Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը հանդիպել է իր ՀՀԿ-ական ընկերներին

Դեկտեմբեր 08,2011 12:32

Նախկին քաղբանտարկյալը դրական է գնահատում ՀՀ առաջին նախագահի՝ ԲՀԿ-ի վերաբերյալ բարձրաձայնած կարծիքը:

– Նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքը բարձրաձայնեց Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր համագործակցության մասին. Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

– Եթե ղեկավարն ասել է՝ ո՞նց չեմ կիսում: Համ էլ, ինչ-որ տեղ, ինքը վերջակետ դրեց ամեն ինչին՝ էդ բոլոր ասեկոսեներին, միանալ-չմիանալուն, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ խնդիրներ ունի, հետագայում ինչ-որ հարցեր կլինեն եւ այլն: Մարդը բան է առաջ քաշել, որին պիտի պատասխանվի:

– Եթե ԲՀԿ-ն ընդառաջ քայլ անի, Դուք դեմ չե՞ք լինի, որ ՀԱԿ-ը համագործակցի ԲՀԿ-ի հետ:

– Ես չեմ կարծում, որ ընդառաջ քայլ կարվի:

– Այդ դեպքում ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց իր կարծիքը:

– Տեր-Պետրոսյանը նման հայտարարություն արեց, որ հանրապետությունում նորմալ քաղաքական մթնոլորտ ձեւավորվի:

– Իսկ եթե այնպիսի քաղաքական մթնոլորտ ստեղծվի, որ անհրաժեշտություն առաջանա, որպեսզի ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ էլ համագործակցի, դրան ինչպե՞ս կվերաբերվեք:

– Եթե իմ երկրի, իմ պետության, իմ պետականության համար օգուտ է, ես կողմ եմ: Ես էն ժամանակ էլ եմ ասել՝ սատանայի հետ էլ կգնամ համագործակցության, միայն էս երկիրը կարգավորվի:

– 2008-ին Դուք հրապարակային հայտարարությամբ հանդես եկաք եւ կանգնեցիք առաջին նախագահի կողքին, այնուհետեւ, մարտիմեկյան իրադարձություններից հետո, երկար ժամանակ բանտում անցկացրիք, արդեն մի քանի ամիս է՝ ազատության մեջ եք. այս ընթացքում առիթներ եղե՞լ են Հանրապետական կուսակցության Ձեր ընկերներին հանդիպելու, փորձե՞լ եք նրանց հետ խոսել, պարզաբանումներ ստանալ, հասկանալ, թե ինչու Ձեզ հետ այդպես վարվեցին:

– Դա իմ ներքին խնդիրն է, ես կարգավորում եմ:

– Այսինքն՝ հանդիպումներ եղե՞լ են:

– Ո՞նց կարող է չլինեին: Ոչ թե ես գնացել եմ, հանդիպել եմ, այլ ընթացքում տարբեր առիթներ եղել են, տարբեր տեղերում հանդիպել ենք, զրուցել ենք:

– Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում եղե՞լ է:

– Դեռ չենք պատահել, բայց կպատահենք:

– Իսկ արդեն որոշե՞լ եք, եթե տեսնեք՝ ի՞նչ եք ասելու:

– Ի՞նչ պիտի ասեմ:

– Դե, ժամանակին Սերժ Սարգսյանի հետ Դուք մտերիմ էիք…

– Մենք հիմա էլ ենք մտերիմ, մի վախեցի: Ես բազմիցս ասել եմ՝ Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է, մնում է իմ մարտական ընկերը: Դա ուրիշ կատեգորիա է, ուրիշ դաշտ է, ուրիշ հասկացողություն է: Նա մնալու է իմ մարտական ընկերը՝ ինչ հարաբերություններ էլ լինեն: Ես կարա՞մ Սերժ Սարգսյանին փոխեմ, որ իմ մարտական ընկերն է: Մարտական ընկերն ավելի վեհ հասկացողություն է, քան ինչ-որ քաղաքական ինտրիգները:

– Բայց Դուք հիմա ՀԱԿ-ում եք, ՀԱԿ-ն էլ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը:

– Կամ էս երկիրը պիտի կարգավորվի, կամ էլ էս իշխանությունը պիտի հրաժարական տա: Էս ժողովուրդը չպիտի կոտորվի որոշ անհատների կամ ինչ-որ անձերի համար:

– Ու կապ չունի՞, որ այս իշխանավորները Ձեր ընկերներն են:

– Իմ ընկերներն իմ ժողովուրդն ու իմ պետությունն են: Ամենահարազատ ու մոտիկ ընկերներս:

– Իսկ չե՞ք փորձել իրար գլխի հավաքել Ձեր մարտական ընկերներին, ովքեր այսօր բարիկադների տարբեր կողմերում են, եւ փորձել համաձայնության բերել նրանց, համատեղ ուժերով երկիրն այս իրավիճակից դուրս բերել:

– Նրանք մենակ կարող են պատերազմի ժամանակ հավաքվել: Ամեն մեկը մի դաշտում է, ես չեմ էլ փորձել, իմաստ չունի: Առաջներում եղել է, արդյունք չի տվել:

– Իսկ առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք եւ ի՞նչ կարգով:

– Ես դեռ չեմ որոշել՝ կմասնակցեմ, թե ոչ: Ես իմ անելիքը գիտեմ, ժամանակի ընթացքում կանեմ:

– Մեկշաբաթյա նստացույցից ու շուրջօրյա հանրահավաքներից հետո ՀԱԿ-ը ավելի պասիվ կեցվածք որդեգրեց, հիմա էլ, մինչեւ փետրվար, թերեւս, ակտիվ պայքար չի լինի: Դա ձեզ գոհացնո՞ւմ է:

– Ես կողմնակից եմ խաղաղ ձեւով, բանակցությունների կարգով այս երկրի կարգավորմանը: Մեր հիմնական հարստությունը մեր ժողովրդավարությունն է, դրա համար էլ մենք պիտի գիտակցենք ու գնանք նորմալ ընտրությունների: ՀԱԿ-ն էլ դա է ուզում, ու ԲՀԿ-ին վերաբերող հայտարարություններն էլ դրա համար են: Մեր առաջնորդի ցանկությունն էդ է, որ երկիրը կարգավորվի: Իսկ եթե ուրիշ ձեւով ցանկանային գալ իշխանության՝ կգային:

– Դուք հավատո՞ւմ եք իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ մտադիր են ազատ, արդար ընտրություններ կազմակերպել:

– Ոչ: Իմիտացիոն բաներ են՝ ժամանակ շահելու համար: Էս իշխանությունը չի կարող արդար ընտրություն անել: Իշխանական դաշտում էն մարդիկ չեն հավաքված, որ կարողանան նորմալ ընտրություն անել: Արդար մարդիկ չեն էնտեղ հավաքված, իրենք ամեն անարդար ճանապարհով պիտի գնան ընտրության:

– Առաջիկայում ընտրություններ են լինելու, իշխանությունն իրականում չի ցանկանում նորմալ ընտրություն կազմակերպել ու չեն էլ ուզում թողնել հեռանալ. ինչպե՞ս վարվել:

– Եթե ժողովուրդը գիտակցի ու իր ձայնին տեր կանգնի, հավաքվեն հրապարակում, ըմբոստանան՝ նորմալ ընտրություններ կկայանան: Իսկ եթե հուսահատված ձեւով մոտենանք ամեն ինչին կամ ամեն ինչ թողնենք որոշ մարդկանց վրա, բնականաբար՝ ավելի վատ կլինի մեր երկրի վիճակը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031