«Վերջին հանրահավաքին ներկայացվել է քաղաքագիտական վերլուծություն, վարկած ու որեւէ պատասխան ոչ միայն չէր ենթադրվում, չէր ակնկալվում, այլեւ նույնիսկ որեւէ ակնարկ էլ դրա վերաբերյալ չի եղել»,- այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով նոյեմբերի 25-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին հնչեցրած կարծիքին, ասաց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը: Ինչ մնում է այդ վերլուծության՝ իրական քաղաքականության մեջ կիրառմանը, բանախոսի համար էլ մի շարք հարցեր են առաջանում եւ որոնք, ըստ նրա, կախված են բացառապես ԲՀԿ-ից. «Արդյոք ի վիճակի՞ է ԲՀԿ–ն ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից կամ ձերբազատվա՞ծ է, թե՞ ոչ: Մի սուբյեկտի, որը Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին շատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան Օսմանյան Թուրքիան, Ադրբեջանը եւ ներկայիս Թուրքիան իրար հետ վերցրած: Արդյոք ԲՀԿ–ն այն կուսակցությո՞ւնն է, որն ի վիճակի է հանդես գալ, որպես արմատական ընդդիմություն, որը Հայաստանի ապագան պատկերացնում է միմիայն Հայաստանում օրինական իշխանություն ձեւավորելու միջոցով: Պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ–ն տալ 2008 թվականի նախագահական ընտրությունների քաղաքական գնահատականը: Պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ–ն դավանել այն արժեքային համակարգին, որին դավանում է Կոնգրեսը եւ Կոնգրեսի մեջ ընդգրկված բոլոր քաղաքական ուժերն առանց բացառության: Այսինքն, որ Հայաստանում պետք է լինի համամարդկային արժեքային համակարգը՝ անշրջելի ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ ձեռներեցություն, քրոեաօլիգարխիկ ինստիտուտների անշրջելի վերացում եւ այլն:Արդյոք ընդհանրապես ԲՀԿ–ն պատրա՞ստ է դուրս գալ այդ կոալիցիայից»:
Կոալիցիային Դավիթ Շահնազարյանը համարում է քաղաքական եւ քաղաքագիտական նոնսենս եւ չի կարողանում որեւէ կերպ ընկալել ու բացատրել, երբ մի քաղաքական ուժ, որը խորհրդարանում ունի մեծամասնություն եւ կարող է ձեւավորել կառավարություն, ինչո՞ւ է այլ ուժերի հետ կոալիցիա կազմել: Ինչո՞ւ այդ ուժերին ներգրավեցին եւ եթե այդ ուժերը ինքնուրույն քաղաքական ուժեր էին ինչո՞ւ համաձայնեցին. իր իսկ հնչեցրած հարցերին ՀԱԿ անդամը պատասխանեց. «ՀՀԿ–ն կոալիցիոն կուսակցություններին մոտ թողեց կերակրատաշտակին: Իշխանությունը շարունակում էր իր ձեռքում պահել ՀՀԿ–ն, բայց պատասխանատվությունն, ասում էր, պիտի ձեր հետ կիսեմ: Այսօրվա կոալիցիայի եւ կոալիցիայի նախկին անդամ կուսակցությունը ամբողջապես կիսում են այդ քաղաքական պատասխանատվությունը: Նշանակում է, որ բոլոր կոալիցիոն ուժերը դավանում էին այն արժեհամակարգին, ինչին որ դավանում էր ՀՀԿ–ն՝ քրեաօլիգարխիկ իշխանությունն անվերջ վերարտադրելու»:
Հարցին` ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության առիթով ՀԱԿ անդամ կուսակցությունների կողմից տարբեր կարծիքներ հնչեցին, պարոն Շահնազարյանն ասաց, որ դա վկայում է այն մասին, որ ՀԱԿ-ի ներսում կան տարբեր կարծիքներ, մինչդեռ ՀԱԿ-ին մշտապես մեղադրում են ներքին ժողովրդավարություն չունենալու մեջ. «Կոնգրեսը միասնական է այնպես, ինչպես երբեք: Այն ուժերը, ովքեր պայքարում են ՀԱԿ–ի դեմ, ՀԱԿ–ը նրանց դեմ չի պայքարելու: Եթե տեսականորեն ընդունենք, որ այդ ուժերի երազանքը կատարվի եւ ՀԱԿ–ը լուծարվի, Հայաստանում ընդդիմությունը կհայտնվի դիսիդենտական կարգավիճակում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ