Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է «Ժառանգության» եւ Դավիթ Շահնազարյանի տարբերությունը

Դեկտեմբեր 08,2011 15:07

«Էդ հարցը բարձրացվել է  նույնիսկ 1988-89-90 թվականներին. կատեգորիկ դեմ եմ եղել, դեռ Խորհրդային միության օրոք: Էդ հարցը արծարծվել է 1992 թվականին. կատեգորիկ դեմ եմ եղել: Էդ հարցն արծարծվել է այն ժամանակ, երբ ես ղեկավարել եմ ՀՀ ԱԱԾ-ն. կտրականապես դեմ եմ եղել: Հիմա, լինելով արմատական ընդդիմադիր, նույնպես կտրականապես դեմ եմ դրան»,- անդրադառնալով խորհրդային գաղտնի ծառայությունների արխիվների գաղտնազերծման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությանը՝ այսօր հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Պարոն Շահնազարյանն ընդհանրապես հարգանքով է վերաբերվում «Ժառանգության» գործունեությանը, բայց մասնագիտական տեսանկյունից դեմ է այդ հարցին, քանի որ համոզված է, թե այդպիսով բացարձակապես որեւէ խնդիր չի լուծվում, միայն պետականությանը սարսափելի վնաս է հասցվում. «Դա վտանգավոր է պետականության համար: Ինչպե՞ս կարելի է ավտորիտար երկրում նման հարց դնել: Ինչո՞վ է պայմանավորված մինչեւ 1991-92 թվականների արխիվների բացահայտումը: էդ թիվը որտեղի՞ց է վերցված: Այն երկրների օրինակը, որ բերվում է, դրանք եղել են օկուպացված Սովետական պետության կողմից: Իսկ սովետական Հայաստանի իշխանությունները եղել են օրինական, որովհետեւ դաշնակները կամավոր հանձնել են իշխանությունը: Եթե այդ երկրներում այս ամենն ընկալվում է որպես համագործակցություն օկուպանտների հետ, մեր դեպքում այդ մարդիկ օրենքով ոչինչ չեն խախտել, որովհետեւ գործել են օրինական իշխանության հետ»:

Իր պաշտոնավարման տարիներին, Շահնազարյանն ասաց, թե կարդացել է եւ գիտե այն ամենն, ինչը որ «Ժառանգությունը» ուզում է բացել. «Դե հասկացեք, թե տարբերությունը ո՞րն է: Պատմելու իրավունք չունեմ, երբեք դա ինձ թույլ չեմ տա ու ամեն ինչ անելու եմ, որ այդ արխիվները չբացվեն: Անկախ նրանից իշխանությունում ես, թե ընդդիմությունում՝ կան պետական շահեր: Կարելի է նման օրենք ընդունելու ջատագովներից երեք հոգուց ստորագրություն վերցնել շատ խստիվ, որ իրենք ոչինչ չեն բացահայտելու՝ տանել այդ արխիվներից մի քանի բաներ ցույց տալ: Դրանից հետո, իրենք կասեն՝ ժողովուրդ ջան, գործ չունեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031