Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերը գեներալախեղդ են լինում

Դեկտեմբեր 08,2011 12:59

 Իսկ «գեներալ-գուբերնատորների» թիվը կարող է ավելանալ

Մեր երկրի կառավարության գործունեության որոշ ոլորտների անարդյունավետությունն ու ձախողումները կարելի է կապել իրականացվող կադրային քաղաքականության հետ: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ պատասխանատու պաշտոններում նշանակվում կամ «ընտրվում» են ոչ թե համապատասխան կրթությամբ մասնագետներ, այլ՝ «թայֆայական» այս կամ այն շրջանակների մեջ գտնվողները: Դա է պատճառը, որ ասենք՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար կարող է նշանակվել ոչ թե սոցիալական ոլորտում փորձ ունեցող մասնագետ, այլ՝ իրավաբանական կրթությամբ եւ զուտ իրավաբանի մասնագիտությամբ աշխատած մարդ, ով իր աշխատանքային գործունեությամբ կտրուկ անցում է կատարում մի ոլորտից մյուսը, ու, ոչ ավել, ոչ պակաս՝ այդ ոլորտի ամենապատասխանատու պաշտոնում: Կամ, ասենք, մի ամբողջ քաղաքի ղեկավարի պաշտոնը, որպես հարսանեկան նվեր, տրվում է մի անփորձ երիտասարդի, ով որեւէ ազդեցիկ մարդու փեսա է: Այս կարգի նշանակումների շարքը կարելի է երկար թվարկել: Էլ չենք խոսում ԱԺ պատգամավորների՝ օրենքների ստեղծողների, «ընտրության» քաղաքականությունից:

Հետաքրքիր վերլուծությունների ու մեկնաբանությունների տեղիք են տալիս վերջին տարիներին մարզպետների նշանակման մոտեցումները: Երբ մարզպետների պաշտոնները դարձան իշխող կուսակցությունների «սեփականությունը», որոշ մարզերում ստեղծվեց ուղղակի խառնաշփոթ ու պարբերաբար նոր մարզպետներ են գալիս ու գնում: Իսկ հատկապես վերջին շրջանի նշանակումները համառոտ կարելի է բնորոշել «մարզերը գեներալախեղդ անելու» քաղաքականություն: Այսօր Հայաստանի տասը մարզպետներից չորսը ոստիկանության կամ զինվորական գեներալներ ու պաշտոնյաներ են, ովքեր երկարամյա ոստիկանության համակարգի ծառայությունից հետո միանգամից «գործուղվել» են դեպի մարզպետարաններ, այն էլ՝ մարզպետի աշխատասենյակ: Նման մասնագիտական կտրուկ «անցում» է կատարել, օրինակ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով սովորել է ԽՍՀՄ միլիցիայի նախ միջնակարգ, ապա՝ բարձրագույն դպրոցը: Այնուհետեւ նրա կենսագրականը միշտ անցել է ոստիկանության համակարգում, որտեղ նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, արժանացել ոստիկանության գեներալ-մայորի կոչման: Բայց Գիզիրյանը մի օր էլ զարթնել է եւ տեսել, որ նստած է Շիրակի մարզպետի աթոռին: Իսկ թե ինչպես է ադապտացվել նոր միջավայրին, հայտնի է միայն գեներալ-մարզպետին: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նույնպես երկար տարիներ ծառայել է ներքին գործերում: Ոստիկանության գեներալի կոչում եւ այս ոլորտում աշխատանքի կենսագրություն ունի նաեւ Արմավիրի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, ով ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: Թեեւ առանց գեներալ մարզպետի էլ Արմավիրը գեներալների պակաս չունի. Գրիգորյանների ընտանիքն ու գեներալ Սարոյանը այս մարզին հերիք են, որպեսզի այստեղ տիրի պարետային ժամի ռեժիմը: Մանվել Գրիգորյանի՝ ոչ միայն Էջմիածին քաղաքում, ստեղծած սարսափի մթնոլորտին մամուլը անդրադարձել է բազմիցս: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը թեեւ գեներալ Մանվել չէ, բավականին բարեկիրթ է եւ բնակիչների հետ շփվելիս բռունցքներ չի օգտագործում, բայց անհրաժեշտության դեպքում նա էլ «կկատոկի» իրեն խանգարողներին: Հիշեցնենք, որ մարզպետ Բարսեղյանը նույնպես գեներալ է՝ ունի զինվորական՝ գեներալ-մայորի, եւ փրկարար ծառայության՝ գեներալ-լեյտենանտի կոչում:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը գեներալ չէ, իրավաբանական կրթություն չունի: Չունի նաեւ ոչ զինվորական, ոչ էլ ոստիկանական համակարգում աշխատելու կենսագրական տվյալներ, մինչ մարզպետ լինելը նա եղել է արտադրության ոլորտի մարդ, այնուհետեւ՝ Չարենցավանի քաղաքապետ: Բայց կա մի հետաքրքիր փաստ. մարզպետ Շահգալդյանը պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Թե ինչպես է մարզպետ Կովալենկոն ոստիկանության հետ համագործակցել եւ այդ համագործակցությունն ամրապնդել, հայտնի է միայն իրեն ու նրան պարգեւատրողին: Եթե լավ շարունակվի այդ «համագործակցությունը», հատկապես ընտրությունների ժամանակաշրջանում, միգուցե մի օր Շահգալդյանն էլ արթնանա ու տեսնի, որ ոստիկանության գեներալ է:

Վերջին շրջանում շատ են քննարկվում մարզպետների փոփոխությունների խնդիրները: Ինչպես ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում: Ըստ շրջանառվող լուրերի, «գեներալսկի-գուբերնատորսկի»-ի կարգավիճակ է սպառնում նաեւ Տավուշի մարզին, որտեղ, հնարավոր է, որ մարզպետ Ղուլարյանին փոխարինելու գա զինվորական գեներալ Արշալույս Փայտյանը: Այս առիթով սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ զրուցելիս, նրանցից մեկը կես կատակ հարցրեց. «ինչի՞, կռիվը նորից սկսվում է՞, որ գեներալ են բերում: Մենք այն ժամանակ առանց գեներալ ունենալու էլ մեր սահմանները պահեցինք թշնամուց: Թող այնպիսի մարդու բերեն, որ մեր գյուղերի բնակիչների հազար ու մի հոգսերը լուծի, մեր աշխատատեղերի մասին մտածի, մեր բերքի իրացման մասին մտածի, մեր չօգտագործվող վարելահողերի մասին մտածի, մեր մատի փուշը հանի: Էնքան խնդիրներ ունենք: Գեներալի ցավը տանեմ, թող գնա իրա զինվորական գործերով զբաղվի, մենք գեներալ մարզպետն ի՞նչ ենք անում»: Ըստ որոշ աղբյուրների, հնարավոր է, Արարատի մարզում «կատոկ անող» գեներալ Բարսեղյանին փոխարինելու գա գեներալորդի Կարեն Գրիգորյանը, որոնց ընտանիքի համար, հավանաբար, Արմավիրի մարզն արդեն նեղություն է անում:

Հատկապես հեռավոր սահմանամերձ մարզերում փոփոխությունների հարցը հասունացել է, քանի որ որոշ տարածաշրջաններ ուղղակի դատարկվում են: Մարդիկ աղքատության ճիրաններից փրկվելու միակ ելքը տեսնում են արտագաղթի մեջ: Որոշ մարզերում (Սյունիք) անհրաժեշտ է բարեփոխել բարոյահոգեբանական մթնոլորտը: Բայց փաստորեն մեր պետական այրերին այդ խնդիրները չէ, որ մտահոգում են: Եվ մարզպետներ նշանակելիս հաշվի չեն առնում տվյալ թեկնածուի կարողությունները՝ աշխատելու, միջազգային կառույցների հետ համագործակցելու եւ սոցիալական ծրագրեր իրականացնելու, գյուղատնտեսական եւ այլ հիմնախնդիրներ լուծելու: Դրանց իրականացման դեպքում կվերականգնվի վստահությունը իշխանությունների նկատմամբ, անշուշտ, ազգաբնակչությունը, համապետական ընտրությունների ժամանակ, կամավոր կգնա եւ իր քվեն կվստահի իշխող կուսակցություններին: Մերոնք, սակայն, առաջնորդվում են մարտական հոգեբանությամբ՝ առաջիկա ընտրությունները դիտելով որպես կենաց ու մահու կռիվ, իսկ ընտրողներին՝ որպես իրենց մեծագույն հակառակորդը, որոնց կամքը պետք է կոտրվի գեներալական ուժեղ ձեռքերի մեջ: Ուստի գեներալիտետի ներուժը «զորակոչվում» է դեպի մարզեր՝ «դիմակայելու» առաջիկա ուժեղ «ռազմական» գործողություններին՝ խորհրդարանական ընտրություններին:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031