Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի տեսչության պետը կհյուրընկալվի՞ Գյումրու քաղաքապետի հյուրանոցում

Դեկտեմբեր 08,2011 11:28

 Հանրապետության երկրորդ քաղաքում իր թանկարժեք դռներն է բացել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նոր օբյեկտը՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը: Շինությունը գտնվում է քաղաքի կենտրոնում, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ: Բացումը, ի թիվս այլ միջոցառումների, ուղեկցվել է նաեւ տեսահոլովակով, որը տեղադրված է համացանցում եւ գովազդում է հյուրանոցի արտաքին շքեղությունն ու մանավանդ ներքին ճոխությունը: Վերջինն այնպիսի «մակարդակի» վրա է, որ այցելուն նրանում նույնիսկ կարող է «կրքի հպարտություն» զգալ:

Իսկ հյուրանոցի կիսաներքնահարկում գտնվող ռեստորանում տրված ճաշը այցելու հյուրերը կվայելեն «ժամեր եւ կհիշեն տարիներ»։ Վերջին հանգամանքին գյումրեցիներն, ի դեպ, չեն էլ կասկածում՝ նկատի ունենալով սահմանված գներր։ Բայց այս ու մնացած զգացողություններր թողնենք «հպարտ կրքատերերին». մեզ առավելապես հետաքրքրում է հյուրանոցի անվանումն ու նրա օտարալեզու գրությունը։

 Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Գյումրին Վ. Ղուկասյանի տիրապետության տարիներին ապրել եւ ապրում է ոչ միայն ՀՀ օրենքներով, այլեւ քաղաքապետի քմահաճույքներով, որոնցից մեկն էլ նոր հյուրանոցի անվան լատինատառ փառավոր ներկայացումն է շինության գլխին։ Խախտելով «Գովազդի մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքները՝ Վ. Ղուկասյանը ոչ միայն առաջինը չի ներկայացնում օբյեկտի հայատառ անվանումը, այլեւ ընդհանրապես չի ներկայացնում հայերեն որեւէ բառ ու տառ նշված ցուցանակի վրա։

ALEXANDRAPOL Hotel Palace-ն (կարծես սահմանակից լատինագիր երկրում ենք) հպարտ մենության մեջ այցելուներին «ձերբազատում» է հայկական ու հայերեն ամեն բանից, որն, ըստ Ղուկասյանի, կարող էր զուգորդվել «գավառականի» հետ եւ, Աստված մի արասցե, ի չիք դարձնել մեծահարուստ այցելուների «կրքի հպարտությունը»։ Փոքրիկ հույսը, թե մեսրոպյան տառերը գուցե թառել են հյուրանոցի շքամուտքի գլխին գտնվող շրջանաձեւ ցուցանակի վրա, հօդս է ցնդում, երբ ուշադիր նայելով կարդում ենք նույն լատինատառ անվանումը։

Եվրաինտեգրմանը խիստ նախանձախնդիր Վ. Ղուկասյանը հյուրանոցի ներքնահարկում գտնվող ռեստորանն էլ է փրկել «նվաստ» հայերենից. վերջինս ներկայանում է միմիայն Restaurant գրությամբ։

Ոչ ոք, անշուշտ, չի կասկածում, որ ազգասեր ու աստվածավախ քաղաքապեւոի նոր օբյեկտը շուտով կհյուրընկալի բազմաթիվ մարդկանց, այնտեղ կիջեւանեն նաեւ մայրաքաղաքային մեծահարուստներն ու հայ պաշտոնյաները։ Դրանց թվում, հուսանք, երբեւէ կլինի նաեւ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։

 

 «Երկիր»

Լուսանկարները՝ «ՀԺ»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031