Համոզված է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը
– ՀԱԿ-ի ակտիվությունը վերջին շրջանում կարծես պակասել է, ի՞նչն է պատճառը, մանավանդ՝ առջեւում նախընտրական տարի է, եւ արդեն մայիսին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ. տրամաբանորեն այժմ, որպես ընդդիմություն, շատ ավելի ակտիվ պետք է լինեիք, քան երբեւէ:
– Բազմիցս ենք ասել, որ ընդդիմության ակտիվությունը պայմանավորված չէ միայն հանրահավաքներով, նաեւ հստակ ասվեց նախորդ հանրահավաքում, որ արդեն փետրվարից ՀԱԿ-ը առավել ակտիվ գործունեություն կիրականացնի:
– Ինչպե՞ս կդրսեւորվի այդ առավել ակտիվ գործունեությունը:
Կարդացեք նաև
– Բնականաբար, կլինեն նաեւ հանրահավաքներ, եւ կարծում եմ՝ բազմամարդ հանրահավաքներ:
– ՀԱԿ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած անձնական կարծիքը կամ, այսպես կոչված, քաղաքագիտական վերլուծությունը բավականին հարցեր առաջացրեց, եւ, մեր տեղեկություններով, տարաձայնությունները սրվեցին հենց Հայ ազգային կոնգրեսի ներսում: Ըստ լուրերի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության դեմ խոսել եք Դուք, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց հնչեցրած կարծիքին:
– Լուրջ տարաձայնություններ ես չեմ տեսնում: Համագործակցության մասին հարցը կարելի է քննարկել միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից եւ դառնա ընդդիմություն: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ավելորդ են խոսակցություններն այդ հարցի շուրջ: Ավելացնեմ նաեւ, որ ընդդիմությունը չպետք է իր հույսը դնի ներիշխանական տարաձայնությունների վրա, որոնք այսօր կան, վաղը կարող են եւ չլինել, այլ պետք է ապավինի մեր հասարակությանը, սթափ վերլուծի իրավիճակը եւ փորձի գործել առավելագույնս արդյունավետ:
– Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ում արդեն սկսվել են կռիվները խորհրդարանական համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար, ՀԱԿ-ում շատերն են ուզում լինել առաջին տեղերում, մինչդեռ տեղերը սահմանափակ են, եւ հարցը գնալով ավելի ու ավելի է սրվում:
– Ցուցակի հետ կապված որեւէ քննարկում չի եղել, իհարկե, առանձին կուսակցություններում էլ ցուցակը կազմելիս առաջանում են որոշակի խնդիրներ, լինում են դժգոհություններ, բնականաբար՝ այդքան էլ հեշտ գործ չէ կազմել ցուցակ, երբ խոսքը բազմաթիվ կուսակցություններից կազմված միավորման մասին է: Բայց սա չի նշանակում, թե լուծելի խնդիր չէ, այդ խնդիրը կլուծվի:
– Արդեն պա՞րզ է, թե ՀԱԿ ցուցակը ով է գլխավորելու:
– Ես արդեն ասացի, այդ հարցի մասին քննարկումներ դեռ չեն եղել, ավելին ասել այս պահին ես պարզապես չեմ կարող:
– Տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել լուսաբանելու ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը եւ ցավալի մի բան եմ նկատել. արդեն տարիներ շարունակ ընդդիմադիր ուժերը նոր բան չեն կարողանում հորինել, եւ գրեթե բառացիորեն կրկնվում են տարբեր տարիների հնչեցրած նույն հայտարարությունները, այսինքն՝ խոսվում է արտահերթի մասին, որոնք այդպես էլ չեն իրականանում, հրաժարականների մասին, որ չեն լինում եւ այլնի մասին, որը եւս չի լինում: Ինչո՞ւ է այդպես:
– Գիտեք ինչ, պահանջները կրկնվում են, որովհետեւ վիճակը երկրում չի փոխվում: Սկսենք արտահերթ ընտրությունների պահանջից: Տարօրինակ կլիներ, եթե ընդդիմությունը չպահանջեր արտահերթ ընտրություններ՝ այն դեպքում, երբ նորմալ ընտրություններ չեն անցկացվում: Եվ, առհասարակ, արտահերթ ընտրությունների պահանջում որեւէ սարսափելի բան չկա, տեսնում ենք՝ շատ ժողովրդավարական երկրներում անհրաժեշտության դեպքում անց են կացվում արտահերթ ընտրություններ: Եվ այդ ընտրությունների միջոցով հաղթահարվում են ճգնաժամեր, մեզ մոտ՝ հակառակը, ընտրությունները լարվածություն են առաջացնում: Բայց ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը նշում է, որ ընդդիմադիր թեկնածուները չեն ընդունում արդյունքները, այլ այն պարզ պատճառով, որ ընտրությունները կեղծվում են: Այսինքն՝ ստացվում է, որ լիակատար երջանկության համար այս իշխանությանը պետք է, որ հիմնական ընդդիմադիր ուժերը հաշտվեն ընտրությունների ժամանակ տեղի ունեցած այլանդակությունների հետ, եւ ամեն ինչ նորմալ կլինի: Այդպես էլ չհասկացան, որ, բարեբախտաբար, հասարակությունը չի ընդունում եւ չի էլ ընդունելու այդ կեղծիքները, բռնությունները, այլանդակությունները: Այնպես որ, ամփոփելով՝ ասեմ. արդար ընտրություններ անցկացնելու հարցը շարունակում է մնալ առաջնահերթ, եւ այս հարցը պետք է լուծվի, եթե մենք մտածում ենք երկրի զարգացման մասին: Երկրորդը՝ եթե այս ինքնագոհ իշխանությունը ասում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար նախադրյալներ չկան, դա չի նշանակում, որ իրականում չկան: Իսկ ի՞նչ է այն, որ այս 4 տարիների ընթացքում աղքատների թիվը երկրում 270 հազարով ավելացել է, այն, որ տնտեսությունը կաթվածահար վիճակում է, այն, որ սոցիալական այս բեւեռացումը վաղուց արդեն հասել է վտանգավոր սահմանի, այն, որ արտագաղթը այսքան մեծացել է, ի՞նչ է՝ բավարար պատճառներ չե՞ն: Մենք ամենեւին չենք թերագնահատում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, իսկապես դժվար ժամանակներ են, բայց ակնհայտ է, որ այս վիճակն առաջին հերթին հետեւանք է ապաշնորհ կառավարման: Եվ ինչքան շուտ ձեւավորվի օրինական իշխանություն, այնքան երկիրը կշահի: Իսկ եթե տեղի չունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ապա, բնականաբար, ընդդիմությունը պետք է ձգտի մասնակցել եւ հաղթել հերթական ընտրություններում, որովհետեւ ընդդիմությունը պետք է մասնակցի քաղաքական գործընթացներին:
– Իսկ որքա՞ն պատգամավորական տեղեր եք ակնկալում ստանալ խորհրդարանում:
– Բնականաբար, մասնակցելու ենք՝ հաղթելու, մեծամասնություն ստանալու նպատակով: Մեզ համար ամենակարեւոր հարցը եղել եւ մնում է սահմանադրական կարգի հաստատումը:
– Իշխանությունները պնդում են, որ ձգտելու են ազատ, արդար եւ նորմալ ընտրություններ անցկացնել, ուրեմն ինչո՞ւ չհավատալ այս խոստումներին:
– Ինչ-որ չեմ հիշում, որ նախորդ կեղծված ընտրություններից առաջ իշխանությունները հայտարարեին, որ կեղծելու են ընտրությունները:
Այդ հավաստիացումները կարելի կլիներ լուրջ ընդունել, եթե համարժեք գնահատականներ տրվեին նախորդ կեղծված ընտրություններին եւ պատժվեին կեղծիքների կազմակերպիչները: Գաղտնիք չէ, որ կեղծիքները միշտ էլ կրել են համակարգային-կազմակերպված բնույթ:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ