Հատված Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից
Ցեղասպանությունը վերապրածներից շատերը հաստատվեցին Մարսելում: Այսօր այստեղ են նրանց ժառանգները: Ձեր ծնողների և նախնիների անցած ուղին վավերագրեց և գեղարվեստական կերպարով արարեց Անրի Վերնոյն իր «Մայրիկ» ֆիլմում: Այդ ֆիլմի առաջին տեսարանները ցույց են տալիս, թե ինչպես էին ունեզրկված հայերը, ովքեր անգամ տանիք չունեին գլխներին, Մարսելի նավահանգստում հետևում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Բեռլինում ընթացող այդ դատավարությունից յուրաքանչյուր նորություն անդրադարձ էր գտնում Մարսելի նավահանգստում իջևանած հայերի մեջ: Եվ այդ մարդիկ ցնծացին այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը: Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր:
Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն: Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում, որքան էլ Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությունն ուրացողները փորձում են մեզ ուղղորդել և դրդել այդ կողմը: Նրանք պարզապես մեզ թերագնահատում են:
Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն: Մեր նախնիներին իրենց հայրենիքում ոչնչացնելուց հետո Հայոց ցեղասպանության վերջին փուլն այդ ահավոր հանցագործության մասին հիշողության ոչնչացումն է: Բայց մենք միասնական ենք և երբեք դա թույլ չենք տա:
Կարդացեք նաև
Մեզ հետ է առաջավոր մարդկությունը, և քաղաքապետի ելույթից, նաև վերջին իրադարձություններից շատ հստակ երևաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան և ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին:
Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ:
Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:
Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»: