Արցախյան գոյամարտի տարիներին զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների անդամները երեկ «Ազատամարտ» կոմիտեի նախաձեռնությամբ հնարավորություն ունեցան իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետ Արտուր Աթայանին: Առաջին անգամ էր Կապանում նման ձեւաչափով կազմակերպվում ընդունելություն, որին մասնակցեց ազատամարտիկների 22 կարիքավոր հարազատ: Հոգսերն ու խնդիրները բազմաթիվ էին. ֆինանսական, տանիքների նորոգում, գազամատակարարման ապահովում, առողջական, աշխատանքի տեղավորման եւ այլն: Վերա Հովսեփյանը վատ է ապրում եւ դրամական օգնություն էր խնդրում, Տիկին Գայանեն էլ առողջական խնդիրներ ունի եւ էլի դրամական օգնություն էր խնդրում: Լուսինե Հարությունյանը դրամական օգնություն էր խնդրում, որ կարողանա հոգալ ավարտական դասարանում սովորող տղայի անհատական պարապմունքների ծախսը մինչեւ տարեվերջ եւ այսպես շարունակ:
Գրեթե բոլոր դիմումատուները հեռանում էին դրական պատասխան ստացած՝ 50 հազարական դրամ օգնություն տրվեց շատերին: Նաեւ որոշվեց քաղաքային իշխանության հայտարարած «Արժանապատիվ ծերություն» ծրագրի «Տաք ձմեռ» բաղկացուցչի շրջանակներում Կապանում գործող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աջակցությամբ, զոհված ազատամարտիկների ավելի քան 3 տասնյակ միայնակ ծնողների ջեռուցման համար տրամադրել գումարներ։
«Ազատամարտ» կոմիտեն նախկինում զոհված ազատամարտիկների շրջանավարտ երեխաների անհատական պարապմունքների գումարները հայթայթում էր բարերարներից, բայց արդեն մի քանի տարի է՝ կոմիտեն չի կարողանում գտնել ֆինանսավորման աղբյուր: Քաղաքապետ Արտուր Աթայանը հանձնարարեց ճշտել նման երեխաների թիվը, թե մանկավարժներն են պատրաստ պարապել նրանց հետ եւ որքան գումար է անհրաժեշտ դրա համար, որից հետո պարզ կդառնա անելիքը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ