Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Ամերիկայի հայերը շարունակում են ձուլվել Հայաստանի եւ համայնքի մեղքով

Դեկտեմբեր 08,2011 13:50

2010 թվականի հունիսի 10-ին «Հարավային Ամերիկայի հայերը ձուլվում են. Հայաստանից կտրված այս համայնքներում մտահոգված են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հեռանկարից» հրապարակմամբ ներկայացրել ենք ՀՀ սփյուռքի նախարարության «Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային աջակցություն» ծրագիրը: Այն ժամանակ Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա հյուրախաղերի մեկնած Արամոն, Էմմա Պետրոսյանը եւ Արսեն Գրիգորյանը (Մրոն) եւ հայեցի կրթությանը օժանդակելու նպատակով Արգենտինա այցելած բանասիրության դոկտոր Պետրոս Բեդիրյանն ասացին, որ Հարավային Ամերիկայում ապրում է մոտ 170 հազար հայ, սակայն ուծացումը ահագնացող չափերի է հասել. խառն ամուսնությունները՝ 80%-ի, հայախոսությունը նվազել է 80%-ով, երիտասարդները կամ հայերեն չգիտեն, կամ գիտեն կենցաղային մակարդակով, հայերի 70%-ը չի մասնակցում համայնքային կյանքին: Արգենտինայում 75 000 հայի եւ մոտ մեկ տասնյակ հայկական դպրոցների գոյության պարագայում հազիվ 1000 երեխա է հաճախում այս դպրոցներ:

Այս հոկտեմբերին եւ նոյեմբերին նույն ծրագրով նույն երկրներ էին գնացել կոմպոզիտոր Արա Գեւորգյանը, երգիչներ Արմինկան, Զարուհի Բաբայանը, Սեւակ Ամրոյանն ու ջութակահար Վարազդան Խաչումյանը: Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարավային Ամերիկայից նոր վերադարձած արտիստներն ասացին այն, ինչ ասել էին անցած տարի նրանց գործընկերները: Բրազիլիայում,Արգենտինայում, Ուրուգվայում հայերը սիրում են ամեն հայկականը, իրենց դիմավորում եւ ճանապարհում են արցունքն աչքերին, սպասում են հայ արտիստների այցերին, համերգներին դահլիճներում ազատ տեղ չի լինում, սակայն ուծացում-ձուլումը շարունակվում է, Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում հայկականությունն այնքան է նվազել, որ համայնքը որոշել է վաճառել հայկական դպրոցի շենքը: Սրանով հանդերձ, ըստ Զարուհի Բաբայանի, այնտեղ կան նվիրյալ հայեր:

Այդ ինչպե՞ս է, որ նվիրյալների պարագայում նվազում է հայկական դպրոցների հայ աշակերտների թիվն ու հայերեն խոսող հայերի թիվը, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ Արա Գեւորգյանն ասաց, որ տեղի հայկական ակումբները հայ երիտասարդների համար գրավիչ ու հետաքրքիր չեն, այնտեղ տարիքավորներն են: Արա Գեւորգյանը Լատինական Ամերիկայի հայերին առաջարկել է աշխատել «Հայի ազգային վարկանիշը բարձրացնել, իրենց երիտասարդները հաճախ գան Հայաստան, այստեղից մասնագետ ուղարկեն, որ այնտեղ դասախոսություն կարդա, ոչ թե հայերը գնան այլ ակումբեր, ուրիշներով հրապուրվեն, այլ՝ օտարներին բերեն մեր ակումբներ: Հայկական ակումբները դարձնենք հետաքրքիր»:

Արտիստներն ասացին, որ իրենց համերգներին ներկա են եղել նաեւ վերջին 20 տարում Հայաստանից հեռացածներ, որոնց հետ համերգից հետո ջերմ զրուցել են: Ինչո՞ւ են հեռացել, ի՞նչ էին ասում, մեր հարցերը Զարուհի Բաբայանը նախ որակեց քաղաքականությանը խառնելու փորձ, ասաց, որ նման հարցեր չեն քննարկել, քիչ անց ավելացրեց, որ զրույցներից պարզ դարձավ, որ հեռացողները տնտեսական խնդիրներից են հեռացել: «Մի քիչ աչքաթող է արված երիտասարդությունը թե մեր, թե համայնքի կողմից: Համայնքի մեղքը ավելի քիչ է, միջավայրը իրենց ճնշում է, եթե մենք ավելի ակտիվ լինենք, ավելի շատ օգնենք…ծնողները ունեն ցանկություն, որ երեխաները հայերեն գրեն-կարդան: Ինչպես ողջ աշխարհում, մեզ բոլորը հարգում-սիրում են, բայց մենք քիչ բան ենք անում այդ սերն ու հարգանքը պահելու համար»,- ասաց Զարուհի Բաբայանը:

 Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031