Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական ֆուտբոլի լավագույնները՝ ըստ «Առավոտի»

Դեկտեմբեր 08,2011 13:13

2011-ը Հայաստանի համար ֆուտբոլային տարի էր: Մենք ունեցանք մեծ հաղթանակ. սկսեցինք հավատալ, հպարտանալ ու իսկապես ցավել նրա համար: Մեր թիմի վերելքը ոգեւորության ու հետաքրքրվածության հսկայական ալիք բարձրացրեց: Ուստի՝ զարմանալի չէ, որ բոլորին հետաքրքրում է, թե, այնուամենայնիվ, այս ֆանտաստիկ մրցաշրջանից հետո ո՞վ է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը:

Նախորդ տարիներին այդ անվանակարգի հաղթողը ընտրվում էր բացառապես ազգային առաջնության շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստներից: 2011-ին, մեղմ ասած, անտրամաբանական կլիներ, եթե հավաքականի վերելքի ու նրանում փայլող մեր լեգեոներ-տղաների ֆոնին «մարող» առաջնությունը կրկին «լավագույն» բացահայտեր: ՀՖՖ-ն այդ հարցի լուծումը գտավ: Որոշվեց, որ ամբողջական ու լիարժեք ընտրության համար «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ցուցակի մեջ ընդգրկվեն բարձրագույն խմբի ակումբների կողմից սահմանված ժամկետում ներկայացված իրենց թիմի հինգ ֆուտբոլիստի թեկնածությունները ու ՀՖՖ-ի կողմից ներկայացված՝ տվյալ մրցաշրջանում ազգային եւ երիտասարդական հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների թեկնածությունները: Այդպիսով, մրցաշրջանի ավարտից հետո կազմվեց մի ցուցակ, որում տեղ գտան 51 ֆուտբոլիստներ…

Հանուն արդարության, պետք է նշել, որ այդ թիվը չափազանց մեծ ու անհարկի է մեր թե առաջնության, թե հավաքականի ու, առհասարակ, հայկական ֆուտբոլի համար, քանի որ քիչ թե շատ լավատեղյակ ֆուտբոլասերը դժվար թե միանգամից մտաբերի 51 հայ գործող ֆուտբոլիստի անուն: Բայց, քանի դեռ ավելի կատարյալ տարբերակ չի ստեղծվել, սա հնարավոր ամենահաջողն է: Նույն տարբերակն էլ, ի դեպ, կիրառվում է մարզիչների վերաբերյալ:

Թե ովքե՞ր կհաղթեն անվանակարգերում, պարզ կդառնա դեկտեմբերի 15-ին: «Առավոտը» ներկայացնում է լավագույնների` իր ֆուտբոլային մեկնաբանի տարբերակը:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ընտրություն կատարելը չափազանց բարդ էր. հավաքականում իրենց լավագույնս դրսեւորած ու հայ ֆուտբոլասերներին քանիցս երջանկություն պարգեւած ֆուտբոլիստները քիչ չէին: Սակայն մեր վարկածում տեղ գտան Յուրի Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին ու Վալտեր Պողոսյանը: Ինտերնետային տարբեր ռեսուրսներով առ այսօր ակտիվ քննարկվում է՝ ո՞վ է լավագույնը: Թերեւս, ամենից շատ տրվում է Հենրիխ Մխիթարյանի անունը: Սակայն այս անգամ նա մեր եռյակում չկա: Եվ ոչ այն պատճառով, որ անհաջող մրցաշրջան է անցկացրել: Հենրիխն ու էլի շատերն իսկապես արժանի են տեղ զբաղեցնել լավագույնների թվում, սակայն երրորդ տեղը տվել է երիտասարդական հավաքականին: Ազգայինի ֆոնին մեր երիտասարդները մի պահ, ասես, մոռացության մատնվեցին, մինչդեռ, նրանց արդյունքները պակաս ոգեւորիչ չեն: Այս թիմը կուռ համակարգի պես է գործում ու հայկական ֆուտբոլի վաղվա օրն է, ինչը խրախուսանքի է արժանի: Իսկ ինչո՞ւ հենց «Բանանցի» ֆուտբոլիստը: Որովհետեւ թե երիտասարդականում ու թե ակումբում Վալտերը իրեն վստահված յուրաքանչյուր րոպեն առավելագույն նվիրվածությամբ անցկացրեց մրցաշրջանի ընթացքում՝ խաղերում փոխարինման դուրս գալով: Երկրորդ տեղում մեր անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկին է: Առանց նրա հուսալի խաղի ու գլխապտույտ սեյվերի, դժվար թե մերոնց հաղթարշավը կայանար: Զարմանալի չէ, որ Իռլանդիայի ընտրանու հետ խաղից հետո ֆեյսբուքում բազմաթիվ խմբեր ստեղծվեցին, որոնք կոչ էին անում փորձառու դարպասապահին՝ չլքել հավաքականը: Ինչ վերաբերում է առաջին տեղին, մեր կարծիքով, այն Յուրա Մովսիսյանինն է: Ընդամենը մեկ լիարժեք միջազգային մրցաշրջան անցկացնելով՝ Մովսիսյանը դարձավ հայ երկրպագուի կուռքը, այն մեկը, ումից միշտ ու ամենուր հրաշք են սպասում՝ անկախ մրցակցի զորեղությունից, իսկ նա էլ՝ «Յուրմինատորը», ինչպես սիրում են կոչել Մովսիսյանին ֆուտբոլասերները, հուսախաբ չի անում: Նա արժանի է լավագույնը կոչվելուն:

Ինչ վերաբերում է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգին, եռյակը կազմում են Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սեւադա Արզումանյանը:

Սեւադա Արզումանյանի գլխավորած «Ուլիսը» 2011-ին ընդհատեց «Փյունիկի» անընդհատ ձգվող չեմպիոնությունը, ինչը առաջին հերթին մարզչի աշխատանքի արդյունքն է: Դա է մեր ընտրության գլխավոր պատճառը: Երկրորդ տեղում, մեր կարծիքով, «Բանանցի» ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է: Նրա գլխավորությամբ մեր երիտասարդները բավական կայուն ու հաջող ելույթներ ունեցան: Բացի այդ, թեեւ Նազարյանի գլխավորած «Բանանցը» միայն 4-րդն է ազգային առաջնությունում, սակայն էական աճ ապրեց մրցաշրջանի ընթացքում: Երիտասարդ մասնագետը ստանձնեց իր պարտականությունները այն ժամանակ, երբ թիմը մրցաշարային աղյուսակի հատակում էր, իսկ լույս այդպես էլ չէր երեւում: Նրա գալուստը փոխեց շատ բան, ու «Բանանցը» հեշտ «ծամվող» մրցակցից կրկին անցում արեց դեպի դժվարությամբ «մարսվողի»… Այսքանն արդեն բավական է մարզչին լավագույնների ցուցակում երկրորդը տեսնելու համար: Իսկ առաջինի ընտրության հարցում բարդություններ ու հարցեր առհասարակ չկան: Հայկական ֆուտբոլի ոգու վերակենդանացման թիվ մեկ «պատասխանատուն» ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է: Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը 17 միավոր վաստակեց «Euro 2012»-ի ընտրական փուլում, ավելին՝ մինչեւ վերջին տուրն էլ հավակնում էր փլեյ-օֆֆի ուղեգրի: Իհարկե, Մինասյանի ակումբային հաջողությունները 2011-ին ավելի համեստ էին. «Փյունիկը» բավարարվեց միայն արծաթով, բայց բացառապես պատանի ֆուտբոլիստներով համալրված թիմի համար դա էլ է մեծ հաղթանակ:

ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031