Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության կազմակերպած «Գաղտնազերծման մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ այդ օրինագիծն իրենց PR-ի համար չէ, ինչպես կարծում են շատերը. «Ժառանգության» ամեն օրն է PR: Մենք պարզապես սկսում ենք Հայաստանի մաքրազերծման սահուն թավշյա օպերացիան»:
Օրինագծի մասին կարծիք կար, որ այն ընդունելուց հետո «վենդետաներ» կսկսվեն, երբ կպարզվի, որ սրա պապը նրա պապուն մատնացույց է արել: Այս առնչությամբ պարոն Սաֆարյանը բացատրեց, որ եթե նախկին գործակալն ինքնակամ բացահայտվի՝ Ազգային անվտանգությունը նրան իր պաշտպանության տակ պետք է առնի ու «վենդետաներ» թույլ չտա. «Այսօր մարդիկ այլ փաստարկներ չունեն օրինագծի դեմ ու սուտ լորեր են տարածում, թե «Ժառանգությունն» առաջարկում է բացահայտել սեփական երկրի գործակալական ցանցը: Առնվազն խելագար ու սակավամիտ պետք է լինել դրա համար: Նրանք երեւի միայն պրեսս ռելիզն են կարդացել ու կարծիք են հայտնում»:
Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը պատմեց, թե ինչպես են իրեն 1981-ի սեպտեմբերի 18-ին դատապարտել` հանրաքվեի միջոցով անկախանալու ցանկության համար` ասելով, որ դա անհեթեթություն է. «10 տարի անց այդ «անհեթեթությունն» իրականացավ: Ինձնից հետո ներողություն խնդրեցին, ես իմ փայով ներել եմ եւ ինձ մատնողներին, եւ զրպարտիչներին: Բայց դա հանցագործություն է եւ պետք չէ միակողմանի լինել ու պաշտպանել մատնիչների, զրպարտիչների, չեկիստների շահը»:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, աշխարհի տարբեր երկրներում ինչ գործակալ բռնում են` կամ ազգությամբ հայ է, կամ Հայաստանում աշխատել է. «Նման պատմությունների մեջ միշտ հայկական հետք կա, դա հո միայն սփյուռք ունենալու արդյունք չէ՞, ուղղակի դա այսբերգի մի մասն է, որը երեւում է: Մեր նպատակը մեկն է`կտրել այլ երկրների հետ աշխատող գործակալների պորտալարը»:
Կարդացեք նաև
Օրինագծով առաջարկվում է ներել այն գործակալներին, որոնք ինքնախոստովանություն կանեն, բայց արգելել նրանց բարձր պաշտոններ զբաղեցնել: Հարցին, թե ո՞րն է շահը, որ նա ապաշխարության գա, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Նրա անունը հասարակությանը չի բացահայտվի, պատիվը մաքուր կմնա, ուղղակի կմաքրվի իր անցյալից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ