Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանին Շիրակում փայատեր դառնալ չի՞ հաջողվում

Դեկտեմբեր 08,2011 12:45

Ըստ որոշ լուրերի, նախագահի եղբայրը Շիրակի մարզում ձեռքը հարգի օբյեկտներին է գցում

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ծաղկեպսակ դնելով Գյումրիի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մի քանի րոպեից կայծակնային արագությամբ սլացավ դեպի Ամասիա՝ հիվանդանոցի ու մանկապարտեզի վերանորոգված շենքերի ժապավենները կտրելու: Նա նաեւ եղավ Ամասիայի՝ վերջերս կառուցված կարի գործարանում, որի շուրջ էլ սկսվել են ուշագրավ խոսակցություններ պտտվել: Նշենք, որ այդ գործարանը կառուցվել է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության եւ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով: Շիրակի մարզում այս օրերին լուրեր են պտտվում, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, «ուժով» փայատեր է  դարձել այդ գործարանում: Բացի այդ, տեղեկություններ ունենք, որ այստեղ աշխատակիցների աշխատավարձերը մինչեւ տալիս են, մարդկանց քթից են բերում:

Երեկ միջոցառմանը ներկա սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին, որը այդ գործարանի սեփականատերն է, մեզ հետ զրույցում ասաց. «Այդ լուրերը, որ տարածում են, ոչ ժողովուրդի, ոչ պետության օգուտին չեն, ես ադ մարդուն ալ չեմ տեսել, ադ մարդուն  հետ ժողով չեմ ունեցել, հարցազրույց էլ չեմ ունեցել: Ես միայն ձեզ կարամ ասեմ եւ փաստեմ, որ իմ սոցվճարներն ու ուղարկած աշխատավարձերը բոլորն օրենքով եւ բանկի միջոցով է՝ կանխիկ փող չկա մեր սիստեմայի մեջ՝ գերմանական սիստեմն է՝ ես բաց եմ, կարամ ձեզ բաց հաշիվով ցույց տամ, որ ըսենց բան չկա»: Նա նաեւ տեղեկացրեց, որ իր մոտ  աշխատանքի ընդունվելիս սկզբում վճարում են նվազագույն  աշխատավարձի չափով, այնուհետ վճարումը դառնում է  գործարքային: «Ինչքան շատ արտադրեն, այնքան շատ էլ կստանան, մենք այսօր ունենք մարդ, որ 120 000 դրամ է  ստանում,  ունենք մարդ, որը 30 000 է ստանում, եթե դրա միջինը վերցնենք՝ մոտավորապես՝ 45000-50000 կլինի»: Իսկ Սաշիկ Սարգսյանի փայատեր դառնալու հետ կապված սփյուռքահայն ասաց, որ ոչ լսել է, ոչ էլ նման բան կա, միակ փայատերն ինքն է: Ի դեպ, նշենք, որ սա Շիրակում Սաշիկ Սարգսյանի փայատիրական հակումների մասին պտտվող միակ խոսակցությունը չէ. Գյումրիի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների  ներկայացմամբ, նա «կպած» ուզել է փայատեր դառնալ նաեւ Մարալիկ-Երեւան ճանապարհին գտնվող «Ռուբլյովկա» ռեստորանում, որը դղյակ է հիշեցնում, սակայն դարձյալ չի հաջողվել, քանի որ սեփականատերը՝ ծնունդով մարալիկցի Երջանիկ Սարգսյանը, աշխատելով Ռուսաստանում ու լավ հարաբերությունների մեջ գտնվելով տեղի ազդեցիկ մարդկանց հետ՝ կարողացել է  ռուսական էստրադայի կարկառուն ներկայացուցիչ Կոբզոնի միջոցով դադարեցնել Սաշիկ Սարգսյանի հակումները: Մարալիկցիների խոսքերով, Երջանիկ Սարգսյանն այդ ռեստորանը ձեռք է բերել իր արդար քրտինքով, 1990 թվականներից դռնեդուռ ընկնելով, Լեհաստաններում ու Մոսկվաներում գիշերուզօր աշխատելով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031