Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքեր չեն հիանում՝ թշնամի են

Դեկտեմբեր 08,2011 12:28

Բնականաբար, այն, ինչ անում է ՀԱԿ-ը՝ բոլոր դեպքերում հանճարեղ է եւ անկրկնելի: Պահանջում են արտահերթ ընտրություններ՝ ճիշտ են անում, որովհետեւ ավազակապետական ռեժիմը օր առաջ պետք է կազմաքանդվի՝ հո չե՞նք համբերի մի քանի ամիս: Համաձայն են հերթական ընտրությունների՝ դարձյալ հոյակապ է, որովհետեւ այդ ընտրությունները կբերեն Սերժ Սարգսյանի իմփիչմենթի: Փնովում են «Բարգավաճ Հայաստանը»՝ իհարկե, իրավացի են, ի՞նչ լավ բան կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի հենարանը հանդիսացող կուսակցության մեջ: Սիրաշահում են ԲՀԿ-ին՝ շատ նուրբ մարտավարական քայլ է, բա ի՞նչ եք ուզում, realpolitic է, անգամ սատանայի հետ կարելի է համագործակցել՝ սահմանադրական կարգը հաստատելու համար: Ասվում է, որ Օբաման իդեալիստ է՝ բառիս լավագույն իմաստով, դա, անշուշտ, համապատասխանում է իրականությանը, որովհետեւ Ամերիկան ժողովրդավարության պատվարն է, ասվում է, որ ամերիկացիները անբարոյական են՝ դա էլ է, իհարկե, ճիշտ. ինչո՞ւ նյութապես եւ բարոյապես չեն աջակցում համաժողովրդական շարժմանը: 2008-ի ընտրություններից առաջ ասվում էր, որ բոլոր օլիգարխները կբոմժանան. նրանք, ճիշտ է, չբոմժացան, բայց ոչինչ՝ 2013-ից հետո կբոմժանան: Երկխոսում են իշխանության հետ՝ շատ լավ է. չէ՞ որ երկխոսության միջոցով Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Դադարեցնում են երկխոսությունը. կրկին հրաշալի է՝ ավազակապետերի հետ ի՞նչ երկխոսություն:

Մի խոսքով, ինչ էլ անի ՀԱԿ-ը՝ քաղաքական եւ ստրատեգիական մտքի փայլատակում է, եւ բացի հիացմունքից, կիսաուշաթափվող հայացքներից եւ «օ-օ-օ՜» բացականչությունից՝ ոչ մի այլ ռեակցիա նորմալ մարդու մոտ չի կարող լինել: Ճիշտ է, կան որոշ չարամիտ թերթեր, մեկնաբաններ կամ քաղաքական գործիչներ, որոնք երբեմն ինչ-որ կասկածներ են հայտնում կամ իրենց տարածքում զետեղում են կասկածողների տեսակետները: Բայց ոչ ոք իրականում չի կասկածում, պարզապես այդպիսիները կատարում են ավազակապետության պատվերը, ծախվել են հանցավոր ռեժիմին: Մի խոսքով, ոտքի կանգնած եւ բռունցքված ամբողջ հայ ժողովրդի թշնամիներ են:

Որքան մոտենալու են ընտրությունները, այնքան այս պարանոյիկ մոտեցումները հիմնական խաղացողների մոտ սրվելու են: Առայժմ դա դրսեւորվում է ոչ բոլորի մոտ: Ես, օրինակ, հաճախ գրել եմ եւ հիմա էլ պնդում եմ, որ Հանրապետական կուսակցությունը իրականում ոչ մի կուսակցություն էլ չի՝ դա պաշտոնյաների եւ պետական նոմենկլատուրայի հավաքածու է՝ իշխանափոխություններից հետո Հանրապետականի «հզորությունից» ոչ մի բան չի մնա: Սակայն ՀՀԿ անդամներից ոչ մեկից չեմ լսել, որ նրանք ինձ անձամբ կամ «Առավոտին» թշնամի համարեն: Ոչ էլ ասել են, թե ես նրանց մասին վատ բաներ եմ գրում ՀԱԿ-ի պատվերով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031