Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանի կենդանիները՝ երկրաշարժերը կանխատեսելու միջոց

Դեկտեմբեր 08,2011 12:52

Երկրաֆիզիկայի մասնագետը գտնում է, որ պետք է սեյսմավտանգ բնակավայրերի կենդանիների անհանգիստ շարժումներին ու պահվածքին մեծ ուշադրություն դարձնել:

«Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց, որ տիպային շենքերի փլուզման պատճառներից մեկը պայմանավորված էր նախագծային սխալներով: Միայն խոշորապանել շենքերի կոնստրուկտիվ համակարգերն էին բավականին հուսալի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Վլադիմիր Բալասանյանը: Պարոն Բալասանյանի տվյալներով, միայն 20-րդ դարի վերջին քառորդում տեղի են ունեցել 10-ից ավելի ուժեղ երկրաշարժեր, ինչի հետեւանքով մահացել է մոտ 100 հազար մարդ: Երկրաֆիզիկայի մասնագետի համոզմամբ, կոնկրետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող երկրաշարժերի պատճառն այն է, որ մենք գտնվում ենք մի երկրամասում, որտեղ առճակատվում են արաբական սալը եւ մեծ եվրասիական սալը. «Այս սալերի արանքում է գտնվում կոլիզյան կամ ջարդման՝ կոտրման գոտին, որի մի մասն է կազմում Կովկաս տարածաշրջանը: Երկու դեպքում էլ տուժում է կովկասյան շրջանը: Իսկ երկրաշարժերի մեծ մասը՝ 95%-ը, տեղի է ունենում լիթոսֆերային սալերի սահմաններում: Հայաստանը մեկն է այն սակավաթիվ երկրներից, որի տարածքը ամբողջությամբ գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում»: Ինչ վերաբերում է երկրաշարժը կանխատեսելուն, ապա մասնագետն ասաց, որ նման տեխնիկա առայժմ չկա, փոխարենը՝ զանազան կենդանիների անսովոր վարքն է հուշում այդ մասին. «1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո մենք հավաքագրել ենք բազմաթիվ եւ բազմազան տեղեկություն, թե ինչպես են աղետի գոտու բնակավայրերի եւ Երեւանի բնակիչները վստահեցրել, որ տան կենդանիները երկրաշարժի նախօրեին, հատկապես երեկոյան ժամերին, խիստ անհանգստացել են, իսկ Սպիտակից ոչ հեռու գյուղերում՝ Գոգարանում, Նալբանդում, Մեծ Պարնիում մկները եւ սողունները՝ օձերը, լքել են տների մառաններն ու նկուղները՝ երկրաշարժից մի քանի օր առաջ: Միգուցե իմաստ ունի ստեղծել, այսպես կոչվող՝ «կենսաբանական դիտորդների» ցանց սեյսմավտանգ գոտիների բնակավայրերի այն բնակիչներից, որոնք ունեն տնային զանազան կենդանիներ»:

Երկրաշարժի գոտում բնակվող քաղաքացիներին պարոն Բալասանյանն առաջարկեց արտակարգ իրավիճակների ժամանակ պարզապես սովորել ճիշտ պահել եւ խուճապի չմատնվել. «Մենք ապրում ենք այն երկրում, որտեղ երկրաշարժեր եղել են, լինում են ու լինելու են, ու եթե ուզում ենք շարունակել ապրել այստեղ, պիտի սովորենք պաշտպանվել դրանցից ու փորձենք մեզ փրկել»:

ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

2-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031