Այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարթվել է այն լարվածությունը, որն առաջացավ մի քանի ամիս առաջ, կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայացք» ակումբում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը: Պարոն Շահնազարյանը նկատեց, որ այս առումով դրական է եղել երկու երկրների իշխանությունների գործունեությունը: Այդ առթիվ կարեւոր գործ է արել նաեւ ՀԱԿ-ը:
Պարոն Շահնազարյանը քննադատեց Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի վերջերս հայտնած կասկածները, թե պետք չէ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաղորդակցական ուղիները զարգացնել. «Ես դատապարտում եմ այդ հայտարարությունը: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը Վրաստանին կապող հիմնական մայրուղիներից մեկը՝ Բագրատաշենը, կառուցվեց Շեւարդնաձեից հետո: Նրա ժամանակ դա չէր կառուցվում : Դա Վրաստանի ներկայիս իշխանությունները կառուցեցին»:
Շեւարդնաձեն ակնարկներ էր արել նաեւ եկեղեցիների գործունեության առնչությամբ: Դավիթ Շահնազարյանը դա եւս չի խրախուսում: Ավելին. «Հայաստանի եւ Վրաստանի եկեղեցիները պետք է հասկանան, որ երբեմն շատ են խառնվում պետության գործերին»,- ասաց նա:
Բանախոսը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, որ իբր Սահակաշվիլին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, ինչը նույնպես լարվածության առիթ էր տվել. «Ոչ: Սեպտեմբերի 20-ին պաշտոնապես հանձնվել է այդ շնորհավորանքը: Ես ամենայն պատասխանատվությամբ դա հայտարարում եմ: Եվ ընդհանրապես, Վրաստանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ստրատեգիական նշանակություն ու առաջնահերթային պետք է լինեն»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր գործչի խոսքով, Հայաստանի համար շատ կարեւոր է Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի հարցը, որը Վրաստանը չպետք է վաճառի ադրբեջանցիներին: Նա կարեւորեց դեմարկացիայի՝ սահմանի ճշգրտման, հետ կապված հարցերի ի վերջո լուծումը, ինչը լուրջ հնարավորություններ կստեղծի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բոլոր անցակետերի վերացման եւ լինեն այնպիսի սահմաններ, ինչպես կա շենգենյան երկրներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ