Տեղեկացրել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի գործով դատական առաջին նիստը:
Դատական նիստին ներկա էին 4 ամբաստանյալները, ՀԱԿ ներկայացուցիչները եւ քանի որ սրահում նստելու տեղ չկար, անգամ լրագրողներին արգելում էին ներս մտնել:
10 րոպե ընդմիջումից հետ նիստի ընթացքում Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ հրաժարվում է փաստաբան Ստեփան Ոսկանյանի ծառայություններից եւ ցանկություն հայտնեց, որ մեկ այլ փաստաբան պաշտպանի իր շահերը: Ամբաստանյալը գտնում է, որ այդպես իր պաշտպանությունն ավելի արդյունավետ կլինի, քան մեկ փաստաբանով՝ 4 անձի շահերը ներկայացնելը:
Դատավորը հայտարարեց, թե քանի որ փաստաբան Վահե Գրիգորյանի ներկայությունը հնարավոր չէ ապահովել եւ առանց նրա գործի քննությունը շարունակել էլ չի լինի, դատարանը որոշում է հետաձգել գործի քննությունը: Կողմերի համաձայնությամբ հաջորդ դատական նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 22-ին ժամը 12-ին:
Կարդացեք նաև
Երիտասարդների գործով պաշտպան Ստեփան Ոսկանյանը Aravot.am-ին ասաց, որ փաստաբան փոխելու հանգամանքը հավանաբար մյուս դատական նիստին կորոշվի, իսկապե՞ս Տիգրան Առաքելյանը հրաժարվում է, թե՞ ցանկանում է երկրորդ պաշտպան ունենալ: Ս. Ոսկանյանը տեղեկացրեց, որ եթե մյուս դատական նիստին Տիգրան Առաքելյանի մասով առանձին փաստաբան ներգրավվի, մյուս երեքի՝ Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի շահերը կշարունակի պաշտպանել ինքը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ