Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղին» չի ուզում վերականգնել միջպետական ճանապարհի ասֆալտը

Դեկտեմբեր 08,2011 14:56

Նոյեմբերյան քաղաքի Երեւանյան փողոցում, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին վաղուց խմելու ջրագծի վթար կար: Ջրի արտահոսք էր լինում, ճանապարհին մերկասառույց էր : Այդ պատճառով միջպետական ճանապարհին մեքենաների շատ վթարներ են եղել: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» տեղամասի աշխատողներն օրերս այդտեղ, մոտ 500 մ հատվածում վթարված ջրագծի նորոգում են իրականացրել, մետաղյա հին, մաշված խողովակի մեջ մտցրել պլաստմասսե նոր խողովակ, նորոգված ջրագծից բնակիչների տների սնուցման միացումներ կատարել: Նորոգում կատարելու համար ճանապարհի քանդած հատվածներում «Հայջրմուղկոյուղու» աշխատողները, աշխատանքներն ավարտելուց հետո, հողը հարթեցրել են, սակայն ասֆալտը չի վերականգնվել: Դեկտեմբերի 7-ին կայացած Նոյեմբերյանի ավագանու նիստում հրավիրված էր նաեւ «Հայջրմուղկոյուղու» «Նոյեմբերյան» տեղամասի պետ Գառնիկ Մամյանը: Ավագանու անդամները նրան հարցրին, թե ո՞վ պետք է վերականգնի իրենց քանդած ասֆալտը: Վերջինս ասաց, որ իրենց ընկերությունն ասֆալտապատում կատարելու համար ֆինանսներ չունի, որ եթե Հայաստանի որեւէ բնակավայրում նորոգման աշխատանքներից հետո «Հայջրմուղկոյուղու» որեւէ կառույց ասֆալտի նորոգում անի՝ իրենք էլ կանեն: Ավագանու անդամներին նման պատասխանը չգոհացրեց, նրանք ասացին, որ Լինսի հիմնադրամի միջոցներով մի քանի տարի առաջ ճանապարհը հիմնանորոգվել է եւ առաջիկայում հազիվ թե գտնվի մի նոր բարերար, որ ճանապարհ կառուցի, հարկ է եղածը պահպանել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ վերջին տարում Նոյեմբերյանում ջրամատակարարումը բարելավվել է, սակայն մաշված ներքին ցանցի պատճառով ավելացել են վթարները: Դրանք ուշ են վերացվում, քաղաքի փողոցներում առվակներ են հոսում: Որոշվեց, որ Նոյեմբերյանի ավագանու անունից քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը «Հայջրմուղկոյուղու» «Սեւան» մասնաճյուղի (որի կազմում է «Նոյեմբերյան» տեղամասը) տնօրեն Դավիթ Գրիգորյանին կհրավիրի Նոյեմբերյան` միջպետական ճանապարհի քանդված ասֆալտի նորոգման հարցը քննարկելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031