Այսօր ՀՀ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կազմակերպվել էր գիտաժողով` նվիրված Վահանավանքի հիմնադրման 1100-ամյա հոբելյանին: Վահանավանքը հիմնադրվել է 911թ, Սյունյաց գահակալ իշխան Ձագիկի կրտսեր որդու` Վահանի ջանքերով: 2006-2009թթ. վերականգնվել է վատթար վիճակում գտնվող հուշարձանը:
Վահանավանքին նվիրված գիտաժողովի հանդիսավոր բացումը կատարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը: Նա Սյունիքը որակելով որպես Հայոց աշխարհի ողնաշար, նշեց, որ Վահանավանքում հայտնաբերված հանածոները արժեքավոր են, ու հուշարձանի բացառիկության մասին հանրությանն ավելի տեղեկացնելու համար 3 ամիս պատրաստվել են այս գիտաժողովին: «Նման մի գիտաժողով կկազմակերպենք նաեւ Սյունիքում, որպեսզի Սյունյաց ժողովուրդն էլ ականատես եւ ականջալուր լինի իրենց գանձերի գոյությանը: Ես միշտ դեմ եմ եղել, չեմ ուզել, որ այս շինությունը քանդեն, չէ՞ որ էլ երբեք նրա շունչն ու կարեւորությունը հետ չենք կարող բերել, այն միայն ու միայն պետք էր վերականգնել, ինչը այժմ արված է»,-փաստեց գիտնականը:
Գիտաժողովին ներկա էր նաեւ Հայ առաքելական եկեղեցու հովիվ տեր Կոմիտասը: Նա վկայակոչելով Վահան Թեքեյանի հայտնի խոսքերը, թե «հայ եւ քրիստոնյա բառերը հոմանիշներ են», շնորհակալություն հայտնեց Վահանավանքի վրա աշխատած բոլոր մասնագետներին, հավելելով. «Ուրախ եմ, որ նմանատիպ գիտաժողովները սկսել են հաճախակի կազմակերպվել մեր իրականության մեջ, կրկնակի ուրախ եմ, որ վանական համալիրը, որը արդեն 1100 տարեկան է, պեղումներից զատ վերակառուցվել եւ վերանորոգվել է, որովհետեւ եկեղեցին հայի մտքի ու մշակույթի համար է»:
Վահանավանքը 911թ.-ին օծվել է, այժմ՝ վերահիմնարկումից հետո, կրկին օծում կկատարվի:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ