ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր ասել է, որ կիբերանվտանգությանը վերաբերող հարցերը գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա հայտարարել է Հայաստանում կիբերանվտանգության եւ կիբերհանցագործության ընթացիկ իրավիճակի ուսումնասիրությանը նվիրված այսօր կայացած միջոցառման ընթացքում:
Հունան Պողոսյանն ասել է, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքում է հանցագործություններին, որոնք կատարվում են սոցիալական կայքերի միջոցով:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան գոհունակությամբ նշել է այն հանգամանքը, որ կառավարությունը ստեղծել է կիբերհանցագործության դեմ պայքարի պետական հանձնաժողով: ԵԱՀԿ ներկայացուցիչը կարեւորել է նաեւ այս ոլորտում միջազգային համագործակցությունը եւ փորձի փոխանակումը, տեխնիկական հագեցվածությունը եւ ուսուցումը: Կարել Հոֆստրան նկատել է, որ Հայաստանի Եվրոպական ակադեմիայում Նյու-Յորքի Օլբանի համալսարանի հետ համատեղ մշակվել է կիբերհանցավորության դեմ պայքարին վերաբերող ուսումնական ծրագիր: