասնակից 13 850 քաղաքացիների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Մի՞թե նման արձագանք ստացած խնդիրը կարելի է նման ձեւով աղավաղել: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի դուրս գալ փողոց, համոզված եղեք: Մեր նպատակն այն է, որ դադարեցնեն ցանկացած տեսակի ուրանի որոնողական աշխատանքները, եթե ասում են Հայաստանը ժողովրդավար, իրավական երկիր է, ապա թող հաշվի առնեն ժողովրդի կարծիքը, 99 տոկոսից ավելին դեմ է եղել ուրանի ծրագրին», – նշում է Արմեն Փարսադանյանը:
Կարդացեք նաև
Արդեն տեղեկացրել ենք, որ սյունեցիներ հակաուրանիստները մտադիր են ուժեղացնել պայքարը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ