Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակային բռնաբարություն

Դեկտեմբեր 08,2011 12:55

Զոհը, այս դեպքում, արդարադատությունն է, իր Թեմիս աստվածուհով, իսկ բռնաբարողը…

Ցույց տալու համար, թե արդարադատությունն ինչպես կարող է դառնալ բռնաբարության զոհ, այն էլ՝ հրապարակային բռնաբարության, պետք է անդրադառնանք նրան, թե ինչ է արդարադատությունը:

Արդարադատությունը դատարանների կողմից իրականացվող մի գործընթաց է, որն ուղղված է անձանց միջեւ ծագած վեճի արդարացի լուծմանը եւ իրականացվում է հրապարակայնության, օրինականության, կողմերի հավասարության եւ մրցակցության սկզբունքների հիման վրա՝ անկողմնակալ դատավորի կողմից:

Իշխան Բարսեղյանը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր է:

Վերջերս նա քննել է մի գործ, որով «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ի նախկին մասնակիցներից մեկը վիճարկում է իր 6 տոկոս բաժնեմասը դեռեւս 1995թ.-ին ընկերության մեկ այլ մասնակցի օտարելու գործարքը: Վերջինս մահացել է եւ իր բաժնեմասերը անցել են դստերը՝ Ռուզաննա Ավագյանին, որին այժմ պատկանում է ընկերության 46 տոկոս բաժնեմասը։ Ասեմ, որ խոսքը Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի վրա (Օպերայի եւ Կոնսերվատորիայի հարեւանությամբ) գտնվող նորաձեւության սրահի մասին է, որի շինությունը գնահատվում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար եւ որի տարածքը հարմար է սրճարան, օրինակ՝ «Ջազվե» բացելու համար:

Եվ, ուրեմն, այս գործով ստացել ենք 46 տոկոսից 6 տոկոս բաժնեմասի վիճարկման հայցադիմում: Որեւէ այլ պահանջի մասին փաստաթուղթ (հայցադիմում, դիմում, միջնորդություն) դատարանից կամ որեւէ այլ անձից չենք ստացել, չենք ստացել նաեւ դատարանի որոշում այլ պահանջ եւս վարույթ ընդունելու եւ քննելու մասին, ստացել ենք գործը դատաքննության նշանակելու մասին որոշում, որում հստակ նշված է պահանջը՝ քաղաքացիական գործը «Միքայել» ԼՏԸ-ում, այնուհետեւ «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ում 6 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին նշանակել դատաքննություն: Այդ ծավալով էլ քննվել է գործը:

Դատավոր Ի. Բարսեղյանը, սակայն, հետեւյալ վճիռն է կայացրել. հայցը բավարարել։ «Անվավեր ճանաչել 17.11.1995թ. …(հայցվորի անունը բաց է թողնվում- Կ. Մ.) կողմից «Միքայել» ԼՏԸ-ում ունեցած 6 տոկոս բաժնեմասից հօգուտ Միխայիլ Ավագյանի հրաժարվելու մասին հայտարարության հիման վրա կատարված գործարքը, Միխայիլ Ավագյանի ու Ռուզաննա Ավագյանի միջեւ կնքված «Միքայել» ԼՏԸ-ի 1 տոկոս բաժնեմասի օտարման գործարքը, 01.12.

2009թ. Միխայիլ Ավագյանի եւ Ռուզաննա Ավագյանի միջեւ կնքված «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ում ունեցած 45 տոկոս բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը եւ, կիրառելով գործարքի անվավերության հետեւանքները, «Միքայել» ԼՏԸ-ում, այնուհետեւ «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ում Ռուզաննա Ավագյանի անվամբ բոլոր բաժնեմասերի վերաբերյալ կատարված պետական գրանցումները»։

Նման պահանջներ ընդհանրապես չենք ստացել, նման պահանջներ վարույթ ընդունելու եւ քննելու մասին դատարանի որոշում չենք ստացել եւ չկան, այլ՝ հակառակը, դատարանն իր որոշման մեջ նշել է, թե ինչ պահանջով գործ է քննում, բայց արի ու տես, որ դատավոր Ի. Բարսեղյանը ՀՀ-ի անունից նման վճիռ կայացրեց, անվավեր ճանաչելով այն ամենը, ինչ պատկանում էր Ռուզաննա Ավագյանին, իսկ դրա գումարային արտահայտությունը համարժեք է մոտ 1 միլիոն դոլարանոց շինության 46 տոկոսին:

Ասում են, որ այս վճռից հետո արդարադատության հովանավոր Թեմիս աստվածուհին իրեն բռնաբարված է զգում, այն էլ՝ հրապարակայնորեն, իր տեղը չի գտնում եւ իրեն բռնաբարողի «զոհաբերությունն» է պահանջում:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան

Հ. Գ. Այստեղ բարձրացված հարցը շատ ավելի խոր արմատներ ունի, որը վերաբերում է Հայաստանում նոր թափ ու երիտասարդական ավյուն ստացած ռեյդերության առկայությանը, երբ մարդկանցից խլվում են նրանց բիզնեսները, գույքերը: Ռեյդերությամբ զբաղվում են պետական ամենաբարձր մակարդակի հովանավորությամբ օժտված, փաստացի անձեռնմխելի անձինք, այնպիսի անձինք, որոնք կարող են արդարադատություն իրականացնելուն կոչված դատավորին ստիպել ՀՀ-ի անունից այնպիսի վճիռ կայացնել, որը համարժեք է արդարադատությունը բռնաբարելուն: Պատահական չէ, որ օրերս «Թրանսփերենսի Ինթրնեյշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ի հրապարակած կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքների համաձայն, Հայաստանը 2, 6 միավորով 183 երկրների մեջ ընդամենը 129-րդ տեղում է, Մոզամբիկից ավելի հետ եւ կոռուպցիան մեզ մոտ համակարգային բնույթ է կրում: Դե իսկ կառավարության պատվերով անցկացված սոց. հարցումների համաձայն էլ՝ կոռուպցիայի առաջամարտիկները դատարաններն են:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031