Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է բարձրացրել

Դեկտեմբեր 08,2011 12:37

 Քվեարկությունը կլինի այսօր

Երեկ ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգի 105.1 հոդվածի ընձեռած հնարավորությունից, հրատապ կարգով հանդես է եկել ՀՀ կառավարության պատասխանատվության վերաբերյալ հարցապնդմամբ: Խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մի շարք փաստարկներ է բերել, այդ թվում՝ երկրում առկա արտագաղթ, արտաքին պարտքի ավելացում, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում եւ այլն, ու հայտարարել, թե կառավարությունը ձախողել է 2008-2012 թվականներին խորհրդարանում հաստատված իր ծրագիրը, չի ապահովել այնտեղ ամրագրված թիրախային ցուցանիշները, որ վարկային ռեսուրսներն իրենց նպատակին չեն ծառայել, իսկ կառավարությունը շեղվել է կոալիցիոն հուշագրով ամրագրված գերակայություններից։ Նա մատնանշել է երկրում ստեղծված ոչ միայն անմխիթար սոցիալ-տնտեսական, այլեւ հոգեբանական մթնոլորտը, որի պայմաններում աճում են հոգեկան խանգարումների եւ ինքնասպանությունների ու դրա փորձերի դեպքերը:

Խմբակցությունն առաջարկել է որոշում ընդունել եւ ՀՀ նախագահին առաջարկել՝ քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Հարցապնդմանը, որին ֆինանսների նախարարությունն իր պատասխանը խորհրդարանին ներկայացրել էր դրա քննարկումից ընդամենը 20 րոպե առաջ, պատասխանեց հենց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ այդմ, կառավարության դիրքորոշումն այս էր՝ ինքը մշտապես հետամուտ է եղել ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում եւ կոալիցիոն հուշագրում ամրագրված գերակա խնդիրների լուծմանը, բայց ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաեւ կառավարության նախատեսած ծրագրերի իրականացման ընդամենը տեմպերի, բայց ոչ՝ ուղղությունների վրա, որոնք, նրա ասելով, չեն վերանայվել:

Անդրադառնալով արտաքին պարտքին՝ նախարարը վստահեցրել է, թե պարտքը թեեւ ավելացել է, բայց վարկերը ժամանակին վերցվել են արտոնյալ պայմաններով։

Այսուհանդերձ, կառավարության ներկայացուցչի արդարացումները ՀՅԴ խմբակցությանը համոզիչ չեն թվացել, ու Արմեն Ռուստամյանը խորհրդարանում իր գործընկերներին, այդ թվում՝ իշխանական պատգամավորներին, կոչ է արել ստորագրել խմբակցության կողմից ներկայացվող որոշման նախագիծը, որը հնարավորություն է տալու դիմել Սահմանադրական դատարան եւ առաջարկել հանրապետության նախագահին՝ քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը. «Մենք գործ ունենք կառավարության կողմից սահմանադրական պահանջները չկատարելու կամ անտեսելու հետ: Կառավարությունը պարտավոր էր իրականացնել այդ ծրագիրը, եթե ոչ՝ ուրեմն պետք է վայր դնի իր լիազորությունները»,- հայտարարել է Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունը չի նախատեսում կառավարության ծրագիրը չկատարելու եւ փոփոխության ենթարկելու տարբերակ: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե կառավարությունը իր սահմանադրական պարտավորությունները չի իրականացրել նաեւ ԱԺ օժանդակությամբ: Բայց որպեսզի ՀՅԴ այս նախաձեռնությունը կյանքի կոչվի՝ անհրաժեշտ է, որ 27 պատգամավոր համաձայնի ստորագրել խմբակցության այդ նախաձեռնության տակ:

Պատգամավորները երեկ հարցը քննարկել են, որոշում ընդունել այն դնելու քվեարկության, որը տեղի կունենա այսօր:

Երեկ, ի պատասխան «Երկիր մեդիայի» հարցին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի բացառել, որ խմբակցությունը կմիանա ՍԴ-ին դիմելու ՀՅԴ նախաձեռնությանը եւ դրան կողմ կքվեարկի: «Կարելի է այդ 27 ստորագրությունը հավաքել, եւ թող այդ բարձր ատյանը՝ Սահմանադրական դատարանն ասի, որ խմբակցությունը սխալվում է»,- ասել է Վարդան Բոստանջյանը՝ չմոռանալով հիշեցնել, որ սովորաբար կոալիցիոն սկզբունքներից ելնելով՝ որոշ դեպքերում քվեարկում են այնպես, ինչպես պետք է քվեարկեն, բայց այս դեպքում կարելի է նաեւ բացառություն անել։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, թե իրենք անպայմանորեն կքննարկեն այդ հարցն ու որոշում կընդունեն:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ԱԺ-ում ներկայացված է 16 պատգամավորով, «Ժառանգություն»-ը՝ 7, այն էլ, եթե խմբակցությունը որոշի «կողմ» քվեարկել հիշյալ նախաձեռնությանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031